Երեւանում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում բավական համառ պայքար է ընթանում: Տղաների մրցաշարում 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն: Նրանից կես միավորով հետ է մնում ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը: Հայ շախմատիստներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Արման Փաշիկյանը, որը վաստակել է 4,5 միավոր: Երկրորդ ցուցանիշն ունի Զավեն Անդրեասյանը (4 միավոր):
Կանանց մրցապայքարում 5,5 միավորով առաջատարը մոնղոլ շախմատիստուհի Բատույագ Մոնգոնտուլն է: 4,5-ական միավորով հաջորդ տեղում են վրաց շախմատիստուհի Սալոմե Մելիան, հնդիկ գրոսմայստեր Շահդեւ Տանիան, հոլանդուհի Բիանկա Մուհրենը, չին Յիլին Ժանգը եւ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհի Տաթեւ Աբրահամյանը: Հայաստանի շախմատիստուհիներից առայժմ լավագույն արդյունքն ունեն Նունե Դարբինյանը, Անահիտ Խառատյանը ու Լուսինե Ալավերդյանը, որոնք վաստակել են 3,5-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ