«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


ՄԵՐ ԵՐԿՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 60-70 ՏՈԿՈՍԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Հետազոտված երիտասարդների 70-80 տոկոսի տագնապի զգացողությունը ախտաբանական մակարդակի է հասնում

Մարդը հազար ու մի խնդիր ու հոգս ունի, առավել եւս քաղաքակրթվածության ծանր ճանապարհ անցնող մեր երկրի քաղաքացին: Այդ խնդիրները երբեմն ծանր ապրումներ ու ստրեսներ են առաջացնում, հաճախակի փորձության ենթարկում նրա հոգեկան խաղաղությունը: Սա հենց այն բարեբեր հողն է, որում հեշտությամբ զարգանում են ամենաանհավանական ծանր ախտեր, որոնց թվում եւ հոգեկան հիվանդություններ: Յուրաքանչյուր հասարակության բնակչության 3 տոկոսը նման խնդիրներ ունի: Հոգեկան հիվանդությունները, անկախ երկրի սոցիալ-տնտեսական ու բնակչության բարեկեցության մակարդակից, բոլոր երկրներում գրեթե նույն թվերն են ներկայացնում: Սրանք կապված են ավելի շատ մարդու կենսական (գենետիկ, ժառանգական, անձնային) մեխանիզմների հետ: Օրինակ, շիզոֆրենիայի միջազգային տվյալները 0,7-1,2 տոկոս են, եւ նույն մակարդակը նաեւ Հայաստանում է: Սոցիալական վիճակով, գուցե նաեւ երկրաշարժով, տնտեսական ճգնաժամերով ու արցախյան պատերազմով պայմանավորված Հայաստանում անհամեմատ շատ է ու շատանում է սահմանային վիճակներում` նեւրոզներով, դեպրեսիաներով տառապող անձանց թիվը: Հոգեկան առողջության վատթարացման մեջ արդեն ե՛ւ երկրի վիճակը, ե՛ւ մարդու ապրած միջավայրը, ե՛ւ ընտանեկան ու միջանձնային հարաբերությունները, ե՛ւ կորուստները կարող են մեծ դեր խաղալ:

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց թիվը ընդհանուր առմամբ հասնում է 30 հազարի, բայց սրանք միայն գրանցված հիվանդներն են: Մնացածները բժշկական որեւէ հսկողությունից դուրս են եւ հարկադրված ողջ կյանքի ընթացքում հանդուրժում են հասարակության թեական վերաբերմունքն ու մեկուսացվածության բոլոր դժվարությունները:

«Ստրես» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Սամվել Սուքիասյանը հավաստում է, որ զարգացած երկրներում բնակչության 40-60 տոկոսն ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ մեր կարգի` պարզապես զարգացման ճանապարհին գտնվող երկրներում այդ ցուցանիշը 60-70 տոկոս է: Քանի որ վիճակագրական հետազոտություններ չկան, լոկ հայեցողական դիտարկումներով մասնագետները պնդում են, որ այդ թիվը շարունակում է աճել: 18-22 տարեկան ուսանող երիտասարդների շրջանում կատարված ուսումնասիրության համաձայն, որի նպատակը նրանց ագրեսիվության եւ հուզական վիճակի հետազոտումն էր, պարզվել է, որ երիտասարդների 60-70 տոկոսի մեջ տագնապի տիրապետող զգացողությունն արդեն ախտաբանական մակարդակի է հասել: Դա հաստատում է, որ նեւրոզներն ու ստրեսները, որոնց այնքան էլ ուշադրություն չենք դարձնում, կարող են ծանր ավարտ ունենալ: Դրանք ոչ հազվադեպ հանգում են նաեւ ինքնասպանությունների: Սամվել Սուքիասյանը ասում է, որ ինքնասպանության փորձերը կամ ինքնասպանության, մտասեւեռումով տառապող անձանց թիվն անհամեմատ ավելացել է մեր հասարակությունում: Նա հենվում է դատախազության տվյալների եւ սեփական հիվանդների դիտարկումների վրա, որոնց մեջ այս մասին խոսողները եւ նույնիսկ ինքնասպանության փորձ անողներն ավելի հաճախ են հանդիպում: Ի դեպ, մասնագետները Հայաստանում արձանագրում են նաեւ ալկոհոլամոլության հետեւանքով առաջացած փսիխոզների աշխուժացում:

Երեւանում ընդհանուր առմամբ հոգեբուժական 7-8 հաստատություններ կան: Հանրապետական կենտրոնը միավորել է Ավանի, Նորքի, Նուբարաշենի, Քասախավանի 4 նմանատիպ հաստատությունները, ստացիոնարներ ու դիսպանսերներ են գործում Սեւանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում: Սակայն հանրապետությունում ծանր է հոգեբույժ մասնագետների հարցը: Դեպրեսիաներով, զանազան հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց թվի ավելանալուն զուգընթաց նվազում է հոգեբույժ մասնագետների քանակը: Պաշտոնական տվյալներով նրանց թիվը հասնում է 150-ի, սակայն հենց իրենց` մասնագետների պնդմամբ` 80-ի էլ չի հասնում: Երեւանի ոչ բոլոր պոլիկլինիկաները մասնագետներ ունեն, ոչ բոլոր մարզերում կան հոգեբույժներ: Նրանց մի մասը հեռացել է Հայաստանից, մի մասն էլ թողել է անեկամտաբեր մասնագիտությունը: Հոգեկան հիվանդների համար նախատեսված դեղորայքի տեսականին, հակառակ 7-8 տարի առաջ տիրող իրավիճակի, շուկայում խիստ առատ է:

Այսօր առկա է այլ պրոբլեմ: Թմրամոլության դեմ պայքարում ծայրահեղության հասնելով, ՆԳ վարչությունների, իրավապահ մարմինների նախաձեռնությամբ չափազանց դժվարացել է տագնապը մարող դեղամիջոցների ձեռքբերումը, անգամ միջին ծանրության հիվանդին խիստ անհրաժեշտ դեղերը խստորեն վերահսկվում են: Առանց դեղատոմսի դրանք չեն տրվում, կամ տրվում են քաշքշուկներից հետո: Սամվել Սուքիասյանը պատմում է իր հիվանդներից մեկի հետ կատարված զավեշտը: Ոստիկանը բռնել է նրան, որովհետեւ գրպանում հայտնաբերել է «լորազեպան» դեղը, որ նա ամեն օր օգտագործում է: Նրան ազատ են արձակել միայն բժշկի միջամտությունից հետո: «Այսօր հոգեմետ դեղերը խառնում են թմրանյութի հետ, ասելով, որ դրանք նույն ներգործությունն են ունենում: Սակայն կախվածություն նույնիսկ սովորական անալգինը կարող է առաջացնել, որը հոգեմետի հետ ոչ մի կապ չունի», ասում է Սամվել Սուքիասյանը:

Ի դեպ, եվրոպական շատ երկրներում իրեն քիչ թե շատ ինտելիգենտ համարող մարդը մշտապես գրպանում ունենում է հանգստացնող դեղեր, մտածելով, որ դրանք կարող են պետք գալ օրվա ընթացքում: Հոգեկան լարումները սահմանային վիճակի չհասցնելու եւ որեւէ հիվանդություն չվաստակելու համար մեր բնակչությունը որեւէ ճար չունի:

1992 թվականից հոկտեմբերի 10 ողջ աշխարհում նշվում է իբրեւ Հոգեկան առողջության համաշխարհային օր: Հայաստանում հոգեկան առողջության առաջին համայնքային ծառայությունը երեկ ՄԱԿ-ի գրասենյակում օրը նշում էր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գեղարվեստական ստեղծագործությունների (գեղանկարներ, գորգ, կավե աշխատանքներ, ասեղնագործություն) ցուցահանդեսով:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4