«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ԴԵՄ ԻՍՐԱՅԵԼԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԴԵՌ ՉԻ ՄԱՐԵԼ

Իսրայելի Հայֆա քաղաքի բնակիչ, երաժշտագետ եւ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը սաստիկ զայրացել է «Արմավիա» ավիաընկերության, իր բնութագրմամբ, «թալանչիական նենգ վերաբերմունքից» լիբանանյան պատերազմի ընթացքում Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած հայ ընտանիքների նկատմամբ: «Ազգին» ուղարկած նամակում նա նշում է, որ ինքը Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանին տեղեկացրել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը հրաժարվել էր Իսրայել տեղափոխել իսրայելաբնակ հայերինՙ անտեսելով իր իսկ վաճառած երկկողմանի ավիատոմսերը: «Հարգելի Ռիմա Վարժապետյան, արդյոք չէի՞ք կարող ձեր զայրույթի ձայնը ներդաշնակելով վերոհիշյալ տառապյալների լքված, անարգված, ստորացված (շարունակե՞մ) ձայներին, նույն «Ազգի» կամ մեկ այլ թերթի միջոցով հրեական համայնքի ուժն ու կորովը հասցնել դիվանբաշուն: Ի դեպ, ես 3 ուղիներով դիմել եմ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին», գրել է Ասլանյանը:

«Ազգը» հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանին տեղեկացրեց Ասլանյանի դժգոհության մասինՙ ցանկանալով լսել նրա պարզաբանումները: «Մենք անշուշտ երախտապարտ ենք «Արմավիա» ընկերությանըՙ այդ ընտանիքներին Հայաստան տեղափոխելու համար, դա իսկապես մարդասիրական քայլ էր: Սակայն նրանք մինչեւ վերջ իրենց խոստումի տերը չեղան, ասացին մի բան, հետո կատարեցին բոլորովին այլ բան: Իրականում դա ոչ թե բարեգործական, այլ կազմակերպչական նկատելի թերություններով կոմերցիոն ձեռնարկ էր: Ես բացարձակապես տեղյակ չեմ եղել, որ այդպիսի չվերթ է լինելու: Եթե նախապես տեղեկացված լինեի, կդիմեի Իսրայելի իշխանություններին ու հնարավոր ամեն ինչ կանեի այդ ընտանիքներին կազմակերպված տեղ հասցնելու համար: Հայաստանում եղած ժամանակ նրանցից միայն մի քանիսն են մեզ հետ հանդիպել, շփվել, մյուսներին տեսնելու առիթ չենք ունեցել, նրանցից ոչ մեկը հրեական համայնքին չի դիմել: Եթե հանդիպած լինեինք, անպայման կաջակցեինք նրանց, կլուծեինք նրանց խնդիրները: Մենք շատ ենք ցավում կատարվածի համար, Նուբար Ասլանյանն անկասկած իրավացի է, «Արմավիան» բարի նախաձեռնությունը չպետք է այդկերպ ավարտեր: Եթե այդ մարդիկ դատի տան ավիաընկերությանը, վերջինս ավելի մեծ գումարներ կկորցնի, քան նրանց Իսրայել հասցնելուց», ասաց նա:

Ռիմա Վարժապետյանը ափսոսանք հայտնեց, որ երկար սպասված Երեւան-Թել Ավիվ նոր բացված չվերթն ընդամենը 2 նորմալ թռիչք ունեցավ: Երրորդ թռիչքը փաստորեն մարդկանցից խլեց «Արմավիայի» հանդեպ ունեցած վստահությունը, մինչդեռ Հայաստան գալու նրանց ցանկությունն իսկապես շատ մեծ էր: Ճիշտ է, Հայաստանում Իսրայելի դեսպանատուն կամ հյուպատոսարան չլինելու պատճառով Վրաստանից վիզա ստանալը մարդկանց համար որոշակի դժվարություններ է առաջացրել, սակայն դա լուրջ խոչընդոտ չէր կարող համարվել չվերթը դադարեցնելու համար, որովհետեւ այդ հարցը լուծվում է նաեւ ֆաքսի միջոցով: Նրա կարծիքով, այս չվերթը կարող էր իրականացնել միայն սկզբնական շրջանում քիչ շահույթի ակնկալիք ունեցող խոշոր ավիաընկերությունը: Ցավոք, այդպես չեղավ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4