«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱԲՂԵՏ ՄԱՄՈՒԼՆ ԱՄՆ-ՈՒՄ

ԱՄՆ-ի 50 նահանգներում ապրում է 1-1,5 մլն հայ: Ամենահայաշատ նահանգը Կալիֆոռնիան է, ուր կենտրոնացած է ամերիկահայերի գերակշիռ մասը` շուրջ կես միլիոն: Նրանք ապրում են Լոս Անջելեսում եւ քաղաքի արվարձաններում, որոնք սեփական քաղաքապետներով փոքրիկ իշխանություններ են: Հաջորդ հայաշատները Նյու Յորքը, Նյու Ջերսին, Բոստոնի եւ Միչիգանի շրջաններն են: Այժմ ներգաղթողների հոսք կա նաեւ Նեւադա նահանգ` Լաս Վեգաս: Ամերիկայով մեկ գործում են 150-ից ավելի առաքելական եկեղեցիներ, 20-22 ավետարանական եւ 6-7 կաթողիկե եկեղեցիներ:

Եկեղեցին ու դպրոցը դրսում հայտնված հային հայ պահելու առաջին գործոններն են, ինչպես նաեւ կուսակցությունները, մշակութային, մարզական եւ այլ կազմակերպությունները, բայց պակաս կարեւոր չէ հայատառ մամուլի ու ընդհանրապես լրատվամիջոցի առկայությունը: Վերջերս Երեւանում էր Լոս Անջելեսի «Արմենիան օբզերվեր» թերթի գլխավոր խմբագիր Օշին Քեշիշյանը, որից փորձեցինք պարզել, թե ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիները որքանով են ապահովված Հայաստանի եւ ընդհանրապես տեղի հայկական համայնքների վերաբերյալ տեղեկատվությամբ:

- Կալիֆոռնիայում հրապարակվում են մոտավորապես 20 անուն պարբերականներ («Ասպարէզ», «Նոր օր», «Նոր կեանք», «Մասիս», «Նոր Հայաստան», «Հայ կեանք», «Ժամանակ», «Ավանգարդ», «Մոլորակ», «Լոյս», «Կռունկ», «Մուսա», «Համայնապատկեր», «Աշխարհի շուրջ», «Հայ բուժ», «Շրջապատ», «Նաւասարդ» եւ «Առագաստ» գրական հանդեսներ, «Քաջ Նազար» երգիծական պարբերական): Ունենք 2 օրաթերթ` «Ասպարէզ» եւ «Նոր Հայաստան»: Նյու Յորքում հրատարակվում է անգլիագիր «Արմենիան ռիփորթեր», Բոստոնում` «Արմենիան միրոր սփեքթեյթր», «Արմենիան ուիքլի» եւ «Հայրենիք» շաբաթաթերթերը, Կալիֆոռնիայում` անգլիագիր «Արմենիան օբզերվեր» եւ «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթերը: Կանադայում 2 շաբաթաթերթ կա, մեկը` դաշնակցական` «Հորիզոն» (հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն բաժիններով), մեկը` ռամկավարական` «Ապագայ»:

Ամենամեծ` 5-6 հազար տպաքանակով տպագրվում են 3-4 թերթ` Նյու Յորքի «Արմենիան ռիփորթեր», «Արմենիան օբզերվեր», «Նոր կեանք», «Ասպարէզ», մնացածները` 2-3 հազարի սահմաններում:

Կալիֆոռնիայի հայատառ թերթերից 8-ը հրատարակվում են արեւմտահայերենով (սրանք կարդում են արեւմտահայ տեղացի ընթերցողները), մնացածը` Հայաստանի ներկա ուղղագրությամբ: Վերջինիս ընթերցողները Հայաստանից արտագաղթածներն են: Գաղթածների երիտասարդ շերտը կարդում է անգլիատառ հայկական թերթեր, ինչպիսին իմ թերթն է:

- Ի՞նչ տեղ են տալիս թերթերը հայաստանյան իրադարձություններին:

- Միայն «Ժամանակ»-ն է, որի ներկայացրած նյութի մեծ մասը հայաստանյան իրադարձություններն են: Մնացածների դեպքում գերիշխում են հայկական տեղական լուրերը, որոշ թերթեր տալիս են նաեւ ամերիկյան տեղական լուրեր: Հարցն այն է, որ Հ1-ը, «Արմենիան» եւ այլ հեռուստաալիքներ հեռարձակվում են ԱՄՆ-ում, եւ մինչեւ թերթերը լույս տեսնեն, մարդն արդեն հեռուստացույցից տեղյակ է հայաստանյան իրադարձություններին:

Ես երբեք չեմ տա այն լուրը, որ, օրինակ, Շիրակի մարզպետը փոխվել է, եւ նրան փոխարինել է մի ուրիշ մարդ: Մեր ընթերցողը դրանով չի հետաքրքրվում, որովհետեւ սա մանրամասնություն է: Տալիս եմ ավելի ընդհանրական, ընդգրկուն լուրեր, որոնք վերցնում եմ «Ազգի» էլեկտրոնային էջից, մասնավոր կապեր ունեմ «Նոյյան տապանի» հետ: Թղթակիցներ ունեի Հայաստանում, բայց նրանք գրեթե էլ չեն գրում, որովհետեւ սովորաբար մեր ուզածը չեն կարողանում տեղեկացնել:

- Եթերային հեռարձակման պատկերն ինչպիսի՞ն է:

- 3 շուրջօրյա մասնավոր ալիք ունենք, որոնք 30-60 րոպե վճարով տրամադրում են նրան, ով ասելիքի կարիք ունի: Հեռուստակայաններից ոմանք արբանյակային հեռարձակմամբ հասնում են արեւելյան նահանգները, նաեւ Հայաստանից հեռարձակվող Հ1-ն ու «Արմենիան»: Ավելի քան 50 հեռուստատեսային հայտագրեր ունենք, բայց հայտագրեր կան, որ շատ թանկ են եւ անմատչելի արեւելյան նահանգների համար: Օրինակ, «Թելեթայմ»-ի 1 ժամը 2000 դոլար է: Գլենդեյլում կաբելային վճարովի հեռուստատեսություն է գործում: Իսկ ձայնասփյուռի հայտագիր ողջ ԱՄՆ-ում ընդամենը մի քանի հատ կա, այն էլ շաբաթը մի կամ երկու ժամ:

- Տեղեկատվության առումով ռադիոն բավական նախտընտրելի է, գոնե այդպես է Հայաստանում:

- Ամերիկյան մեր առօրյան տարբեր է ձեզնից, մեր աշխատավայրերը տարբեր են ձերինից: Մեզ մոտ աշխատանքի ժամին ոչ կարող ես ռադիո լսել, ոչ տուն զանգահարել, ոչ էլ զրուցել մայրիկի հետ: 8 ժամը լիարժեք աշխատում ես: Մեր աշխատողներն իրենց աշխատավայրի հեռախոսահամարը հազվադեպ են տալիս բարեկամներին` այն էլ մասնավոր պարագաներում: Մամուլի աշխատողներ ունենք, որոնք ե՛ւ հոդված են գրում, ե՛ւ կազմակերպչական աշխատանք կատարում: Իսկ հոնորար մեր թղթակիցներին չենք վճարում կամ շատ չնչին ենք վճարում: Վճարում ենք թերթի առաքումների, վարչական աշխատանքի համար, փոստային ծախսերը մեծ են:

- Որքանո՞վ են քաղաքականացված թերթերը:

- Մասնավորաբար կուսակցական պաշտոնաթերթերը քաղաքական թեքում ունեն: Կան անկախ թերթեր, օրինակ` Արման Բաբաջանյանի «Ժամանակ Երեւան»-ը կամ Վահան Վահանյանի «Նոր Հայաստան»-ը, որոնք նույնպես քաղաքական լուրերին մեծ տեղ են տրամադրում: Բայց ամերիկյան քաղաքականության մասին շատ քիչ, շատ թեթեւ են գրում: Ոչ թե զգուշանում են, այլ որովհետեւ ամերիկյան հեռուստաալիքներով արդեն մարդիկ տեսնում են: Բուշը որ ընտրվել էր, ես իմ թերթում չեմ էլ գրել, որովհետեւ հեռուստատեսություններով տվել էին: Բայց եթե Բուշը ոմն Հովհաննեսի նախարարության վարորդ նշանակի, անպայման կգրեմ: Հոգլանդի նշանակման հարցը, լոբբիստական խնդիրները, ցեղասպանության ճանաչման աշխատանքները գրեթե ամեն շաբաթ մեր գլխավոր նյութերն են:

- Ո՞րն է համարվում ամենաշատ իրացվող ինֆորմացիան:

- Տեղական ազգային, համայնքին հուզող ընկերային կյանքի, հայ դպրոցների, եկեղեցիների գործունեության վերաբերյալ տեղեկությունները: Հետո միություններ ունենք` «Համազգային», «Թեքեյան», «Նոր սերունդ», պարսկահայերի, պոլսահայերի միություններ, թատերախմբեր, երաժշտական միավորներ եւ այլք, որոնք մշակութային միջոցառումներ են կազմակեպում, եւ բոլոր թերթերը լուսաբանում են դրանք:

- Օտարազգիներին հետաքրքրու՞մ են հայկական թերթերը:

- Ոմանց` այո: Մենք մեր թերթն, օրինակ, ուղարկում ենք Սպիտակ տուն, Կոնգրեսի որոշ անդամների, որոնք զբաղվում են հայկական հարցերով, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն կամ մարդկանց, որոնց հետաքրքրում է Հայաստանը:

- Տարբեր նահանգների հայ համայնքները մամուլի միջոցով միմյանց մասին տեղեկություն ստանալու հնարավորություն ունե՞ն:

- Մամուլի միջոցով` այո, բայց քիչ է թիվը: Փոքր համայնքները եկեղեցու օգնությամբ կարող են ստանալ տեղեկություն: Նահանգներ կան, ուր հայերի թիվը մատների վրա կարելի է հաշվել: Վայոմինգ նահանգում, օրինակ, ընդամենը 10 հայ է ապրում: Ֆլորիդայում մոտ 20 հազար հայ կա, բայց այս նահանգը, այսպես ասած, հարուստ հայերի բնակավայրն է: Նրանց մեծ մասը տներ ունի նաեւ Նյու Յորքում կամ Բոստոնում, եւ կարդում են այստեղի թերթերը: Բայց այդտեղ հրատարակվող պարբերականները Կալիֆոռնիայում շուկա չունեն, եւ հակառակը:

- Այն նահանգներում, որտեղ հայության քանակը համեմատաբար քիչ է, թերթ հրապարակելու կամ թեկուզ կաբելային հեռուստաալիք ունենալու շահագրգռություն չկա՞:

- Չափազանց ծախսատար է նման ձեռնարկը, բայց եթե իսկապես հետաքրքրվում են Հայաստանի եւ ընդհանրապես ամերիկահայերի կյանքով, նման բան անում են: Օրինակ, Վաշինգտոն նահանգում, ուր 2 հազար հայեր են ապրում, բյուլետենի տեսքով, պարզապես համակարգչային շարվածքով ամսաթերթ են հրապարակում: Բայց այդպիսի օրինակները քիչ են: Ոմանք էլ կաբելային հեռուստացույց ունեն:

- Եթե ընդհանրացնենք, ապա ի՞նչն է հատկանշական ամերիկահայ մամուլի համար, եւ ինչպիսի՞ն է հայաստանյան մամուլը ձեր տեսակետով:

- Ամերիկյան մամուլն ավելի շատ տեղեկատվական է, քան երկար-բարակ` վերլուծական: Ամերիկյան թերթերի մեջ օրինակ, 100 էջանոց թերթի մեջ «Կարծիք» խորագրի տակ շատ-շատ 4 էջ է տրամադրվում մեկնաբանություններին, եւ հակոտնյա կարծիքներ են հրապարակում: Հատուկ էջ կա ընթերցողի նամակների համար, որտեղ նրանք գրում են, մեկնաբանում, քննադատում ինչի մասին որ ուզում են` քաղաքապետին փոխելու, Բուշի քաղաքականության եւ այլն:

Հայաստանյան մամուլը չափազանց շատ է մեկնաբանություններ անում, սակայն պետության, հայրենիքի մեջ է տպագրվում, եւ պայմանները տարբեր են: Սա զարգացման որոշակի փուլ է Հայաստանի համար, եւ այդպես էլ պիտի ընդունել փաստը: Բայց ամերիկահայ թերթերում շատ հաճախ կողք կողքի միմյանց հակառակ տեսակետներ ու կարծիքներ են հրապարակում, շատ հաճախ միմյանց դեմ հոդվածներ են գրում ոչ պատշաճ մակարդակով: «Նյու Յորք թայմսը» կամ «Վաշինգտոն փոստը» երբեք նման բան չեն անում: Վերը նշածս էլ միջինարեւելյան միտում է ամերիկահայ թերթերի համար:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4