Գյումրու 33-րդ միջնակարգ դպրոցի նոր շենքի երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացումը առանձնահատուկ իրադարձություն էր քաղաքի կյանքում: 18 տարվա դժվարություններից ու սպասումներից հետո իր նորամուտը տոնեց քաղաքի վերջին տնակային դպրոցը: 260 աշակերտական տեղով, 310 մլն դրամ արժողությամբ գեղեցիկ ու հարմարավետ շինությունը կառուցվել է շվեյցարացի բարերար Լյուսիան Շտումպի եւ նույն երկրում գործող «Արմենիանոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի դրամաշնորհով ու կազմակերպական աջակցությամբ: Նախագծումը, հեղինակային եւ տեխնիկական վերահսկողությունը «Պրոջեքթ ընդ դիզայն» ՍՊԸ-ինն է: Կառույցի նշված արժեքի մեջ մտնում է նաեւ լավ կատարված կահավորումը:
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Գյումրու փոխքաղաքապետը, շինարարության ֆինանսավորողներն ու կազմակերպիչները, նրանց ողջունեցին դպրոցի սաները: Ինչպես նշվեց, սա նաեւ լավ նվեր էր Հայաստանի անկախության 15-ամյակին:
Դպրոցաշինությունը առաջին ավարտին հասցված վերականգնողական ծրագիրն է հետերկրաշարժյան Գյումրիում, ինչի առթիվ կարելի է շնորհավորել նաեւ հանրապետության կառավարությանը: Դա մասամբ ձեռք է բերվել նաեւ միջդպրոցական օպտիմալացման ճանապարհով` քաղաքի 9 դպրոցների վերացմամբ ու դրանց միավորմամբ այլ դպրոցների հետ: Շիրակի մարզպետարանի տվյալներով` ամբողջ մարզում երկրաշարժի հետեւանքով շարքից դուրս էր եկել 137 դպրոցական շենք, մինչեւ օրս ֆինանսական տարբեր աղբյուրներով կառուցվել եւ վերականգնվել է 85-ը: Կրթօջախներից 66-ի, այդ թվում Գյումրու 20 դպրոցների համար դեռ անհրաժեշտ է կառուցել մարզադահլիճներ, լուծել լոկալ ջեռուցման համակարգերի ոչ պակաս ծավալուն խնդիրը: Նոր հանձնված 33-րդ միջնակարգ դպրոցի հետ կառուցվել է նաեւ կաթսայատունը, իսկ մարզադահլիճի կառուցումը սպասվում է արդեն եկող տարի, պետբյուջեի միջոցներով:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի