Նշեց պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը
Տնտեսական լրագրողների ակումբի հյուրը երեկ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն էր: Վարչության հիմնական գործառույթը ներկայումս պետական գույքի կառավարումն է, եւ իր հանդիպումը լրագրողների հետ վարչության պետը սկսեց հենց այս ոլորտից: Նա նշեց, որ վարչության գործառույթները մասնավորեցման մասով ժամանակի ընթացքում նվազում են, սակայն այն դեռեւս բավականին անելիքներ ունի պետական գույքի կառավարման առումով: Պետգույքի կառավարումը կանոնակարգելու համար կառավարությունն ընդունել է հայեցակարգ, որը ենթադրում է միասնական քաղաքականության իրականացում, պետբյուջե մուտքերի ավելացում, տնտեսության իրական հատված ներդրումների ներգրավում եւ մրցակցության բարձրացում: Այս խնդիրների իրականացման համար, ըստ Կարինե Կիրակոսյանի, անհրաժեշտ է իրականացնել պետական գույքի, ընկերությունների, մասնավոր ընկերություններում պետական ակտիվների հաշվառում:
Պետգույքի կառավարման վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս մշակվում է նորմատիվների համակարգ, որը հնարավորություն կտա պարզելու, թե պետական կառավարման մարմիններն ու ոչ առեւտրային կազմակերպությունները որքան տարածքների անհրաժեշտություն ունեն, եւ արդյոք նրանք չե՞ն զբաղեցնում անհրաժեշտից ավելի շատ տարածք:
Պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկություններում, Կարինե Կիրակոսյանի կարծիքով, կառավարումն արդյունավետ չի իրականացվում, եւ այստեղ խնդիր է դրված բարձրացնելու ընկերություններում պետության ներկայացուցիչների դերը: Տեղեկացվեց նաեւ, որ երկրորդ եռամսյակում պետական բաժնեմաս ունեցող 424 ձեռնարկություններից 277-ը աշխատել են եկամուտով: Այն կազմել է 1,294 մլրդ դրամ: 112-ն աշխատել են վնասով, որը կազմել է 868 մլն դրամ: 35-ի եկամուտներն ու վնասները հավասարաչափ են եղել:
Անդրադառնալով իր ղեկավարած կառույցի մյուսՙ պետական գույքի մասնավորեցման գործառնությանը, Կարինե Կիրակոսյանը նշեց, որ այն տարբեր ժամանակներում տարբեր նպատակներ է հետապնդել: Շուկայում պետական գույքը սովորաբար ոչ գրավիչ դասակարգում ունի: Հետեւաբար պետության կողմից մասնավորեցման քաղաքականությունը հիմնված չի եղել դրանից հնարավորինս շատ մուտքեր ներգրավելու վրա: Առավել կարեւորվել է գույքի պահպանման եւ շահագործման խնդիրների լուծումը: Տարբեր ժամանակահատվածներում մասնավորեցման տարբեր քաղաքականություն է իրականացվել: 1998 թ.-ից նախապատվությունը տրվել է ներդրումային մասնավորեցմանը, իսկ մինչ այդՙ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությանը: Այդ դեպքում ներդրումային պարտավորություններ գնորդները չէին ստանձնում: 1998 թ.-ից ընկերություններն ունեցան որոշակի պարտավորություններՙ ներդրումների իրականացում, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի որոշակի մակարդակի պահպանում: Ստանձնած պարտավորությունների չկատարման համար վարչությունը 2004 թ.-ին 14 հայց է ներկայացրել դատարան, 2005 թ.-ին` 17: Դրանց արդյունքում մի շարք ընկերությունների գույքը բռնագանձվել է, այդ ընկերությունները կրկին ներկայացվել են օտարման:
Տեղեկացվեց նաեւ, որ 2006-2007թթ. նախատեսվում է մասնավորեցնել նախորդ տարիներին չմասնավորեցված շուրջ 300 ընկերություն: Ակնկալվում է, որ այս ծրագիրը կլինի վերջինը: Իսկ ընդհանուր առմամբ իր գոյության 15 տարիներին վարչությունը մասնավորեցրել է ավելի քան 2000 ընկերություն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ