Էլի փրկեց խորհրդավորության շղարշը
Հերթական անգամ քաղաքական գործիչները խոսում ենՙ առանց անունի ու փաստի: Երեկ հերթը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանինն էր, ով լրատվամիջոցների հետ հանդիպում էր կազմակերպելՙ ասելու, որ գիտե քաղաքական դաշտում գործող այն 8 անձանց անունները, ովքեր արտաքին եւ ներքին գործակալներ են, սակայն անունները կհրապարակի ընտրություններից առաջ: Ի դեպ, գործակալների ցանկում բարձրաստիճան այրեր են, նախարարներ: Մինչ այդ նա պետական համապատասխան մարմիններին ժամանակ է տալիսՙ այդ գործն անելու համար: «Եթե անունները չգիտեն, ուրեմն իրենց տեղում չեն, եթե գիտեն, բայց չեն տպագրում, ուրեմն ազգի դավաճաններ են», համոզված է Արամ Կարապետյանը: Հերթական անգամ խորհրդավորության շղարշով արված հայտարարությունը ստիպում է մտածել, որ այն հիմնավորված չէ: Այլապես ո՞րն է այդպիսի կարեւոր հարցում հապաղելու պատճառը:
Արամ Կարապետյանը հանդիպմանն իր քաղաքական դիրքորոշումները ներկայացրեց նաեւ ռուս-վրացական հարաբերությունների եւ Հայաստանի իշխանությունների գործելակերպի վերաբերյալ: «Մենք մեր ալգորիթմն ունենք: Հայաստանը պետք է Վրաստանի հետ խիստ խոսա, պարզիՙ Վրաստանը մեր գործընկերն է, թե՞ բարեկամը: Հայաստանը ոչ մի կողմնորոշում չունի, միայն խոսակցություններ են», համոզված է քաղաքական գործիչը: Նա նաեւ համոզված է, որ վրացական իշխանությունները Հայաստան-Ռուսաստան տարանցիկ ճանապարհը փակելու ծրագիր ունեն:
«Նոր ժամանակների» ղեկավարը խոստովանեց, որ 10 օր առաջ օդանավակայանում հայհոյել է այն մարդկանց, ովքեր փորձել են իրեն նվաստացնել: Խոսքը հոկտեմբերի 1-ին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին է: Արամ Կարապետյանը աննորմալ է համարում, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մեկնելուց 2-3 ժամ առաջ փակ է եղել օդանավակայանի սպասարկման «VIP» սրահը, ինչի պատճառով ինքը, պատկերացնո՞ւմ եք, սահմանը հատել է մյուս ուղեւորների հետ, որտեղ էլ, Կարապետյանի գնահատմամբ, չափից շատ բծախնդիր են սկսել ստուգել իր իրերը, մասնավորապես ցանկացել են ընթերցել իր պայուսակի մի քանի թղթեր, ինչից էլ վերջինս բարկացել է, թղթերը պատռել եւ նետել: Հետո էլ սպառնացել է. «Սա կտամ, ատամներդ կլցվեն բերանդ»: «Ցինիկությունը չափ ունի, թույլ չեմ տա, որ ինձ նվաստացնեն: Այս ամենն ինձ զզվեցնելու համար են անում», հայտարարեց քաղաքական գործիչը:
Նա պարզել է, որ Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանի գործունեությունը Սերժ Սարգսյան-Սեյրան Շահսուվարյան գծով իջեցված հրաման է, ինչի կատարումը դրված է ՀՀ ԱԱԾ վրա: «Եթե ես թմրամոլ եմ, տանը զենք եմ պահում, ապա ես դիմում եմ գլխավոր դատախազինՙ թող իմ դեմ քրեական գործ հարուցի: Եթե դա չի արվում, ապա իմ նկատմամբ քաղաքական պատվեր է: Եթե դատախազությունը չի պարզում ինձ ուղղված մեղադրանքներն, ապա թող գործ հարուցի իմ դեմ կամ նրանց դեմ, ովքեր իմ նկատմամբ հերյուրանքներ են տարածում»: Արամ Կարապետյանի գնահատմամբ սա սովետական ոստիկանության մեթոդ է, եւ իր առջեւ դրված «թմրադեղ կամ զենք» երկընտրանքից նա նախընտրում է զենքը:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ