«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ՎԱԼՈՒԵՎՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

Գերծանր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Նիկոլայ Վալուեւը հաջողությամբ պաշտպանեց ուժեղագույնի իր կոչումը Չիկագոյում կայացած մենամարտում: Նրա մրցակիցը սեւամորթ ամերիկացի բռնցքամարտիկ Մոնտե Բարետն էր: 11-րդ ռաունդում մրցակցի մարզչի հրահանգով մենամարտը դադարեցվեց ի նշան Վալուեւի բացահայտ առավելության: Այսպիսով, գերծանր քաշում ռուսաստանցի առաջին չեմպիոնը 2-րդ անգամ պաշտպանեց իր տիտղոսը: Նա չեմպիոնի կոչմանն արժանացել էր 2005 թ. դեկտեմբերի 17-ին` Բեռլինում պարտության մատնելով պուերտոռիկացի Ջոն Ռուիսին: Իսկ այս տարվա հունիսի 3-ին Վալուեւը տիտղոսը պաշտպանել էր Հաննովերում ճամայկացի Օուեն Բեքի հետ մենամարտում` վստահ հաղթանակ տոնելով 3-րդ ռաունդում:

Պրոֆեսիոնալ ռինգում Վալուեւը 45 մենամարտ է անցկացրել: Դրանցից 32-ում 33-ամյա բռնցքամարտիկը հաղթել է նոկաուտով: Վալուեւն անպարտելի է: 2 մ 13 սմ հասակ ունեցող ռուսաստանցի բռնցքամարտիկի քաշը 147,5 կգ է: Նա ոչ միայն անհաղթելի է, այլեւ աշխարհում ամենաբարձրահասակ ու ամենածանր բռնցքամարտիկն է: Նշենք, որ գերծանր քաշում միակ աշխարհի չեմպիոնը, որ 50 անընդմեջ հաղթանակ է տարել եւ այդպես էլ պարտություն չի կրել, ամերիկացի Ռոկի Մարչանոն է: Այնպես որ, Վալուեւը հնարավորություն ունի կրկնելու եւ նույնիսկ գերազանցելու վերջինիս ռեկորդային ցուցանիշը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4