Հանրապետության բոլոր գրադարանների աշխատողները հոկտեմբերի 7-ին նշեցին իրենց մասնագիտական տոնը: Նախորդ օրը Հայաստանի Ազգային գրադարանը իր հարկի տակ նշում էր այդ տոնը ու մեծարում երախտավորներին: 174 տարվա պատմություն ունեցող Ազգային գրադարանի պահոցներում այսօր կան 6,5 մլն կտոր գրքեր, հանդեսներ, թերթեր, քարտեզներ, պլակատներ, նամականիշներ, դրամներ եւ այլ նյութեր: Գրադարանավարի օրվա ցերեկույթը բացեց ու ներկաներին ողջունեց գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Շնորհավորական խոսք ասացին ՀՀ մշակույթի նախարարության վարչության պետ Կարո Վարդանյանը, ԱՄՆ-ից դրամատուրգ Հրանտ Մարգարյանը եւ ուրիշներ:
Տոնի առթիվ գրադարանի տնօրինությունը տարբեր անվանակարգերով պատվոգրեր հանձնեց երկարամյա անբասիր գրադարանավարներին, ասմունքողներ ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Աբաջյանին եւ Գայանե Սամվելյանին, աշուղագետ Թովմաս Պողոսյանի գլխավորած «Ջիվանի» մշակույթի կենտրոնին: ԶԼՄ-ներից պատվոգրի արժանացան «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերը եւ Հ2 հեռուստաընկերությունը` շարունակական ու հետաքրքրական տեղեկատվություններ հաղորդելու, միջոցառումները լուսաբանելու համար: Պատվոգրի արժանացավ նաեւ Ազգային գրադարանի բարերար «Վիվասել» ընկերությունը, որն իրականացնում է գրադարանի տանիքի եւ սանհանգույցի վերանորոգման աշխատանքները:
Մ. Մ.