Ուշադիր պետք է լինել հատկապես մարդկային հարաբերություններում
Մասնավորապես սփյուռքի գործարար շրջանակների կապերը Հայաստանի հետ սերտացան վերջին տարիներին: Հայաստանն իր նոր պետականության կայացման ծանր շրջանում, անշուշտ, կդժվարանար, եթե չլիներ սփյուռքի օժանդակությունըՙ ֆինանսական եւ մարդկային ներուժի: Այսօր արդեն Հայաստան-սփյուռք հարաբերությունները զարգացման նոր փուլ են թեւակոխել: Մեր կողմից պասսիվ խնդրատուի դերն այլեւս ժամկետանց է. ճիշտ համագործակցությունը սփյուռքի հետ լավագույն արդյունքներ կարող է ունենալ: Այս առումով Հայաստան-սփյուռք 3-րդ համաժողովը որոշակի առաջընթաց է արձանագրել գործարար հարթությունում. ակնկալիքները գյուղական շրջանների վերականգնողական ծրագրի հետ է կապված: Համաժողովի մասնակիցների գերակշիռ մասը սփյուռքից էին:
Մեր զրույցն այսօր հայր Հարություն Պզտիկյանի հետ է, որ ներկայացնում է Մխիթարյան միաբանությունը: «Որպես կազմակերպվածություն անսայթաք էրՙ մեծ պետություններու վայել, որպես բովանդակություն նույնպես ճոխ էր, մասնագետներու ներկայությունը գոհացուցիչ էր: Կփափագեի, որ Հայաստանն ավելի մեծ թիվով ներկայություն բերեր. առավելությունն Ամերիկային տված էին: Եթե ապագային կուզեք առավել արդյունավետ դառնա, անհրաժեշտ է, որ սփյուռքը ներկայացուցչական ըլլա, այսինքնՙ մասնակցին գաղութը ներկայացնող անձեր»: Այս առումով նա օրինակում է ֆրանսահայ գաղութը, որ ընտրված ներկայացուցչություն էր ապահովել համաժողովին: Հայաստանին որպես կայացած պետության արժանի կառույց, նա համարում է սփյուռքի ներկայացուցչական մարմինը, որը կազմակերպվածություն եւ որոշակիություն կհաղորդի հանդիպումներին, հնարավորինս բացառելով տարերային ելույթներն ու երբեմն կամայական հարցադրում-առաջարկները, կապահովի նաեւ համաժողովի դռնփակությունը, ինչն ավելի շահեկան է դիտվում: Զրուցակցիս տպավորությամբ այս համաժողովը գործնական տեսակետից ավելի արդյունավետ էր. խոսքը գյուղական ծրագրին է վերաբերում (չնայած սփյուռքահայ որոշ կազմակերպություններ եւ անհատ-բարերարներ («Իզմիրլյան» հիմնադրամ եւ այլն) ստանձնել էին գյուղացիական տնտեսություններին օժանդակելու պատասխանատվություն մինչ այդ) Հայաստանում մշակութային գործունեություն ծավալող Մխիթարյան միաբանությունն այս անգամ ներդրումներ է անելու տնտեսության մեջ: Վենետիկի նահանգիՙ գինեգործության արտադրությամբ հայտնի Կոնելիանո քաղաքի համագործակցությամբ նրանք աջակցելու են Վայոց ձորի մարզի Արենի գյուղում գինեգործության զարգացմանը եւ արտադրանքը միջազգային որակների հասցնելունՙ նկատի ունենալով Հայաստանում սննդարդյունաբերության այս տեսակի ներկայիս առաջընթացը, օգտագործելով նաեւ իտալական գործարար շրջանակների հետ ունեցած իրենց կապերը:
Զրուցակիցս, որ Հայաստանում է անցկացնում տարվա մի մասը, շատ է շրջագայում երկրում եւ տեղյակ է գյուղական բնակչության հոգսերին ու կարիքներին: Հայաստանի պատմամշակութային հնավայրեր նրա բազմակի այցելություններն ունեն որոշակի նպատակ: Հայոց հոգեւոր ճարտարապետության բազմաթիվ կոթողների մասին նրա նկարահանած 16 ֆիլմերից շատերը ցուցադրվել են հայկական հեռուստատեսությամբ: Դրանք շուտով ներկայացվելու են Վատիկանի հանրահայտ «Տելեպաչե» հեռուստաալիքի հայկական ծրագրով, որով աշխարհի տարբեր վայրերում հայկական մշակույթն ու մեր պատմությունը ճանաչելի դարձնելու հնարավորություն կընձեռվի: Այս տեսակետից հայր Հարություն Պզտիկյանը Հայաստանում տուրիզմի զարգացման լայն հեռանկարներ է տեսնում. «Նկատի առնելով Միջին Արեւելքի քաղաքական ոչ այնքան կայուն վիճակը եւ միեւնույն ատեն Հայաստանի համեմատաբար հանդարտ շրջանի մեջ գտնվիլը, մեր երկիրը կրնա մեծապես զարգացնել տնտեսական երկրորդ ճյուղը, որու համար բոլոր տվյալներն ունի: Սխալ է մտածել, որ մեր երկրի զբոսաշրջության շրջանը 4 ամիս կտեւե, իրականին մեջ Հայաստանը կարելիություններն ունի ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու, քանի որ արեւմուտքն այսօր գրեթե անմատչելի դարձուցած է իր ձմեռային կայանները: Սփյուռքի մասնագետները կարող են հայրենիքին ձեռք երկարել: Հաճելի դարձնելու համար զբոսաշրջիկին կեցությունը բավարար չէ հյուրանոցներու ու ռեստորաններու լավ մակարդակը, հարկ է խնամել մեր պատմական հուշարձաններըՙ յուրատեսակ եւ անկրկնելի իրենց տեսակի մեջ: Սակայն անոնց վիճակը ներկայիս շատ փայլուն պատկեր չի ներկայացներ»:
3-րդ համաժողովին հնչած տարբեր տեսակետներից ավելի ուշագրավն սփյուռքի նախարարություն կազմավորելու եւ պատգամավորական թեկնածուի առաջադրության խնդիրն էր, որոնց իրականացումը բազում առումներով կապված է երկքաղաքացիության օրենքի ընդունման հետ. «Միջպետական հարաբերություններու ոչ այնքան դյուրին հարց մըն է, օրենքներ կան բազում, որ կկարոտին իրավագետներու ուսումնասիրության: Սակայն հարցը այլեւս հրատապ է, կարելի չէ ձգձգել»:
Ուշադրության է արժանի նաեւ զրուցակցիս այն դիտարկումը, թե տեղացի մտավորականները քամահրական վերաբերմունք ունեն սփյուռքահայերի հանդեպ: «Սրահին մեջ հավաքվածները ամբողջ սփյուռքը չէին ներկայացներ, մենք շատ արժանավոր մտավորականներ ու հայրենասերներ ունինք: Պետք է նկատի առնել այս հանգամանքը, ուշադիր պետք է ըլլալ...»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ