ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար ջութակահար Գիդոն Կրեմենը հոկտեմբերի 10-ին կժամանի Հայաստան: Ինչպես այսօր տեղի ունեցած ասուլիսում նշեց «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, երաժիշտը վերջին անգամ եղել է Հայաստանում մոտ 20 տարի առաջ եւ այս անգամ հայ հանդիսատեսի առաջ հանդես կգա իր նոր համերգային ծրագրով:
Գ. Կրեմենը ելույթներ է ունեցել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հռչակավոր նվագախմբերի հետ` աշխատելով դիրիժորներ Կլաուդիո Աբադոյի, Դանիել Բարենբոյի, Լեոնարդ Բերնստայնի, Ռիկարդո Մուտիի եւ այլոց հետ: Նա ձայնագրել է ավելի քան 150 ալբոմ, որոնց շնորհիվ արժանացել է ամենահեղինակավոր միջազգային երաժշտական մրցանակների, այդ թվում` «Գրեմմի»-ի: Ջութակահարը 1997թ. հիմնել է «Կրեմենատա բալտիկա» կամերային նվագախումբը` բաղկացած բալթյան երկրների տաղանդավոր երիտասարդ երաժիշտներից, նվագում է 1730թ. Գվարներիի ստեղծած ջութակով:
Նշենք, որ Գիդոն Կրեմենը Հայաստան կժամանի «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի շրջանակներում: Նրա համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: