«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՅԲՈՒԲԵՆ» ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՆՈՐԵՐԸ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հովանավորությամբ ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակը «Երեւան» հյուրանոցի ձմեռային այգում երեկ ցուցադրեց «Իրավունքի այբուբեն» կրթական հոլովակների շարքից 3 նոր մուլտֆիլմերը, որոնցից մեկը ուսուցանում է եվրոպական կառույցների` Եվրոմիության, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի կառուցվածքն ու գործառույթների տարբերությունը, երկրորդը` մարդկանց ու պետությունների վեճերն ու հակասությունները բանակցելով ու միմյանց հանդեպ հարգանք տածելով լուծելու արդյունավետությունը, իսկ երրորդը` պետական հարկերը պարտաճանաչորեն վճարելու կարեւորությունը, քանի որ դրանից խուսափելու դեպքում, ինչպես մեզանում, պետբյուջեի փոխարեն հարստանում են առանձին մարդկանց գրպանները:

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տարրական հասկացությունները երեխաներին մատչելի դարձնելու նպատակով ստեղծված այս շարքի առաջին ֆիլմերը ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը ստեղծել էր Մ. Նահանգների ՄԶԳ հովանավորությամբ, 2004 թվականին: Ինչպես իր խոսքում նշեց բրիտանական դեսպանատան քաղաքական ծրագրերի ղեկավար Նաիրա Սուլթանյանը, դրանց հաջողված լինելը խիստ օգտավետ եղավ ոչ միայն երեխաներին կրթելու, այլեւ նոր ֆիլմերի հովանավորության համար փոխդեսպան Ռիչարդ Հայդի համաձայնությունը ստանալու առումով: «Իրավունքի այբուբենի» նոր ֆիլմերը դիտելու էին եկել նաեւ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին, ինչպես նաեւ 3-օրյա այցով Հայաստան ժամանած ամերիկյան իրավաբանների ընկերակցության նախագահ Քերին Մեթիսը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ եւ միջազգային այլ կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հատուկ նշվեց «Ինտերնյուս» լրագրողական կազմակերպության անունը, որի շնորհիվ այս մուլտֆիլմերը հասանելի են դարձել նաեւ մարզային հեռուստաընկերություններին: Միջոցառման հյուրերի թվում էին նաեւ Էջմիածնից եկած դպրոցականները, որոնք հիշյալ մուլտֆիլմերը դիտել էին դասերի ընթացքում: Նրանց, ինչպես նաեւ Հայաստանի մյուս քաղաքների դպրոցներում այս մուլտֆիլմերը ցուցադրել են «Իրավունք բոլորի համար» ծրագիրն իրականացնողները: Առաջիկայում նախատեսվում է նկարահանել եւս 3 մուլտֆիլմ` դպրոցականներին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մեխանիզմին ծանոթացնելու համար:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4