«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


«ՓՈՐՁԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ, ՈՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԾԱՆՐ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐՈՎ»

«Փորձը ցույց է տվել, որ նախընտրական միավորումներն ավարտվում են հետընտրական ծանր ապահարզաններով», առաջիկա ընտրություններում հաջողությունների հասնելու նպատակով միավորվող կուսակցությունների եւ դաշինքների առնչությամբ երեկ այս կարծիքը հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) ղեկավար Խոսրով Հարությունյանը: Նա համոզված է, որ ապագա խորհրդարանի կազմը առանձին, շատ փոքր բացառություններով, բայց այնուամենայնիվ կվերարտադրվի: Ինչ վերաբերում է հենց իրենց կուսակցության կամ նրա ղեկավարի նպատակներին, ապա Խոսրով Հարությունյանը նշեց, որ ինքը նախագահ դառնալու հավակնություններ չունի, թեեւ համոզված է, որ իր քաղաքական անցյալը դա թույլ է տալիս: Քաղաքական մեծամասնություն լինելու նպատակ կուսակցությունը նույնպես չունի. քաղաքական հիշյալ միավորումը, պրն Հարությունյանի պնդմամբ, ավելի շատ կարեւորում է քաղաքական գործընթացների որակը: Ընտրություններում իրենց նպատակները մանրամասնելուց պրն Հարությունյանը զերծ մնաց:

Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ Խոսրով Հարությունյանը գաղափարաբանական հենքի վրա հայեցակարգային պայքար չի ակնկալում: Կուսակցության ղեկավարը կարծում է, որ ընտրություններում պայքարի հիմնական շարժառիթը լինելու է իշխանության գալը, որի համար գործի կդրվեն պոպուլիզմը, փողը եւ կուսակցությունների քանակը: Ինչ վերաբերում է մեր երկրի ընտրությունների ժամանակ արտաքին միջամտություններին, ապա, պրն Հարությունյանի կարծիքով, բիրտ միջամտություն չի լինի, սակայն կլինեն ուժեր, որոնք կաշխատեն դրսի հետ:

«Քաղաքական պրոցեսը որակազրկվել է», ներքաղաքական իրավիճակի մասին խոսելիս ասաց ՔԴԿ ղեկավարը, ում կարծիքով քաղաքական պրոցեսն այսօր ընկալվում է զուտ պայքար իշխանության համար, եւ ցավալիորեն պակասում են գաղափարաբանական հենքի վրա կառուցված կուսակցությունները, թեպետ սաղմնային վիճակում գտնվողներ էլ կան, որոնք, պրն Հարությունյանի համոզմամբ, կզարգանան: Նրա խոսքով, կուսակցությունների ազդեցիկության արտահայտումն այսօր մեծաքանակությունն է: Բացակայում է նաեւ ներկուսակցական ժողովրդավարությունը, որն ազգային անվտանգության տեսանկյունից կարեւոր է: Կուսակցության ղեկավարը կարեւորում է քաղաքական գործընթացների բովանդակության նկատմամբ պահանջարկի ձեւավորումը, որի դեպքում կուսակցությունների շարքերում կհայտնվեն պրոֆեսիոնալներն ու կսպասարկեն հանրային շահը:

Հակակրիմինալ շարժման առնչությամբ Խոսրով Հարությունյանը նշեց, որ եթե կրիմինալ ասելով հասկանում ենք քաղաքական կյանքում ազդեցիկ դերակատարում եւ կրիմինալ անցյալ ունեցողներին, ապա ինքը քաղաքականության մեջ նոր մարդկանց չի տեսնում: Իսկ եթե կրիմինալ ասելով հասկանում ենք քաղաքական իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելը, ապա պրն Հարությունյանի խոսքով, դա նոր մտահոգություն չէ մեզ համար: ՔԴԿ ղեկավարը վստահ է, որ այդպիսի լղոզված ձեւակերպումների ֆոնի վրա հակակրիմինալ շարժումը կարող է վերածվել վհուկների որսի. «Հարցադրումն արհեստածին է եւ դրական լիցքեր քիչ է պարունակում»: Կուսակցության առաջնորդը համամիտ չէ հիշյալ հարցը քաղաքական կուսակցությունների միավորող, առանցքային հարց դարձնելուն: «Իսկ այլ կերպ ինչպե՞ս պետք է պայքարել կրիմինալի դեմ», «Ազգ»-ի հարցին պատասխանելիս Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ այդ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր կուսակցության ծրագրային բաղկացուցիչը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4