«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Քենիայում էլ, Հայաստանում էլ ավտոտեսուչների հետ վիճելն անիմաստ է

Յոթ տարի Միացյալ Նահանգներում ապրած մեր հայրենակից Գնել Խաչատրյանը Հայաստանում ավտոտեսուչների հետ առնչվելու «բախտավորություն» է ունեցել: Նման առիթ ունեցել է նաեւ իր համակուրսեցի Ֆրեդ Օպիրը Քենիայում: Մեզ նամակ գրած Գնել Խաչատրյանն անդրադառնալով դեպքերինՙ համեմատում է երկու երկրների պարագաներն ու եզրակացնում, որ ավտոտեսուչների հետ խնդիրները դատական ատյաններում լուծելն անիմաստ է: Սակայն էականն այս պատմության մեջ այն է, որ նամակագիրը ցավում է երեւույթների նույնության համար այնպիսի տարբեր երկրներում, ինչպիսին են Քենիան եւ մեր երկիրը:

Նամակագիրը պատմում է, որ մայրաքաղաքի հեղինակավոր կազմակերպություններից մեկում աշխատանքի առաջարկ ստանալովՙ ինքը վերցնում է ընկերոջ մեքենան, նպատակ ունենալով ճիշտ ժամանակին աշխատանքի ներկայանալ: Սակայն ավտոտեսուչը կանգնեցնում է նրան երկրորդ գծով վարելու համար: Մեր հայրենակիցը ավտոտեսուչի հարցին ի պատասխան նշում է, որ այդպես է վարել, քանի որ որեւէ սահմանափակող նշան չի նկատել: Վարորդի հանդուգն պատասխանից ավտոտեսուչն ավելի է բորբոքվել: «Ես ընդամենը երեկ էի ժամանել մայրաքաղաք յոթ տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո, ուստի մոռացել էի, որ առարկելու փոխարեն պետք է մեկ կամ երկու դոլար վճարեի: Այժմ ես վստահ էի, որ մեկ կամ երկու դոլարը կփրկեր իմ ժամանակն ու նյարդերըՙ հատկապես աշխատանքային առաջին օրը, սակայն սկզբունքներս ինձ թույլ չէին տալիս կաշառք առաջարկել», պատմում է Գնել Խաչատրյանը: Ավտոտեսուչի հետ նրա առարկություններն ավարտվում են ոստիկանատանը, որտեղ մեր հայրենակցին կալանավորում են:

Գարնանը նմանատիպ դեպք է պատահում նրա համակուրսեցուՙ Ֆրեդ Օպիրի հետ Քենիայում: Ֆրեդին ձերբակալությունից, իհարկե, կարողանում է ազատել կազմակերպությունը, որտեղ նա աշխատում էր, հարցը ներկայացնելով դատարան: Դատական ատյանը որոշում է Ֆրեդին տուգանել 15 դոլարին համարժեք գումարով: Խաչատրյանի խոսքով, մեր երկրում հիշյալ հարցը քաշքշուկների չի վերածվում եւ որոշվում է ավտոտեսչության կենտրոնումՙ խնայելով ժամանակն ու դատական հայցի համար պահանջվող գումարները: «Այն կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ աֆրիկյան մի քանի այլ երկրներում նույնպես: Ի բախտավորություն մեզՙ Հայաստանում, որը Քենիայից առանձնանում է իր պատմությամբ, 1700-ամյա առաջին քրիստոնեական ազգ լինելով, 1500 տարվա այբուբենով, նման չվճարումների համար չեն ձերբակալում, եթե, անշուշտ, ավտոտեսուչին քո զայրույթի պահին չես հասցրել մարմնական կամ խոսքային վիրավորանքներ», ասում Գնել Խաչատրյանը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4