«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎԱՃԱՌՔԸ ԿԱՅԱՑԵԼ Է, ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՆՐԱ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ

Նոր սեփականատերը ETISALAT ընկերությունն է

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհատեր «Արմենտելի» վաճառքի վերաբերյալ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ ընկերությունը 600 մլն դոլարով ձեռք է բերել արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT) Emergent Telekom Ventures (ETV) կոնսորցիումը: Մյուս կողմից, «Արմենտելի» ձեռքբերմանը հավակնող մեկ այլ ընկերությանՙ ռուսական MTC-ի պաշտոնական ներկայացուցիչները ասեկոսեներ էին համարել այդ լուրերը, վստահություն հայտնելով, որ իրենք են «Արմենտելի» վաճառքի համար հայտարարված միջազգային մրցույթի հավանական հաղթողը:

Այս լուրերի առնչությամբ վստահելի աղբյուրներից տեղեկացանք, որ «Արմենտելի» վաճառքն արդեն կայացած փաստ է, եւ այն ձեռք է բերել արաբական ընկերությունը: Սակայն առավել ուրախալի փաստն այստեղ այն է, որ գնորդը կամավոր հրաժարվել է ինտերնետի մենաշնորհից: Նույն աղբյուրի հաղորդմամբ, վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման եւ մրցանակների հանձնման արարողության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրել էր, որ «Արմենտելի» վաճառքից հետո ինտերնետի մատակարարման ոլորտն ազատվելու է մենաշնորհից, եւ այդ կապակցությամբ կլինի հատուկ հայտարարություն: Սրանով, փաստորեն, լայն հնարավորություններ են ստեղծվում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման համար, որի հիմնական խոչընդոտը այս ոլորտում «Արմենտելի» ունեցած մենաշնորհն էր:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4