«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԸ ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՑԱՎ

Երկու տարի առաջ երիտասարդ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը մայր թատրոնում բեմադրեց Սառա Քեյնի վերջին նամակի հենքի վրա գրված պիեսը, որը «Փսիխոս 4:48» վերնագիրն է կրում: Դա հենց այն ժամն է, որ հեղինակը 29 տարեկանում գրում է իր վերջին նամակը, ապա ինքնասպան լինում: «Ազգի» ընթերցողներին հիշեցնեմ, որ այդ գործն արդեն 7 միջազգային փառատոների է մասնակցել ու արժանացել մրցանակների:

Սեպտեմբերի 10-20-ը Եգիպտոսում կայացած փորձարարական թատրոնների միջազգային 18-րդ փառատոնին, որին մասնակցել են 64 երկրների թատերախմբեր, «Փսիխոս 4:48»-ը կրկին դարձավ մրցանակակիր: Փառատոնի 4 մրցանակները` լավագույն կնոջ լավագույն տղամարդու դերակատարումներ, լավագույն ռեժիսոր եւ լավագույն ներկայացում անվանակարգերին արժանացել են հաջորդաբար` Պաղեստինը, Սիրիան, Հայաստանը եւ Ռուսաստանը:

Երիտասարդ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն արդեն երկրորդ անգամ որպես լավագույն ռեժիսոր անվանակարգով արժանանում է փառատոնի խորհրդանիշ արձանիկին ու դիպլոմին: Խոստումնալից երիտասարդ ռեժիսորն առաջիկայում թատերասերների դատին կհանձնի գերմանացի դրամատուրգի «Մեր ծնողների նեւրոզները» պիեսը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4