Սանտո Դոմինգո քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Մեր հանրապետության վերջին ներկայացուցիչը` Արթուր Բաբայանը մինչեւ 105 կգ քաշային կարգում 29 մասնակիցների մեջ երկամարտի 383 կգ (170+213) արդյունքով գրավեց 11-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց լեհ ծանրորդ Մարչին Դոլեգան` 415 կգ (193+222):
Մինչեւ 94 կգ քաշային ծանրորդների մրցավեճում լավագույնը ղազախստանցի Իլյա Իլինն էր, որը երկամարտում ցույց տվեց 392 կգ (175+217) արդյունք: Նա միայն անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը` գերազանցելով նույնպիսի արդյունք ցույց տված եւ համապատասխանաբար արծաթե ու բրոնզե մեդալների արժանացած լեհ Սիմոն Կոլեցկուն եւ ռուսաստանցի Ռոման Կոնստանտինովին:
Գերծանր քաշայինների մրցավեճում կրկին մրցակցությունից դուրս էր իրանցի դյուցազն Հուսեին Ռեզա Զադեհը, որը վստահ ելույթ ունեցավ եւ երկամարտի 448 կգ (202+246) արդյունքով արժանացավ չեմպիոնի ոսկե մեդալի:
75կգ-ից բարձր քաշ ունեցող կանանց մրցապայքարում ուժեղագույն ճանաչվեց Կորեայի ներկայացուցիչ Մի Յանգը: Նա երկամարտում ցույց տվեց 314 կգ (135+179) արդյունք: Նույնպիսի ցուցանիշ ուներ անձնական 131 կգ քաշ ունեցող չին մարզուհի Մու Շուանգշուանգը, որը 18 կգ-ով ծանր էր աշխարհի չեմպիոնուհուց, ուստի ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Իսկ բրոնզե մեդալը նվաճեց այս առաջնության ամենածանր անձնական քաշ ունեցող (164,39 կգ) ուկրաինուհի Օլգա Կորոբկան, որը 30 կգ-ով պակաս բարձրացրեց առաջին երկու մրցակիցներից: Հետաքրքրական է, որ Կորոբկան 2,5 կգ-ով ծանր էր իրանցի Հուսեին Ռեզա Զադեհից: Իսկ մասնակիցներից բացարձակ ամենածանր անձնական քաշն ուներ Դոմինիկյան Հանրապետության ծանրորդ Ֆրանսիսկո Գուիլենը (179,88 կգ): Սակայն նա հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել 180 կգ ծանրությունը եւ 0 ստացավ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ