Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանություն է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում վերը նշված գյուղում գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գազաբաշխիչ կայանի տարածքում պայմանագրային կարգով ծառայություն իրականացնող «ՀՀ ֆուլկոնտակտ» ֆեդերացիայի անդամներ Գեւորգ Սարգսյանի եւ Վարդան Վարդանյանի պահպանած տարածք մուտք գործելու հարցով վիճաբանել է 1963 թ. ծնված, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Վիճաբանությունից առաջացած ծեծկռտուքի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆեդերացիայի նախագահ, 1973 թ. ծնվ. Հայկ Վարդանյանը, մարզիչ, 1983 թ. ծնված Էդգար Պողոսյանը եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի վարորդըՙ 1973 թ. ծնվ. Սերյոժա Բարսեղյանը: Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Վինչեստեր» տիպի հրացան: Հանգամանքները պարզվում են: Հ. Հակոբյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ազգը» հեռախոսով կապվեց Արարատի մարզի դատախազի տեղակալ Հովիկ Սուքիասյանի հետՙ որոշ մանրամասներ պարզելու: Պրն Սուքիասյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 8-ի երեկոյան մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն զենքի գործադրմամբ, որը նախատեսում է 4-7 տարի ազատազրկում): Գործի վարույթը տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչություն, որն էլ իրականացրել է ձերբակալումը: Գլխ. դատախազությունից ճշտեցինք, որ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ձերբակալվել է եւ գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Որպես կասկածյալներ ձերբակալվել են նաեւ Հ. Հակոբյանի թիկնազորի ղեկավար Լ. Բարսեղյանը, գազալիցքավորման կետերի աշխատակիցներ Դ. Ներսիսյանը, Խ. Հայրապետյանը: Հանձնարարվել է ոստիկանական մարմիններին անհապաղ ձեռնարկել օպերհետախուզական միջոցառումներՙ հանցագործությունը կատարած անձանց հանցակիցների եւ ականատեսների ինքնությունը պարզելու եւ հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մինչեւ երեկ երեկոյան ժամը 19 որեւէ փաստաթուղթ չէր ստացել պատգամավոր Հակոբ Հակոբյանին ձերբակալելու վերաբերյալ: Տեղյակ չէին կատարվածից ե՛ւ ՀՀԿ քարտուղարը, ե՛ւ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանը, որն էլ զրույցի ժամանակ ասաց. «Թող գլխավոր դատախազը գա ԱԺ, մենք էլ հարցը մանրակրկիտ կքննենք ու կտանք մեր եզրակացությունը»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ