«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՓՈԽԶԻՋՈՒՄ ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՈՒՄ

«Մենք չենք վախենում պատերազմից, բայց եւ չենք ցանկանում», իսպանական «Էլ Պաիս» թերթին տված հարցազրույցում նշել է Հայաստանի նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ նախարարի, ադրբեջանական տնտեսությունն ակտիվացման միտումներ է ցույց տալիս, չնայած, մյուս կողմից, 2005 թ. Հայաստանն առաջ էր Ադրբեջանից տնտեսական աճի ցուցանիշներով:

Սերժ Սարգսյանի մոտեցմամբ, հնարավոր չէ մարտունակ բանակ կառուցել հենվելով բացառապես ֆինանսների վրա, ուստի եւ նախարարը խորհուրդ է տալիս հույս չդնել փողերի վրա, վերադառնալ արդեն մեկ անգամ Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած անհաջող պատերազմի դասերի վերաիմաստավորմանը: Ինչ վերաբերում է ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ ելքի հավանականությանը, ապա, Սերժ Սարգսյանի խոսքերով, դա հնարավոր է, տեղեկացնում է «Ռեգնիում» գործակալությունը, արձագանքելով «Էլ Պաիսին»: «Յուրաքանչյուր խաղաղ համաձայնագիր ենթադրում է կողմերի համաձայնություն: Դա ամուսնական միության նման է, եթե մի կողմը համաձայն է, մյուսըՙ ոչ, ապա այդ միությունը երբեք չի լինի: Ուստի եթե մենք ձգտում ենք խնդրի լուծմանը, իսկ Ադրբեջանըՙ ոչ, ապա ի՞նչ կարելի է անել: Մենք գտնում ենք, որ հարցը կարելի է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով եւ փոխզիջման հիման վրա»:

Իսկ թե ինչ ասել է փոխզիջումը, նախարարը բացատրում է նախեւ առաջ ամուր խաղաղության առկայությամբ, որի հաստատումից որոշ ժամանակ անց հնարավոր է Ադրբեջանից փախստականների վերադարձ Ղարաբաղ: Թեեւ պատմության ընթացքում բախումներ ու պատերազմներ եղել են, Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվել են: Այսինքնՙ հայն ու ադրբեջանցին ապրել են միասին: Բայց ներկա պահին, երբ թարմ են վերքերը, Սերժ Սարգսյանը գտնում է, որ փախստականների վերադարձն անհնար է: Եվ տվյալ դեպքում փոխզիջում ասելով պետք է հասկանալ, որ Ադրբեջանը պետք է ճանաչի եւ ընդունի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փոխզիջման այլ բաղկացուցիչներ էլ կան, որոնք սակայն, նախարարը չի մանրամասնել:

Նախարարը մեկ անգամ եւս հաստատել է Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու եւ ոչ թե մեկ այլ կառույց տեղափոխելու նպատակահարմարությունը: Իսկ բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությունը Սերժ Սարգսյանը գտնում է օգտակար ցանկացած փուլում, մինչ այսօր էլ Ղարաբաղի չմասնակցելը բանակցություններին Ադրբեջանի կտրուկ դիրքորոշումն էր, որի պարագայում ընտրությունը մեկն էրՙ կամ բանակցել առանց Ղարաբաղի, կամ ընդհանրապես չբանակցել: Վերջինի դեպքում մեծանում էր պատերազմի հավանականությունը:

Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի վստահեցմամբ, Հայաստանը պատրաստ է, անգամ եթե վաղը ռազմական գործողություններ սկսվեն, թեեւ մոտ ապագայում, Սարգսյանի կարծիքով, ռազմական գործողություններ չեն վերսկսվի մի շարք պատճառներով. նախ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ ռազմական գործողություններ իրականացնել նման մասշտաբներով, երկրորդՙ համաշխարհային հանրությունը կարտահայտի իր դիրքորոշումն այդ գործողությունների նկատմամբ: Չէ՞ որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը ռազմական գործողությունների թարմացում կնշանակի շատ տեղերում: Պաշտպանության նախարարը գտնում է, որ ռազմական գործողությունների բացակայությունն արդեն իսկ դրական է, որն արդյունք է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում խնդիրների սրման անդրադարձին Հայաստանի վրա, ապա Սերժ Սարգսյանը գտնում է, որ ազդեցությունը բացասական կլինի, եւ Հայաստանում կայունության սպառնալիք կառաջանա: Եվ քանի որ կայունությունն ընդհանրապես տարածաշրջանում կարեւոր գործոն է, ապա Սերժ Սարգսյանը հավանական է համարում Կովկասում ինտեգրացիան Ադրբեջանի եւ Վրաստանի հետ: Թեեւ Ադրբեջանի հետ այդ մասին հնարավոր կլինի խոսել Ղարաբաղի խնդրի լուծումից հետո:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4