«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


«ԱԼԺԻՐՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎՈՒՄ

Ֆրանսիական մամուլը հեգնանքով է վերաբերվում դրան

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քվեարկության է դրվելու «Հայոց ցեղասպանության ուրացման» համար մինչեւ 5 տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք նախատեսող օրինագիծը: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա քվեարկությամբ կհաստատվի, ընդ որում առանց մեծ դժվարության: Համենայն դեպս, քվեարկությունը կասեցնելու պաշտոնական Անկարայի բոլոր ձեռնարկումներն ապարդյուն են անցել, ինչը նախորդ օրը հաստատել է Թուրքիայի արտգործնախարարությունըՙ հայտնելով թուրքական մամուլին, որ մարել են օրինագծի կասեցման բոլոր հույսերը:

Այս հանգամանքը հավասարակշռությունից հանում է Թուրքիային, նրա հակազդեցությունը նախ հիվանդագին բնույթ է ստանում, ապա վերածվում է հակաֆրանսիական հիստերիայի, որի մեջ պաշտոնական Անկարայի հետ հայտնվում են թուրքական կառավարությունը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, իշխող թե ընդդիմադիր քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու բազմաթիվ այլ կառույցներ:

Թուրքիայում ծավալվող հակաֆրանսիական հիստերիայի թերեւս ամենավառ արտահայտությունն «Ալժիրում Ֆրանսիայի իրագործած ցեղասպանության ուրացման» համար պատիժ սահմանող 3 օրինագծերի ընդգրկումն էր Մեջլիսի օրակարգում: Դրանցից առաջինը հեղինակել էր անկախական պատգամավորը, որին հետեւել էր ընդդիմադիր «Մայր հայրենիք» կուսակցության պատգամավորի օրինագիծը: Իսկ երրորդը պատրաստել է երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Մահմուդ Գյոքսուն:

Երեք օրինագծերի համադրմամբ ստեղծվել է մեկ ընդհանուր օրինագիծ, որն էլ քննարկման կդրվի Մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի նիստում, այսինքնՙ ֆրանսիական օրինագծի քվեարկությունից մեկ օր առաջ: Ըստ օրինագծի, մայիսի 8-ը հռչակվում է ալժիրցիների ցեղասպանության օր եւ ընդգծվում. «Թուրքիան բացահայտորեն ընդունում է Ալժիրում Ֆրանսիայի իրագործած ցեղասպանությունը»:

Ինչ վերաբերում է օրինագծի մեկնաբանությանը, ապա այնտեղ, ըստ «CNN-Turk»-ի, նշվում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեորեն պատժելու պատրաստակամություն ցուցաբերող Ֆրանսիայի վարչակարգն Ալժիրում իրագործված ցեղասպանությանը մոտենում է հակադարձ տեսանկյունից: Հանուն քաղաքական նպատակների իրականությունը խեղաթյուրող ֆրանսիացի քաղաքական գործիչները նախ պետք է հաշիվ տան մարդկության դեմ Անատոլիայում եւ Ալժիրում կատարված հանցագործությունների համար»:

Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ ալժիրցիների ցեղասպանության օր նշանակել մայիսի 8-ը: Այդ հարցին պատասխանում է «CNN-Turk»-ը, գրելով. «1945 թ. մայիսի 8-ին, երբ հանդիսությամբ նշվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ալժիրցիներն ազգային դրոշներով դուրս էին եկել փողոց եւ սպանել նրանց, ովքեր համագործակցում էին ֆրանսիացիների հետ: Խժդժություններին վերջ տալու համար ֆրանսիացի զինվորները նավատորմի եւ օդուժի աջակցությամբ կրակ էին բացել ցուցարարների վրա: Սպանվածների թիվն առ այսօր հայտնի չէ: Պարզապես ենթադրվում է, որ կրակոցների հետեւանքով սպանվել է 10-40 հազար ալժիրցի ցուցարար»:

Ի՞նչ արդյունքի կհանգեցնի Մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովում «Ալժիրում Ֆրանսիայի իրագործած ցեղասպանության ուրացումը» քրեորեն պատժող օրինագծի քննարկումը, հայտնի կդառնա այսօր: Բայց որ դա ֆրանսիական օրինագծի առնչությամբ հուսահատության մեկ այլ դրսեւորում է, կասկած չի հարուցում: Ավելին, ֆրանսիական թերթերը թուրքական վերոհիշյալ օրինագծին հեգնանքով են անդրադառնում:

Հոկտեմբերի 10-ին ինտերնետային էջում «CNN-Turk»-ը նշում է, որ Ֆրանսիայում ոչ ոք հաշվի չի առնում ինչպես Թուրքիայի սպառնալիքները, այնպես էլ ալժիրցիների ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը: «Միլիեթը» հավելում է. «Ֆրանսիայի Ազգային ժողովն անտեսում է օրինագծի առնչությամբ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը»: Իսկ «Զամանը» դժգոհում է Ֆրանսիայում բնակվող թուրքերից, թե օրինագիծը նրանց դնում է պոտենցիալ հանցագործի կարգավիճակում, իսկ նրանք օրինագծի նկատմամբ անհասկանալիորեն անտարբերություն են ցուցաբերում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4