Ասում է «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանը
«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր, կրթության միջազգային ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ Անահիտ Հարությունյանը, արձագանքելով «Ազգի»` «Ձեր սխալը մե՞նք պիտի սրբագրենք» հրապարակմանը, որտեղ խոսքը վերաբերում էր Հայաստանի կրթական հաստատություններից վաճառված դիպլոմներին (ինչի մասին գրել էր սիրիական մամուլը), կտրականապես հերքեց, թե հրապարակման մեջ արծարծված խնդիրը կապ ունի «Հայբուսակի» հետ: «Հրապարակման հեղինակը որեւէ փաստ ունի՞: Եթե փաստ չկա տակը` դա պարզապես հերյուրանք է, ինչի դեմ մենք բոլորս պետք է պայքարենք», ասաց նա «Ազգի» հետ հեռախոսազրույցում:
Խնդիրը մանրամասնելու համար այցելեցինք համալսարան եւ ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:
- Բացարձակ մեզ հետ որեւէ առնչություն չունի Սիրիայից գրած հայի նամակը, որ տպագրվել է Ձեր թերթում, դեռ թերթի ճակատին էլ անհասցե, անփաստ տրվել է «Հայբուսակի» անունը: Մենք տարիներով մեզ համար հեղինակություն չենք ձեռքբերել, որ ինչ-որ մեկը մեզ ապրիորի անվանարկի: Նախ` մենք Սիրիայի հրապարակումներին էլ ենք շատ լավ ծանոթ առ այն, որ այլեւս մասնավոր բուհերի դիպլոմները Սիրիան չի ընդունելու, մինչեւ դրանց տերերը հատուկ կուրս չանցնեն: Սակայն սիրիական թերթերում «Հայբուսակի» հետ կապված որեւէ ակնարկ չի եղել, «Հայբուսակի» անունը որեւէ անգամ չի տրված:* Ընդհանուր դիտարկումներ են եղել` ուղղված այն բանին, որ պետական բուհերի դիպլոմներով միայն գան: Իսկ կեղծ դիպլոմի մասին խոսելն անգամ ավելորդ է, մենք այդպիսի պրոբլեմ չունենք: Օրինակ` Օդեսայում գտնվել է մի բնակարան, որտեղ աշխարհի բոլոր երկրների կեղծ փաստաթղթեր ու դիպլոմներ են սարքվել: Է, մենք ինչ իմանանք` մեր դիպլոմներից կեղծվել են, թե՞ ոչ: Հալեպցի հոդվածագիրը, առանց մատնանշելու կամ ստուգելու ինչո՞ւ է Հայաստանին խայտառակում: Եվ ինչո՞ւ է մեր անունն առաջին էջում հայտնվել` ոչ մի փաստ չմատնանշելով:
- Սակայն չեք ժխտում, որ Հայաստանի մասնավոր բուհի` հատկապես բժշկական հաստատությունների դիպլոմները Սիրիայում չեն ընդունվում:
- Դիպլոմը չընդունելու պրոբլեմը որ ծագեց Սիրիայում` մեր շրջանավարտներն էլ ձեռքերը ծալած չնստեցին, մի քանի անգամ դատական գործընթացներով բարձրացրել են հարցը, որոնց արդյունքում որոշում կայացվեց, որ մեկ տարվա տեղական կուրս պետք է անցնեն Հայաստանում կրթություն ստացածները, դրա համար վճարեն եւ ապա քննություն անցնեն: Բայց դա արդեն իրենց երկրի խնդիրն է: Իսկ ընդհանրապես բժշկական կրթության դիպլոմը ողջ աշխարհում ընդունված կանոններով դեռ հնարավորություն չէ բժիշկ աշխատելու համար, անպայման հետդիպլոմային կրթություն է պետք:
- Իսկ մասնավոր բուհի դիպլոմը չընդունելու խնդիրն ինչո՞ւ ծագեց Սիրիայում:
- Պատճառն ավելի քան պրիմիտիվ է. Սիրիայի կառավարությունը երբ տեսավ, որ իրենց երիտասարդները մեծ թափով գալիս են Հայաստան, ոչ թե Վրաստան, ոչ թե Ադրբեջան, այլ հենց Հայաստան, հեշտությամբ ընդունվում-դժվարությամբ սովորում են մասնավոր բուհում, դժվարությամբ ավարտում են, որոշեց դրա դեմն առնել. նրանց երկու նախարարներից մեկն այսպիսի հաշվարկ է ցույց տվել մեզ, որ իրենց երիտասարդները տարեկան 7-8 հազար դոլար են ծախսում մեր երկրում, էդ յոթ հազարն այնտեղ կմուծեն ու կմնան այնտեղ. կրթության եւ առողջապահության նախարարները բացեցին իրենց մասնավոր համալսարանները:
- Բացառո՞ւմ եք մասնավոր բուհի դիպլոմավորի ցածր գիտելիքների գործոնն այս դեպքում:
- Ես Հայաստանում բազմաթիվ բուհեր գիտեմ, որտեղ ոչ միայն գիտելիք չեն տալիս, այլեւ ընդհանրապես խեղկատակություն է նման հաստատությունը բուհ կոչելը, բայց գնահատական տալն իմ գործը չէ. ես ընդամենը պարտավոր եմ իմանալ իրավիճակը, նույն դաշտում եմ աշխատում, եւ Դուք էլ գիտեք: Սակայն «Հայբուսակը» տարին տարվա վրա հեղինակություն է ձեռք բերել ողջ տարածաշրջանում քրտնաջան աշխատանքի շնորհիվ, 3500 ուսանող ունի, 400 դասախոս, մի պատկառելի մասը գիտության դոկտորներ եւ թեկնածուներ են, եւ թերթը, առանց կոնկրետ մեզ հետ կապված փաստ մատնանշելու եւ առանց ստուգելու` նրանց հեղինակությանն է խփում:
- Այսինքն` ուզում եք ասել, որ հայաստանյան մասնավոր բուհերի դեմ ծավալվող արշավը` սիրիական շատ կոնկրետ շահագրգռությունների արդյո՞ւնք է:
- Այդպես էլ կա. դա մեզ ասել են տեղի բնակիչները` թե՛ արաբներ, թե՛ հայեր, եւ հալեպցի ձեր հոդվածագիրը ջուր է լցնում հենց նրանց ջրաղացին:
Երբ մեր համալսարանում սիրիացի ուսանողների թիվը շատ էր մեծացել, Սիրիայի կրթության նախարարությունից 4 հոգուց բաղկացած հանձնախումբ է եկել համալսարան, ուսումնասիրություններ է կատարել, դրական եւ շատ բարձր կարծիք է հայտնել «Հայբուսակ» համալսարանի մասին: Նրանք անցել էին բոլոր համալսարաններով, որտեղ թեկուզ մեկ սիրիացի էր սովորում, որի արդյունքում թե՛ իրենցից, թե՛ կրթության ոլորտի պատասխանատուներից շատ բարձր կարծիքներ ենք լսել մեր համալսարանի մասին: Եթե մենք հեղինակություն չվայելեինք, ցույց տալու բան չունենայինք կամ խուսափեինք ցույց տալու բաներից, մեր տարածաշրջանի բոլոր կրթական ցուցահանդեսներին մեզ մեծ սիրով չէին հրավիրի, հենց հիմա ԱՊՀ երկրների բարձրագույն կրթության ցուցահանդես է, մտեք կրթության նախարարություն, հարցրեք, Հայաստանից մասնակցում ենք 3 պետական բուհ եւ մենք: Մեր շրջանավարտները հաջողությամբ աշխատում են աշխարհի շատ երկրներում, հենց սիրիացի մոտ 100 շրջանավարտից (արաբ եւ հայ) տեղեկություն ունենք, որ լավ մասնավոր պրակտիկա են ծավալում, աշխատում նաեւ պետական համակարգում:
- Դուք հիմա սիրիացի ուսանող ունե՞ք:
- Անցած տարի ընդունվել են, այս տարի` ոչ:
- Պետական կառույցները մտահոգ չե՞ն, որ իրենց հավատարմագրած բուհը կանգնել է այն պրոբլեմի առաջ, որ նրա դիպլոմը Սիրիայում չի անցնում:
- Պետությանը մենք չենք դիմել, եւ ասեմ թե ինչու. որովհետեւ պետական օղակները տարին տասներկու ամիս մեզ մոտ ստուգումներ են անում, մենք նախարարության հետ աշխատում ենք, վերջապես տեղացի երեխաների համար ենք բացել մեր բուհը:
- Հիմա ո՞ւմ պրոբլեմն է դա:
- Դիպլոմը չընդունելու պրոբլեմով զբաղվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, կառավարության այլ օղակներ, բայց շատ վատ են զբաղվել, ուզեցել են ապացուցել, որ մեր երկրում հավատարմագրված մասնավոր բուհը տալիս է ճիշտ նույն դիպլոմը, ինչ պետականը, եւ դա ինչ-ինչ պատճառներով (ավելի շուտ` վերը մեր մատնանշած պատճառներով) չեն կարողացել: Որ սիրիացի ուսանողները սկսեցին գնալ Ռուսաստան, այլ երկրներ` դա պետք է պրոբլեմ լիներ նախեւառաջ մեր պետության համար, որովհետեւ սիրիացի ուսանողները մեզ մոտ 500 դոլար ուսման վարձ վճարելով` 5 հազար դոլարից ավելի ծախսում էին ապրելու ընթացքում, այդքան տարեկան թողնում էին Հայաստանում: Հիմա չեն գալիս, որովհետեւ մեր պետությունում ոչ ոք չուզեց այս հարցով զբաղվել, քանի որ միջպետական պայմանագիրը չի աշխատում: Դրա համար կա նախարարություն, կա կառավարություն, Ազգային ժողով` թող զբաղվեն: Դա իմ պրոբլեմը չէ, որովհետեւ երբ մեր համալսարանը հիմնադրել ենք` չենք երազել, որ արտասահմանից ուսանողներ պետք է այնտեղ սովորեն, բայց հիմա էլ շատերը կան` Իրանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից ուսանողներ ունենք: Իսկ կեղծ դիպլոմների պրոբլեմը մերը չէ: Որ Սիրիայում կա հայ համայնք` ես դա շատ եմ կարեւորում. տարեկան երկու անվճար տեղ մենք տալիս ենք Սիրիայի հայկական համայնքին, բայց մինչեւ հիմա ընդամենը 4 ուսանող է զբաղեցրել այդ տեղերը` 10-ի փոխարեն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
* Դժբախտաբար սիրիական մամուլում առնվազն երկու անգամ նշվել է անունը, սակայն պատճառաբանելով, որ այն պետական հավատարմագրում չունի Հայաստանում, ինչը փաստորեն սխալ է: Խմբ.: