«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՆԳՐՎԱՆԵԼՈՒ ՀԱՄՈ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 50 ՏԱՐԻՆԵՐԻ ՎԱՍՏԱԿԸ

Մոտ մեկ տասնյակ բեռնատար կպահանջվի Հայաստանի եւ հայության մասին Համո Պետրոսյանի ստեղծած հավաքածուն տեղավորելու համար

Այս օրերին Հայաստանում է բեռլինաբնակ լրագրող, Հայաստանի եւ միջազգային ժուռնալիստների միության անդամ Համո Պետրոսյանը, ով 50 տարի շարունակ զբաղվել է մեր երկրի պատմության, մշակույթի, քաղաքականության, Հայոց ցեղասպանության, Հայ դատի, աշխարհի նշանավոր հայերի եւ հայության մասին աշխարհում եղած հրապարակումների եւ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրմամբ: Հայերեն, ֆրանսերեն, արաբերեն, գերմաներեն եւ եվրոպական եւս մի քանի լեզուներով նյութեր հավաքելով` Համո Պետրոսյանը ստեղծել է մի բացառիկ հավաքածու, որը Հայաստան տեղափոխելու համար, իր խոսքով, անհրաժեշտ կլինի 12 բեռնատար մեքենա: Հավաքածուն կշռում է մոտ 4,5 տոննա:

1915 թ. Վանից գաղթած ծնողների զավակը ծնվել է Իրաքի Հավրեզք քրդաբնակ գյուղում, սակայն ուսանելու նպատակով հասնելով Գերմանիա` հաստատվել է այնտեղ: Միակ հայն է Յոհան Լեպսիուսի տուն-թանգարանի հիմնադիրների եւ վարչության անդամների կազմում: Հիմնադիրն ու վարչության անդամն է նաեւ Արմին Վեգների կազմակերպության: Մեր հայրենակիցը իր գործունեության համար շքանշանների եւ մեդալների է արժանացել. Իրաքի մշակույթի նախարարից ստացել է արծաթե շքանշան, Վազգեն Առաջին կաթողիկոսից` «Ղեւոնդ Ալիշան շքանշանը», Գարեգին Ա կաթողիկոսից արժանացել է սրբատառ կոնդակի եւ «Ներսես Շնորհալի» շքանշանի, իսկ օրեր առաջ էլ Ազգային գրադարանը նրան պարգեւատրեց «Հակոբ Մեղապարտ» շքանշանով:

Համո Պետրոսյանի հայկական համալսարանը եղել է հայ մամուլը, իսկ 65 թ-ից սկսել է աշխատակցել աշխարհասփյուռ հայ մամուլի մոտ 30 օրգաններում` «Յուսաբեր» (Կահիրե), «Հայաստան», «Յառաջ» (Փարիզ), «Կուլիս», «Մարմարա» (Ստամբուլ), «Ազատ օր» (Աթենք), «Ալիք» (Թեհրան), «Ասպարէզ» (Լոս Անջելես), «Հայաստան», «Գարուն» (Գերմանիա), «Ազդակ» օրաթերթ եւ «Ազդակ» շաբաթաթերթ (Բեյրութ): Յոթը գրական ծածկանուններով բեռլինաբնակ մեր հայրենակիցը հիշյալ թերթերում հանդես է եկել ավելի քան 7 հարյուր հոդվածներով:

«Ես հավաքել եմ այն փաստերը, որոնք հայության համար կարեւոր են` հիմնականում գերմաներենով: Պրպտումներ եմ արել Գերմանիայի պետական եւ համալսարանական 38 արխիվներում: Եղել եմ մոտ 40 երկրների հայ համայնքներում, նկարահանել եմ հայկական համայնքները, գերեզմանները, դպրոցները, ակումբները եւ մամուլի խմբագրատները: Հանդիպել եմ հայ հոգեւորականների, հասարակական գործիչների, մամուլի խմբագրապետների եւ զանազան մտավորական դեմքերի հետ», «Ազգ»-ի հետ զրույցում ներկայացրեց Համո Պետրոսյանը: 50 տարիների պրպտումների եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում Համո Պետրոսյանը հավաքել է Հայաստանին եւ հայությանն առնչվող հազար 6 հարյուր անուն մոտավորապես 6 հազար հատոր գիրք, 110 տարվա (1895-2005 թթ.) գերմանական մամուլից մոտ 12 հազար հոդվածներ, ավելի քան 6 հարյուր հոդվածներ կրկին Հայաստանի մասին, բայց արդեն թուրքական, հունական, անգլիական եւ ֆրանսիական մամուլից:

Հավաքածուում իրենց տեղն են գրավել նաեւ 1960-2005 թթ գերմանական մամուլում թուրքերի եւ քրդերի մասին եղած ավելի քան 3 հազար 5 հարյուր հրապարակումները, ինչպես նաեւ Սփյուռքի հայ գաղութների, մտավորականների, գրողների, Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին եղած 20 հազար հոդվածները: Հայագետի եւ հայրենասերի հավաքածուում առանցքային տեղ ունեն նաեւ հայ մտավորականների, ղեկավարների կենսագրությունները, հարյուրավոր նամակներն ու ձեռագրերը: Փաստական հարուստ նյութն ամբողջացնում են նաեւ ձայներիզները ու լուսանկարները: Համո Պետրոսյանը սակայն մի առանձին հոգածությամբ է խոսում հայության մասին ունեցած ավելի քան 12 հազար գերմանալեզու հոդվածների մասին, որոնք հավաքելու համար նա եղել է քառասուն գրադարաններում: Քիչ չեն նաեւ հայերի օտար բարեկամների մասին հավաքված կենսագրականները, ինչպես նաեւ Հայաստանի մասին թուրքալեզու հոդվածները:

Վերջին 30 տարիներին Համո Պետրոսյանը կազմել է «Հայ դատը գերման մամուլի մեջ» (1895-2005 թթ, գերմաներեն լեզվով), «Գերմանատառ հայ գրքերու ցանկը» (1750-2000 թթ, գերմաներեն), «Եւրոպայի հայ ուսանողութիւնը» (1830-1930 թթ, հայերեն), «Հայ-գերման յարաբերութիւնները» (990-1990 թթ, հայերեն), «Պերլինի հայ գաղութը» (1900-2000 թթ, հայերեն), «Գերմանիոյ հայ գաղութը» (1900-2000 թթ, հայերեն), «Գերմանիոյ հայ մամուլը» (1900-2000 թթ, հայերեն), «Հայ-գերման դէմքերու կեանքն ու գործերը» (1830-2000 թթ, հայերեն) գրքերը:

Իր 50 տարիների այս վաստակը Համո Պետրոսյանը Հայաստանին նվիրելու մեծ ցանկություն ունի` թեեւ շատ օտարազգիներ այն գնելու համար բավական լուրջ գումարներ են առաջարկել: Մեզ հետ զրույցում Համո Պետրոսյանն ասաց, որ ինքը 2 անգամ` 1998 թ. դիմել է Գիտությունների ակադեմիային, սակայն պատշաճ արձագանք չի ստացել: Փոխարենը նա մի սենյակ է խնդրել` թեկուզ ակադեմիայում, մի քանի տարի աշխատելու եւ եղածը դասավորելու համար: Սակայն դա շատ բարդ է եղել ակադեմիայի ղեկավարության համար. նրանք ասել են, թե բնակարանի համար պետք է դիմեն վարչապետին, հանրապետության նախագահին: «Ես ուզում եմ ցեղասպանության գրադարան հիմնել, մենք թանգարան ունենք, բայց գրադարան չունենք», ասաց մեր զրուցակիցը` նշելով, թե իր այդ ցանկության համար շատերն են նեղանում իրենից: Այժմ հայագետը նպատակ ունի հավաքածուն ազգային գրադարանին նվիրելու, կամ առհասարակ այն կառույցին, ով իր հիշյալ պահանջին կընդառաջի: «Ես հավաքածուն կնվիրեմ իմ ազգին, լինի դա ազգային գրադարանը կամ մի այլ բան, միայն թե ինձ մի փոքրիկ սենյակ տան աշխատելու համար», հավելեց պրն Պետրոսյանը: Իսկ մինչ այդ Համո Պետրոսյանը պատրաստվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջոցով, որը նոյեմբերին պետք է այցելի Գերմանիա, Ազգային գրադարանին հանձնել Գերմանիայում հրատարակված «Մեծերը» ոսկեզօծ եզրերով 24 հատորներով հրատարակությունը, որում ներկայացված են վերջին 5 հազար տարիների աշխարհի 6 հարյուր նշանավոր մարդիկ:

«Մեր գրական վաստակը ստեղծագործություն չէ, բայց վստահ եմ, որ ապագայում կնպաստի հայ գրականության, ցեղասպանության եւ սփյուռքահայ պատմության զարգացմանը», եզրափակեց բեռլինաբնակ մեր հայրենակիցը, որի վաստակը, հույս ունենանք, իր արժանի տեղն ու գնահատականը կգտնի մայր հայրենիքում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4