«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԸ

Նախորդ համարում «Ազգը», հենվելով թուրքական «Միլիեթի» վրա, անդրադարձել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիի հետ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, որի ընթացքում վերջինս «Հայոց ցեղասպանության ուրացումը» քրեորեն հետապնդող օրինագծի առնչությամբ աջակցություն էր խնդրել:

Պարզվում է, Սարկոզին Էրդողանին ասել է, որ պետք է մտածի, այնուհետեւ ինքն է զանգահարել: Նա վերոհիշյալ օրինագծի կասեցման համար Թուրքիայի վարչապետին առաջադրել է հետեւյալ նախապայմանները. «Բացել Թուրքիայի հայկական սահմանը, չեղյալ հայտարարել թուրքական քրեական նոր օրենսգրքի 301-րդ հոդվածը եւ հարցը քննարկելու համար ստեղծել հայ-թուրքական միջպետական երկկողմ հանձնաժողովՙ մասնակցությամբ քաղաքական գործիչների»:

էրդողանն, ըստ «CNN-Turk»-ի, պատասխանել է. «Մենք (հայ եւ թուրք պատմաբանների) համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկ ենք արել հայկական կողմին: Բարի կամքի այս դրսեւորումը համապատասխան արձագանքի չարժանացավ: 301-րդ հոդվածը որեւէ առնչություն չունի ֆրանսիական օրինագծի հետ: Այդ օրինագիծը ցույց է տալիս, որ Ֆրանսիան մտքի ազատության առումով Թուրքիային քննադատելու իրավունք չունի: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա դրա համար Հայաստանը նախ պետք է արձագանքի մեր ընդառաջ քայլերին»:

Նախարար Սարկոզիի վարչապետ Էրդողանին արած վերոհիշյալ երեք առաջարկների առնչությամբ «CNN-Turk»-ը նշում է. «Ֆրանսիայում քաղաքական դիտորդները չեն կասկածում, որ այս առաջարկների հեղինակը Սարկոզիի քաղաքականության գծով խորհրդական, հայազգի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանն է: Ի դեպ, պրն Դեւեջյանը «Հայոց ցեղասպանության ուրացման» համար պատիժ նախատեսող օրինագծի առնչությամբ, որը հոկտեմբերի 12-ին քվեարկության է դրվելու Ֆրանսիայի Ազգային ժողովում, ներկայացրել է փոփոխության առաջարկՙ պահանջելով օրինագիծն օրենքի ուժ ստանալու դեպքում դրույթները չտարածել պատմաբանների եւ գիտնականների վրաՙ չխոչընդոտելու համար ցեղասպանության հարցի շուրջը գիտական ազատ բանավեճերը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4