Կենսաթոշակառուներին կվերադարձվի իրենց վաստակը
Մոտ երեք տարի առաջ, երբ ուժի մեջ մտավ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը եւ դարձավ պարտադրանք բնակչության համար, բազմաթիվ մարդիկ սոցիալական քարտերից հրաժարվելու պատճառով զրկվեցին իրենց կեցության աղբյուրից` թոշակներից, աշխատավարձերից եւ նպաստներից: «Ազգ»-ի հետ զրույցներում վերջիններս նշում էին, թե իրենք սոցիալական քարտերից հրաժարվել էին հոգեւոր համոզմունքների հիման վրա: Հիշեցնենք, որ «Ազգ»-ը հետեւել է դատական ատյաններ հասած գրեթե բոլոր թոշակառուների գործերին:
Հասարակության այդ զանգվածը, որը հետզհետե մեծանում էր, հայտնվեց դատական ատյաններում: Բազմաթիվ կենսաթոշակառուների շահերի պաշտպանությունը ստանձնած Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ- կենսաթոշակառուների շահերի պաշտպան Արայիկ Պապիկյան) շուրջ երեք տարվա քաշքշուկներից հետո վերջապես հասավ հաջողության, որը շաբաթ օրը տոնում էր «Ազդակ» ակումբում: Առաջին ատյանի, Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում հիմնականում անհեթեթ պատճառաբանություններով մերժված կենսաթոշակառուների գործերից մեկը եւ առաջինը Սահմանադրական դատարանում (ՍԴ) հոկտեմբերի 4-ին ստացավ իր օրինական լուծումը: Սահմանադրական դատարանը թիվ 649 որոշմամբ կենսաթոշակառուներ Մանուշակ Քոչարյանի եւ Հրանուշ Դավթյանի անհատական գործերով հիշյալ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչեց անվավեր: Ուժը կորցրած ճանաչվեցին նաեւ սոցիալական քարտերը քաղաքացիներին պարտադրող բոլոր ենթաօրենսդրական ակտերը: Այսինքնՙ ՍԴ-ի շրջադարձային այդ որոշմամբ սոցքարտերն այլեւս կամավոր են եւ չեն պահանջվի որեւէ քաղաքացիական գործարքի ժամանակ:
Իր նախաձեռնությունը հաղթանակով ավարտած ՀՍԻԿ-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ շուրջ քսան ամիս կենսաթոշակներից, նպաստներից, աշխատավարձերից եւ բանկային ավանդներից զրկված կենսաթոշակառուների վաստակը կվերականգնվի եւ նրանց կվերադարձվեն իրենց գումարները:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ