«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ ԴՍԵՂՈՒՄ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում տեղի ունեցան թումանյանական օրեր:

Լոռվա բարձրաբերձ լեռների մեջ բազմած Դսեղի ամեն քարն ու թուփը ակամա հիշեցնում են Թումանյանի տողերը, որոնք էլ հաջորդաբար արտասանելով Երեւանից Դսեղ մեկնող պատվիրակության անդամները: Թումանյանական միջոցառումների օրերը նախաձեռնել էին ՀԳ միությունը (նախագահ Լեւոն Անանյան), ՀԳԱ գրականության ինստիտուտը (տնօրեն Ազատ Եղիազարյան) եւ «Թումանյան» հայրենակցական միությունը (նախագահ Սուրեն Մամիկոնյան): Լեւոն Անանյանի գլխավորած գրողների պատվիրակությանը Դսեղի ճամփաբաժնին դիմավորեցին գյուղապետ Ռաֆայել Վարդանյանը եւ ուրիշներ: Դսեղի կենտրոնում, Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ բազմամարդ հրապարակում ազդարարվեց թումանյանական միջոցառումների սկիզբը:

Հյուրերը ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Թումանյանի արձանի, գրողի ամփոփված սրտի հուշաքարին, շրջեցին տուն-թանգարանով: Թանգարանի պատասխանատու տիկին Ռոզան հյուրերին Թումանյանի օջախում հյուրասիրեց դսեղյան «ագդակով» ու այլ ուտեստներով այնպես, ինչպես ժամանակին արել է Թումանյանը: Հայոց մեծ բանաստեղծի թողած գրական ժառանգության մասին խոսեցին ու Թումանյանի պատգամը հղեցին ներկաներին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ՀԳԱ գրականության ինստիտուտի տնօերն Ազատ Եղիազարյանը, բան. գիտ. դոկտ-պրոֆ. Ավիկ Իսահակյանը, գրողներ Լիպարիտ Սարգսյանը, Սուրեն Մուրադյանը, «Թումանյան» հայրենակցական միության նախագահ Սուրեն Մամիկոնյանը, գրող-դրամատուրգ Հրանտ Մարգարյանը (ԱՄՆ), Լոս Անջելեսի համալսարանի հայագիտության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Պիտեր Քաուրին, Վարուժան Դեմիրճյանը եւ ուրիշներ: Թումանյանին համարելով վաղվա օրվա բանաստեղծ, նրանք ավետեցին ներկաներին մշտապես Թումանյանի թողած ավանդով առաջնորդվեն: Օրը հագեցած էր միջոցառումներով, որտեղ Հ. Թումանյանի անվ. դպրոցի սաները ասմունքում էին հանճարեղ լոռեցու գործերից հատվածներ, երգում ու պարում: Իսկ Թումանյանի սիրված վայրերից մեկում` դարավոր ընկուզենու տակ, ճոխ սեղանի շուրջ թամադան (Ս. Մամիկոնյան) ոլորեց բեղերը ու Թումանյանի կենացը առաջարկելով, կրկնեց գրողի թեւավոր դարձած խոսքերը` «ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք...»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Դսեղ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4