Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին միավորը վաստակեցին` Ֆինլանդիայի ընտրանու հետ խաղում դարպասը պահելով անառիկ: Այս անգամ էլ մեր ֆուտբոլիստները դրսեւորեցին պայքարելու կամք եւ վճռականություն, ինչպես բելգիացիների հետ նախորդ խաղում էր: Ֆինների հետ խաղում մեր հավաքականը ավելի հաջողակ գտնվեց եւ իր օգտին առաջին միավորը գրանցեց: Ճիշտ է, դրանում ավելի մեծ է դարպասապահ Գեւորգ Կասպարովի ներդրումը, որը մի քանի դրվագում պարզապես փրկեց իր թիմակիցներին վերահաս գոլից: Նաեւ հուսալի գործեցին պաշտպանները` չեզոքացնելով մրցակցի սպառնալիքները: Իսկ ահա առաջին գծի խաղացողներն այս անգամ էլ չկարողացան աչքի ընկնել դիպուկությամբ: Ողջ հանդիպման ընթացքում մեր հավաքականն այդպես էլ գոլային իրական պահ չստեղծեց: Նրանց գրոհներն իրենց մեջ վտանգ չէին պարունակում: Մեր ընտրանին փոքր ուժերով էր հարձակվում, կիսապաշտպաններից անհրաժեշտ աջակցություն չէին ստանում առջեւի գծի խաղացողները: Ոչնչով աչքի չընկավ վնասվածքից ապաքինված Էդգար Մանուչարյանը, որը միայնակ էր գործում առջեւի գծում: Նրա խաղընկերներն էլ աչքի չընկան գրագետ ու կոմբինացիոն խաղով: Այնպես որ առջեւի գծում մեր հավաքականը լուրջ հիմնախնդիրներ ունի լուծելու:
Թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքը հայտնեցին մամուլի ասուլիսում:
Իան Պորտերֆիլդ (Հայաստան)- Բավարարված եմ ե՛ւ խաղից, ե՛ւ արդյունքից: Ֆինլանդիան բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեցող հզոր թիմ է: Գոհ եմ նաեւ մեր տղաներից, որոնք դաշտում շատ վճռական էին եւ լավ տպավորություն թողեցին: Կազմի ընտրության հարցում որոշակի դժվարություններ էին ծագել, քանի որ վնասվածքի պատճառով բացակայում էր մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկը` Ռոմիկ Խաչատրյանը: Բայց տղաները պայքարեցին մինչեւ վերջ, լավ խաղացին եւ մեր համար ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:
Ռոյ Հոջսոն (Ֆինլանդիա)- Մենք շատ հնարավորություններ ունեինք գրավելու մրցակցի դարպասը եւ հաղթելու: Դիտել էի Բելգիայի հավաքականի հետ Հայաստանի ընտրանու խաղի տեսագրությունը: Այսօրվա խաղում էլ մրցակիցը մեծ ջանքեր գործադրեց եւ դրանց շնորհիվ մեկ միավոր վաստակեց: Երբ խաղում ես քեզանից թույլ մրցակցի հետ, հույս ունես, որ կհաղթես: Այսօր արտակարգ խաղ ցուցադրեցին մրցակցի դարպասապահն ու պաշտպանները` փրկելով իրենց թիմին վերահաս գոլերից: Ինչ-որ տեղ էլ մարզական բախտն էր երես թեքել մեզանից:
Ընտրական հաջորդ հանդիպումը ՀՀ հավաքականը կանցկացնի Բելգրադում, վաղը` հյուրընկալվելով «A» խմբի առաջատար Սերբիայի ընտրանուն: Այդ հանդիպման ուղիղ հեռարձակումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 23.15-ին:
Ընտրական մյուս հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Սերբիա-Բելգիա` 1-0, Պորտուգալիա-Ադրբեջան` 3-0, Ղազախստան-Լեհաստան` 0-1, Իտալիա-Ուկրաինա` 2-0, Շոտլանդիա-Ֆրանսիա` 1-0, Ֆարերներ- Լիտվա` 0-1, Հունաստան-Նորվեգիա` 1-0, Հունգարիա-Թուրքիա` 0-1, Մոլդովա-Բոսնիա` 2-2, Չեխիա-Սան Մարինո` 7-0, Կիպրոս-Իռլանդիա` 5-2, Ուելս-Սլովակիա` 1-5, Ռուսաստան-Իսրայել` 1-1, Անգլիա-Մակեդոնիա` 0-0, Խորվաթիա-Անդորրա` 7-0, Շվեդիա-Իսպանիա` 2-0, Դանիա-Հս. Իռլանդիա` 0-0, Լատվիա-Իսլանդիա` 4-0, Բուլղարիա-Հոլանդիա` 1-1, Ռումինիա-Բելառուս` 3-1, Սլովենիա-Լյուքսեմբուրգ` 2-0:
«A» խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Սերբիա | 3 | 2 | 1 | 0 | 3-1 | 7 |
2. Ֆինլանդիա | 3 | 1 | 2 | 0 | 4-2 | 5 |
3. Պորտուգալիա | 2 | 1 | 1 | 0 | 4-1 | 4 |
4. Բելգիա | 3 | 1 | 1 | 1 | 1-1 | 4 |
5. Լեհաստան | 3 | 1 | 1 | 1 | 3-4 | 4 |
6. Ղազախստան | 3 | 0 | 2 | 1 | 1-2 | 2 |
7. Հայաստան | 2 | 0 | 1 | 1 | 0-1 | 1 |
8. Ադրբեջան | 3 | 0 | 1 | 2 | 1-5 | 1 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ