«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Ինչպես եւ մյուս համանման դեպքերինը

Հայաստանում չբացահայտված, ավելի ճիշտՙ անպատիժ թողնված հարձակումների թվին հավանաբար ավելանա եւս մեկըՙ կիրակի օրը իր տան մոտակայքում հարձակման է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ հայտարարություն է արել. «Կատարվածը հրահանգված գործողություն է, որի պատվիրատուին պետք է փնտրել Հայաստանի իշխանության կրիմինալ վերնախավում»: ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի տվյալներով, իր վրա հարձակվել են ամբողջովին սեւ հագուստով, լավ մարզավիճակ ունեցող, առանց ակնոցի, իր իսկ որակմամբՙ «տապոռնի», բութ հայացքներով երկու երիտասարդ եւ մոտ երեք րոպե շեշտակի հարվածներ հասցրել, երրորդը սպասել է մեքենայում. «Մսագործի նման, անկիրք իր գործն արեց, զգուշացրեցՙ կգնաս ներողություն կխնդրես, ու փախավ»:

«Այս ամենի, անկախ նրանից, ինքը պատվիրատուն է, թե չէ, պատասխանատուն, մեղավորը հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է: Եթե անգամ երրորդ ուժը իր նկատմամբ որոշակի քայլեր անելու համար սադրանք է կազմակերպել, ապա ի տարբերություն մյուս սուբյեկտների, Անդրանիկ Մարգարյանը գլխավոր իշխանություն է եւ կարող է փոքր ջանք գործադրել բացահայտելու ու ձերբազատվելու իմ կողմից նրա նկատմամբ անհիմն մեղադրանքից», երեկ կատարվածի առնչությամբ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: Նա արդեն 7 տարի չի աշխատում, եւ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի համոզմամբ. «Բնական է, որ այս միջադեպը կապված է Սուրեն Աբրահամյանի վերջին քաղաքական մերկացնող հայտարարությունների հետ: Դժբախտաբար Հայաստանի Հանրապետությունում ապրելը վտանգավոր է դարձել յուրաքանչյուրիս համարՙ քաղաքական գործչից սկսած վերջացրած լրագրողներով ու պատահական քաղաքացիներով»: Սակայն Արամ Սարգսյանի հավաստմամբ, «Հանրապետություն» կուսակցությունը որեւէ սադրանքի չի գնալու եւ իրավիճակի դեմ պայքարելու է միմիայն քաղաքական ճանապարհով, ապա խոսքն ուղղելով իշխանություններին հայտարարեց. «Եվ եթե ձեզանից որեւէ մեկին, որին ինքներդ ավելորդ կհամարեք, եւ իր մուտքում կծեծեքՙ չասեք, թե հետքերը բերում են Դավալու:

Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Իսկ որ դուք բազմաթիվ ավելորդ մարդիկ ունեք, որոնց դուք ավելորդ բերան եք համարում, իրենց հետ ապագա չեք տեսնումՙ դա միանշանակ է»: Ի դեպ, հիշեցնենք, որ Սուրեն Աբրահամյանը Անդրանիկ Մարգարյանի անունը նշել է իբրեւ կրիմինալի առաջին դեմքերից մեկի:

Ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունները, շարքային քաղաքացիներ, լրագրողներ հայտնել են իրենց զորակցությունը Սուրեն Աբրահամյանին եւ «Հանրապետություն» կուսակցությանը: Ընդդիմադիր դաշտում չկա որեւէ քաղաքական ուժ, որն անտարբեր մնացած լիներ, տեղեկացրեց «Հանրապետության» անդամ Սուրեն Սուրենյանցըՙ ընդգծելով, որ նախօրեին մի քանի կուսակցությունների նախագահներ այցելել են Աբրահամյանին: Վերջինիս տեղեկացմամբ, ՀՅԴ անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էլ զանգով զորակցություն է հայտնել: Երեկ կայացած քաղաքական թերեւս բոլոր ասուլիսներում անդրադարձել են կատարվածին, բնականաբար դատապարտման դիրքից: Սուրեն Աբրահամյանի հետ կատարվածը, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի գնահատականով, երեւույթ է, որից Հայաստանում ապահովագրված չէ հակակրիմինալ շարժման յուրաքանչյուր ակտիվիստ. «Իշխանությունների մի հատվածը ցանկացավ ցույց տալ, որ ինքն է տանտերը: Ծեծի դեմ ցանկացած համազոր գործողություն կատարելու ենք հայտարարությունից մինչեւ ծեծ»:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ իր հերթին է հայտարարել. «Իհարկե, ես դատապարտում եմ ցանկացած բռնություն ցանկացած անձի նկատմամբ», այնուհետեւ զարմանք ու ափսոսանք է հայտնել, որ Սուրեն Աբրահամյանը, տեղի տալով սադրանքին, անմիջապես հայտարարել է, որ կատարվածի պատվիրատուն վարչապետն է: «Հայաստանում քիչ չեն եղել դեպքեր նախկինում, երբ տարբեր մարդիկ, տարբեր հայտարարությունների կամ ինչ-ինչ լարվածությունների փաստը օգտագործել են իրենց նպատակների համար, եւ այստեղ էլ որեւէ մեկը չի կարող բացառել», եզրակացրել է ԱԺ նախագահը Աբրահամյանի հայտարարությունը համարելով անհասկանալի, քանի որ ոչինչ պարզված չէ:

Կառավարության մամլո քարտուղար Մերի Հարությունյանը երեկ «Ազգին» ներկայացրեց վարչապետի մոտեցումը առկա իրավիճակին: Անդրանիկ Մարգարյանը մշտական է համարում իշխանությունների հանդեպ քննադատական մոտեցումը գոնե ընդդիմության մակարդակով եւ իր պաշտոնավարման ընթացքում էլ քննադատությունները, հաճախ սեւ տեխնոլոգիաները, ըստ վարչապետի, եղել են էթիկայի սահմաններից դուրս եւ նա հարկ չի համարել անդրադառնալ դրանց: Մերի Հարությունյանի տեղեկացմամբ, վարչապետն ասել է. «Չեմ ցանկանում հետեւություններ անել, թե հերթական անգամ ով եւ ինչ նպատակ է հետապնդումՙ օգտագործելով այդ անձի կողմից հրապարակ նետված ինչ-ինչ մտքեր եւ, կարծում եմ, մամուլը այդ խայծը կուլ չի տա: Ցանկացած քաղաքացու նկատմամբ, ով էլ դա լինի, դատապարտելի է նման վերաբերմունքը»:

«Հանրապետություն» կուսակցությունն ու Սուրեն Աբրահամյանը պահանջում են կատարվածի բացահայտում. «Թող բացահայտի Անդրանիկ Մարգարյանը կատարվածի մեղավորներին եւ ցույց տա, որ իրեն չեն հաճոյացել»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4