Այս մտավորականներից Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Բասքըն Օրանը եւ «Բիլգի» համալսարանի պրոֆ. Մուրադ Բելգեն 2005 թ. Մեծ եղեռնի 90-րդ տարելիցի առթիվ Երեւանում հրավիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներից էին: Նրանք, ինչպես նաեւ «Մարմարա» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆ Իբրահիմ Քաբօղլուն եւ հայտնի գրող տկն Էլիֆ Շաֆաքն ակտիվորեն մասնակցել են «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում» թեմայով աղմկահարույց գիտաժողովի կազմակերպմանը Ստամբուլի «Բիլգի» համալսարանում:
«Հայոց ցեղասպանության ուրացման» համար պատիժ նախատեսող օրինագծի պատճառով Ֆրանսիայում դատապարտող վերոհիշյալ թուրք մտավորականներին է միացել նաեւ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:
Ինչպես հոկտեմբերի 9-ի համարում նշում է «Ռադիկալ» թերթը, Դինքը դրա առնչությամբ ասել է. «Մի քանի ամիս առաջ, երբ այս օրինագիծն ընդգրկվեց Ֆրանսիայի (Ազգային ժողովի) օրակարգում, մենք հրապարակեցինք համատեղ հայտարարությունՙ պարզաբանելու համար, թե ինչու ենք օրինագծին դեմ: Կարող եմ ասել, որ ներկա պահին կատարյալ տխմարություն է կատարվում: Սակայն տխմարությունը միակողմանի չէ: Ֆրանսիայում մտքի ազատությունը սահմանափակողները նույն մտայնությամբ են առաջնորդվում, ինչ այդ ազատությունը Թուրքիայում սահմանափակողները: Կարծում եմ, դրանում պատասխանատվության իր բաժինն ունի Թուրքիան: Անցյալ տարի Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին հայերը կազմակերպեցին ցեղասպանությանը նվիրված մի շարք համաժողովներ: Իսկ Թուրքիան դրան արձագանքեց եվրոպական տարբեր քաղաքներում կազմակերպած կոշտ հակաքայլերով: Այնուհանդերձ, այսպիսի օրինագծերը ոչ մեկին որեւէ օգուտ չեն բերի: Հայերը պետք է հասկանան, որ իրենց ապագան Հայաստանի ապագան է նաեւ: Իսկ Հայաստանը Թուրքիային սահմանակից է: Եթե որեւէ պետություն ուզում է անվտանգ ապագա կերտել, պարտավոր է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել»:
Վերոհիշյալ մյուս մտավորականները միացել են Հրանտ Դինքին եւ ընդգծել, որ «Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ նախատեսող օրինագիծը ոչ միայն կսահմանափակի «մտքի ազատությունը» Ֆրանսիայում, այլեւ լուրջ վնաս կհասցնի այն թուրք մտավորականների գործունեությանը, որոնք Թուրքիայում հրապարակավ արտահայտվում են ցեղասպանության ճանաչման օգտին:
Հ. Չ.