«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


ՎՐԱՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ

Գնահատում է Վահան Հովհաննիսյանը

Ռուս-վրացական հարաբերությունները ռուս-հայկականից ոչ պակաս վաղեմություն ունեն, եւ վրացիները շատ ավելի մոտ են եղել Ռուսաստանին, քան հայերը, գոնե ուղղափառ լինելու փաստարկով: Ներկայում վրացիները հանկարծ հասկացել են, որ Ռուսաստանն այլեւս իրենց նախկին մերձավորությամբ չի ընդունում, որոշ հարցերում նույնչափ չի աջակցում եւ նեղացածություն են դրսեւորում ձգտելով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել: Երեկ Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, ընդգծելով որ դա ամենեւին շահեկան չէ Հայաստանի համար, որի անկախությունը դեռեւս «ամբողջապես սպառնալիքներից երաշխավորված չէ»: Իսկ մեր հիմնական սպառնալիքը, ի տարբերություն Վրաստանի, Ռուսաստանից չէ, ըստ Հովհաննիսյանի: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի խնդրում հայկական կողմի «զիջողական, զգուշավոր պահվածքը իր լիմիտը սպառելու փուլում է» եւ ժամանակն է դրանից հրաժարվելու, ԱԺ փոխնախագահի կարծիքով:

Բռնությունը գեներալի հանդեպՙ այլանդակ երեւույթ

Վերջին օրերին Հայաստանում հաճախացած սպանությունները, դրանց փորձերը, հարձակումներն ու բռնությունները իշխանությունների կողմից իրավիճակը չվերահսկելու ապացույցներ չեն, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի. «Մեզանում միշտ էլ նախընտրական փուլերում վիճակը լարվում է, գնում է ազդեցությունների, ոլորտների բաժանման սկզբում ընդհատակյա, հետո` բացահայտ գործընթաց, որում որոշ անդաստիարակ տարրեր դրսեւորում են իրենց` խախտելով օրենքը»:

Դեռեւս վերջին նմանատիպ դրսեւորումը ՀՀ ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի նկատմամբ կիրակի առավոտյան գործադրված բռնությունը Վահան Հովհաննիսյանը, բնականաբար, այլանդակ համարեց, «որովհետեւ Սուրեն Աբրահամյանը քաղաքական գործիչ է, եւ բռնությունը նրա քաղաքական գործունեության հետ է կապվում: Սա ոչ միայն ընդունելի չէ, սա դատապարտելի է եւ պետք է վերացնել մեր կյանքից ընդհանրապես»: Վերջինի իրականացմանը, Հովհաննիսյանի համոզմամբ, կնպաստի «Թիկնազորային գործունեության մասին» ՀՅԴ ներկայացրած օրինագծի ընդունումը. «Այսօր սխալմամբ թիկնապահ են անվանում սափրագլուխներին: Սրանք իրականության մեջ թիկնապահ չեն, այլ մկաններով, գուցե նաեւ հրազենով զինված էսկորտ եւ իրականացնում են ֆունկցիա, որի իրավունքը չունեն»: Սուրեն Աբրահամյանի հանդեպ բռնություն գործադրելու առնչությամբ ԱԺ փոխնախագահը նկատեց. «Իհարկե, ապացուցված համարել չի կարելի, բայց ենթադրվում է, որ ինչ-որ մեկի շքախմբից են: Առնվազն ինքըՙ պարոն Աբրահամյանը, այդ ենթադրությունն արել է: Ես չեմ կարող ուղղակի հասցե նշել, թե սրանք ում շքախմբի մարդիկ կարող էին լինել: Եվ ընդհանրապես արդյոք սա ինչ-որ մարդկանց փորձ չէ՞ ցույց տալ իրենց հավատարմությունը, գերհավատարմությունը, նույնիսկ առանց հրամանի»:

«Էն մի ախպորը ներելը» նախադեպ կարող է դառնալ

Հոկտեմբերի 8-ին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով ձերբակալված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին ՀՅԴ-ն Վահան Հովհաննիսյանի հավաստմամբ ոչ մեղադրում, ոչ էլ արդարացնում է, քանի որ իրեն ոչ դատավորի, ոչ էլ դատախազի իրավասություն չի վերապահում. «Հակոբ Հակոբյանի դեմ ոչինչ չունենք, բայց եթե սա փորձ էՙ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը վերջապես վերացնելու, կոտրելու եւ օրենքը դարձնելու հավասար բոլորի համար, ապա դա ողջունելի է»: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, լավ չէ, որ մինչ Հակոբ Հակոբյանը շատ այլք, ովքեր ձերբակալված պատգամավորից առանձնապես ոչնչով ավել-պակաս չեն, կարողացել են օրենքի խստությունից խուսափել եւ դրա նախադեպ դառնալն անընդունելի կլինի. «Եթե էն մեր ախպորը ներել ենք, եկեք էս մեր ախպորն էլ ներենք»:

ՀՅԴ-ն գիտի ինչ է անում

«Այլ ատյանների խորհուրդ տալու համար ռոճիկ ստացողները» լիազորված չեն ՀՅԴ-ին խորհուրդ տալու: Սա Վահան Հովհաննիսյանի պատասխանն է ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցի երեկ հնչեցրած հայտարարությանը, թե ՀՅԴ-ն շեղվել է սոցիալիստական կուսակցության ուղուց եւ ավելի շատ լիբերալ է: Վահան Հովհաննիսյանն այնուամենայնիվ ասվածում ճշմարտության մաս տեսնում է, ՀՅԴ-ն գուցեեւ ձախ ուղղվածություն ունեցող կուսակցությանը ոչ բնորոշ քայլերը բացատրելով նրանով, որ «աղքատ երկրում անհապաղ եւ արագ սոցիալիզմ կառուցելը անխուսափելիորեն բերում է բոլշեւիզմի»: Իսկ սոցիալական ճիշտ համակարգ ներդնելու համար որոշ ազդեցությունների ժամանակը միայն տնտեսական զարգացման որոշակի մակարդակին պիտի հաջորդի «սակայն ոչ այն աստիճանի, որ անում էր Բագրատյանը եւ ոչ այն աստիճանի, որ անում է ներկայիս կառավարությունը»: Եվ հետո ՀՅԴ-ի համար այս կամ այն գործչի կամ պետական պաշտոնյաjի ասածը հիմք չէ: ՀՅԴ-ն հիմք է ընդունել կառավարության քառամյա ծրագիրը, հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ի պատասխան լրագրողի հարցին, թե ՀՅԴ ներսում կա՞ն կրիմինալ ուժեր, նկատի առնելով կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Հրայր Կարապետյանի կոռումպացված լինելու շուրջը տարբեր հայտարարությունները, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ոչ մի քաղաքական կուսակցություն երաշխավորված լինել չի կարող, որ իր անդամներից մեկը այս կամ այն քրեական կամ կոռուպցիոն հանցանքի մեջ խառնված լինի: Բայց դուք կոնկրետ անուն տվեցիք, եւ կոնկրետ անվան վերաբերյալ ես ասում եմ, որ դա հերյուրանք է եւ սուտ»:

2008-ի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն սեփական թեկնածուով է հանդես գալու, Հովհաննիսյանի վստահեցումն էր ի պատասխան լրագրողի հարցին, թե նշյալ ընտրություններում երկու անուն լինիՙ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, ապա ՀՅԴ-ն ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանի:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4