Հայաստանի կիբեռսպորտի հավաքականը հոկտեմբերի 18-22-ը Իտալիայի Մոնձա քաղաքում կմասնակցի World Cyber Games 2006-ի գլխավոր եզրափակիչ մրցումներին: Այս մասին «Երեւան» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց մեր հավաքականի ղեկավար Էդգար Սահակյանը: Հավաքականի կազմում են Արմեն Աբրահամյանը, Արսեն Գյուլգյուլյանը եւ Կարեն Հակոբյանը: Նրանցից յուրաքանչյուրը կմասնակցի խաղային մեկ ձեւի: FIFA Soccer 2006 մրցաշարի խմբային փուլում Արմեն Աբրահամյանի մրցակիցները լինելու են Ֆրանսիայի, Հնդկաստանի, Բուլղարիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները: Need For Speed: Most Wanted մրցաձեւում Արսեն Գյուլգյուլյանն ուժերը կփորձի Իրանի, Կանադայի, Վիետնամի եւ Չեխիայի մարզիկների հետ: Իսկ WarCraft 3:The Frozen Throne մրցաձեւում Կարեն Հակոբյանին հարկ կլինի մրցակցել Չեխիայի, Ղազախստանի, Սինգապուրի, Լեհաստանի, Իսպանիայի եւ Բրազիլիայի ներկայացուցիչների հետ: Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցելու են 70 երկրների ներկայացուցիչներ:
Մեր մարզիկներն առաջին անգամ են մասնակցելու նման խոշոր միջոցառմանը, ուստի առանձնակի ակնկալիքներ նրանցից առայժմ չկան: Նշենք, որ խմբերում լավագույն արդյունքի հասած 2 մարզիկները կշարունակեն պայքարը հաջորդ փուլում: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 500 հազար դոլար է: Մեր հավաքականի մասնակցությունը մրցաշարին հնարավոր եղավ շնորհիվ հովանավորների ֆինանսական աջակցության հանձինս ՀՀ պաշտպանության նախարարության, ԲԻԼայն ՍՊԸ-ի, «Ռեստ» ընկերության եւ «Ավստրիական ավիաուղիների»:
Հայաստանում Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան (նախագահ` Էդգար Սահակյան) հիմնադրվել է 2005 թ.: Այս տարվա օգոստոսի 6-ից սեպտեմբերի 3-ը Երեւանում եւ Գյումրիում անցկացվեցին որակավորման մրցումներ, որոնց մասնակցեցին ավելի քան 150 մարզիկներ: Այս փուլում լավագույն արդյունքի հասած մասնակիցները ուժերը չափեցին եզրափակիչում, որտեղ առաջին անգամ որոշվեցին Հայաստանի չեմպիոնները 3 մրցաձեւից: Հենց նրանք էլ համալրեցին մեր հավաքականը:
Էդգար Սահակյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանում նախանձով էին տեղեկացել կիբեռսպորտի հայ մարզիկների մասին եւ ընդամենը երկու ամսում երկրի երիտասարդության եւ սպորտի նախարարության ջանքերով իրենց մոտ էլ անցկացրել էին որակավորման մրցումներ եւ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելով, այժմ 2 մասնակցի գործուղելու են Իտալիա: Ընդ որում, ադրբեջանցիները կիբեռսպորտի ազգային ֆեդերացիայի կայք-էջում հաղորդագրություն էին տարածել, թե իրենք «կճղեն» հայերին ինչպես իրական կյանքում, այնպես էլ կիբեռտարածությունում: Այնպես որ մեր մարզիկների վրա Իտալիայում լրացուցիչ հոգեբանական բեռ է ընկած: Նրանք իրենց հաջող մրցելույթներով պետք է արժանի հակահարված տան ինքնագոհ ու ռազմատենչ ադրբեջանցիներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ