«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


ՀՈԼՈՔՈՍԹԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի հրեական համայնքը հոկտեմբերի 27-ին Երեւանի օղակաձեւ զբոսայգում կբացի Հոլոքոսթի զոհերին նվիրված նոր հուշարձանը, որը կտեղադրվի 1999 թվականին բացված հուշաքարին կից` Մոսկովյան-Թումանյան խաչմերուկի հարեւանությամբ: Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի ասելով, նոր հուշարձանը հազվագյուտ է այն առումով, որ նվիրված է ոչ միայն հրեական Հոլոքոսթի, այլ նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ամբողջացնում է դաժանորեն ոչնչացված այս 2 ժողովուրդների տառապանքները:

«Մենք անչափ շնորհակալ ենք Հայաստանի իշխանություններից` Հոլոքոսթի զոհերին նվիրված հուշաքարի համար 1999 թվականին տեղ հատկացնելու համար: Դրանից հետո ինձ հանգիստ չէր տալիս նույն տեղում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կրած հայ ժողովրդի եւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հոլոքոսթի ենթարկված հրեաների հիշատակը հավերժացնող նոր հուշարձան տեղադրելու միտքը: Չափազանց գոհ եմ եւ երախտապարտ, որ այդ գաղափարս իրականություն դարձավ Հայաստանի հրեական համայնքի, Հանրապետական կուսակցության, «Նուշիկյան» ընկերակցության եւ այլոց աջակցությամբ», ասում է Ռիմա Վարժապետյանը:

Հուշարձանի բացմանը կհրավիրվեն մեծ թվով հյուրեր տարբեր երկրներից, կանցկացվի կլոր սեղան` քննարկելու 20-րդ դարի ցեղասպանությունների հետեւանքները: «Մենք կամենում ենք եւս մեկ անգամ ապացուցել, որ Հայաստանում ապրող հրեաները ձգտում են միայն օգտավետ գործեր կատարել եւ երկրին վնասելու ոչ մի նպատակ չունեն: Հուսով ենք, որեւէ չարագործ չի հանդգնի պղծել այդ հուշարձանը, քանի որ այն նվիրված է բարբարոսությունների զոհ դարձած ժողովուրդների հիշատակին», կարծում է հրեական համայնքի ղեկավարը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4