Շատ շուտով Երեւանի այգիներն ու պուրակները ֆրանսիական ոգի կստանան
Երեւանի ծննդյան 2788-ամյակին ընդառաջ Երեւան այցելությունների միջազգային խճանկարը բավական հետաքրքրական է` Մոսկվա, Օդեսա, Մինսկ, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Աջարիա, Մարսել, Սպահան, նույնիսկ հեռավոր Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվու: Վերջին դեպքում մեզ համար փոքր-ինչ էկզոտիկ բարեկամության առիթը ֆրանսախոս երկրների` 160 երկրներ ներկայացնող միջազգային նույն ասոցիացիայի անդամ լինելն է: Այդտեղ էլ որոշել են նորոգել խորհրդային տարիներին հիմք դրած ու ընդհատված կապերը: Հյուրեր են սպասվում նաեւ Փարիզից, Ստավրոպոլից, Բուդապեշտից, Մոնրեալից: Նրանք հիմնականում թաղային համայնքների ղեկավարների մակարդակ կներկայացնեն, Մոսկվայի քաղաքապետը Երեւանի օրվան չի գա: Ասենք, որ իր հերթին Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը հենց վերջերս մասնակցել է Մոսկվայի, Վոլգոգրադի եւ Դոնի Ռոստովի օրերին:
Աշխարհի տարբեր ծագերում Երեւանը հաջողել է քույրանալ 23 քաղաքների հետ, բայց երեկվա դրությամբ միայն 10-13-ն են տեղեկացրել նրա հիմնադրման տոնին իրենց մասնակցության մասին: Երեւանի առաջին քույր քաղաքը Իտալիայի Կարարա քաղաքն է (1974թ), վերջինը (անցած տարի բարեկամացած) Լոս Անջելեսը:
Երեւանի համայնքներն իրենք զատ-զատ բարեկամանում են քույր քաղաքների առանձին շրջանների հետ: Նոր Նորքը, օրինակ, վերջերս համաձայնագիր է ստորագրել Կազանի մի շրջանի հետ: Պատրաստվում են բարեկամանալ Մոսկվայի հյուսիսային վարչական շրջանն ու Ավան համայնքը, եւ այսպես շարունակ:
Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը տեղի չտվեց լրագրողների համառությանը եւ չգիտես ինչու չասաց, թե կոնկրետ ինչ գումարներ են նախատեսվել հյուրերով ու հյուրընկալություններով, տոնական համերգներով, հրավառությամբ, ցուցահանդեսներով ու մարզական միջոցառումներով հարուստ Երեւանի օրերը` հոկտեմբերի 13-14-ը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Քույր քաղաքները նաեւ գործընկեր քաղաքներ են, որոնցից ներդրումներ, տեխնիկական ու ամեն կարգի աջակցություններ է ակնկալվում: Այդ համագործակցությունների արդյունքում վերջին 2-3 տարիներին Երեւան ներկրվեցին նոր ավտոբուսների խմբաքանակներ, փրկարարական տեխնիկա, սանմաքրման մեքենաներ: Ամենակարեւորը նաեւ քաղաքի կառավարման դրսի փորձից որոշ բան յուրացվեց: Երեւան եկած մեր հյուրերին մենք դիմավորում ենք նաեւ ակնկալիքով` թե պոտենցիալ ներդրողի ինչպիսի՞ շանսեր ունեն:
Ֆրանսիայի նախագահի հետ վերջերս Երեւան եկած Ֆրանսիայի նախարարը տեղի տալով այդ սպասումներին` տեխնիկական աջակցության պատրաստակամություն հայտնեց` փորձի փոխանակման, տրանսպորտի կառավարման, ուսումնական ասպարեզներում: Իսկ Փարիզի քաղաքապետի տեղակալ տիկնոջ հետ Փարիզի եւ Երեւանի միջեւ ծրագրերը զարգացնելու վերաբերյալ բանակցություններ եղան:
Հենց այս պահին Փարիզի քաղաքապետարանի կանաչապատման դեպարտամենտը մեր քաղաքը աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկի հանգույն կանաչապատելու մի փոքրիկ ծրագիր է իրականացնում: Ֆրանսիացի ֆիտոդիզայներ մասնագետները պարբերաբար այցելում են Երեւան, եւ շատ շուտով Վարդավառի այգին (Թոխմախ գյոլ) 4500 քառ. մ-ի վրա ֆրանսիական շունչ ու ոգի կստանա: Նախատեսվում է, որ հաջորդ տարի գարնանը Լիոնի քաղաքապետը հատուկ կայցելի Երեւան` այգու բացման տոնին մասնակցելու: Եվրոպական շունչ կստանան նաեւ երեւանյան այլ պուրակները: Այս խնդիրներով զբաղվում է Փարիզի գլխավոր դիզայներներից մեկը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ