ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ԶԼՄ-ների վերաբերմունքը բնորոշելու համար եթե նույնիսկ կոռեկտ չէ, ապա խիստ տեղին է օգտագործել մեր ժողովրդական հայտնի արտահայտությունը` թերթերը, հեռուստատեսությունը պարզապես «շան լափ» թափեցին վրացիների գլխին: ԽՍՀՄ-ի քայքայումից հետո այստեղ ոչ մի երկիր չէր արժանացել արգահատանքի այնքան, որքան մեր հարեւան պետությունը: Ինչ մարդկային ու անմարդկային մեղքերի մեջ չմեղադրվեցին նրա ղեկավարները` մոլագար ռուսատյաց են, լկտի, սկանդալային, քրեահակ, կարճամիտ, ստորաքարշ, թեթեւսոլիկ եւ այլն, եւ այլն: Նույնիսկ Պուտինին ընդդիմադիր ուժերը գրեթե միահամուռ պաշտպանեցին պատժամիջոցները: Կոմունիստների լիդեր Գենադի Զյուգանովը վաղուց այդքան եթերային ժամանակ չէր ստացել` չէր իջնում հեռուստաէկրանից:
Ո՞վ շահեց առաջին հերթին այս աղմուկից: Երկու երկրների ղեկավարները. Սաակաշվիլին դրա շնորհիվ հաղթեց տեղական ընտրություններում, իսկ Պուտինի վարկանիշը բարձրացավ այն աստիճան, որ նույնիսկ արվեստի մարդիկ, որոնք մինչ այդ լռում էին նախագահական երրորդ ժամկետի կապակցությամբ, իրենց հոգու պարտքը համարեցին միանալ թախանձագին խնդրագրերի հեղինակներին: Ի դեպ, կրկին հավաստվեց այն փաստը, որ ռուսները կարոտ են ուժեղ ձեռքի:
Ռուս-վրացական հակամարտության ներկա փուլը, սակայն, ավելի շատ նշանավորվեց նրանով, որ եթե մինչ այդ Ռուսաստանում վերծանվում էին խնդրի քաղաքական կողմերը (վրացական նավը լողում է դեպի Արեւմուտք, ամերիկացիները ուզում են զորք մտցնել Վրաստան եւ Անդրկովկասը կտրել Ռուսաստանից եւ այլն), ապա բոլորովին անսպասելիորեն, վրացիների շնորհիվ, պարզվեց, որ Ռուսաստանում անօրինականությունը դարձել է կյանքի նորմա: Երբ Պուտինը հայտարարեց, որ իրենց տեսադաշտում հայտնվել են քրեածին եկամուտներով օբյեկտներ (մասնավորապես` խաղատներ), շատերը հառաչեցին` իսկ մինչ այդ ո՞ւր էին դրանք, նո՞ր գլխի ընկաք: Եվ սկսելով պայքարը վրացի օրենքով գողերի կողմից վերահսկվող խաղաբիզնեսից, ռեստորաններից, հյուրանոցներից, առեւտրակենտրոններից, Ռուսաստանի ղեկավարությունը խնդիրը շեշտակիորեն ընդլայնեց եւ հանգեց համառուսաստանյան հետեւությունների: Ի հայտ դարձավ, որ ի վնաս ռուս գյուղացու հսկայական անօրինականություններ են կատարվում երկրի շուկաներում, որ զույգ ոտքով կաղում է ներգաղթի քաղաքականությունը, որ իրավապահ մարմինները խրված են ահավոր կոռուպցիայի մեջ եւ հաճախ պարզապես համագործակցում են հանցաշխարհի հետ, որ երկիրը համակել են էթնիկական հանցախմբերը եւ այլն: Վրաց ժողովուրդը երեւի չէր էլ կարող ենթադրել, որ ընդունակ կլինի իր ընդվզումներով բացահայտելու հարեւան հսկա տերության ներքաղաքական բացերը: Ընդսմին բանը հասավ նրան, որ խոշորագույն խաղատների փակումից հետո խտրականության ենթարկվեցին նույնիսկ վրացական ծագումով... դպրոցականները:
Ներկա Ռուսաստանի յուրահատկությունն այն է, որ երկրում քաղաքական-սոցիալական բնույթի տեղաշարժեր նկատվում են միայն այն դեպքում, երբ նախաձեռնություն է հանդես բերում երկրի ղեկավարը: Սակայն, որպես կանոն, նույնիսկ շռնդալից նախաձեռնումները բյուրոկրատ խավի կողմից վերածվում են սոսկ դեկորատիվ ներկայացման` չնչին արդյունքներով: Ամենավառ վկայությունը` Պուտինի հռչակած ազգային ծրագրերի ձախողումը (մատչելի բնակարանն, օրինակ, շարունակում է մնալ որպես երազանք): Եվ ժողովրդի մեջ հսկայական ապատիա է մշակվել քաղաքական վերնախավի գործողությունների արդյունավետության նկատմամբ: Ու հանկարծ` կտրուկ «կենդանի» միջոցներ անբարեհաճ Վրաստանի նկատմամբ, ինչը հանգեցրեց... ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության վերելքին: Այսպես ասած իր երկրի տերը դառնալու նրա ձգտումը ավելի պարզորոշ սկսեց կրել հակակովկասյան բնույթ: Եվ եթե դա այդպես է, ապա տրամաբանորեն այդ «վերելքի» հերթական զոհը պիտի որ դառնան ադրբեջանցիները, որ այստեղ ճանաչված են որպես Ռուսաստանի շուկաների «մանրածախ» շարժիչ ուժը: