Երեկ ՀՀ մշակույթի եւ երիտասարդական հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի հյուրերն էին Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր շրջանի ղեկավարության պատվիրակությունը, փոխնախարար Պատրիկ Ալեմանի գլխավորությամբ: Հանդիպումից հետո խնդրեցի նախարարին տեղեկացնել, թե հիմնականում ինչ թեմաների շուրջ էին ընթանում քննարկումները: «Արդեն չորս տարի է, որ մեր համագործակցությունը շարունակվում է եւ այն շատ հստակ է, քանի որ կոնկրետ բնագավառները նախանշված են: Դրանք են` կինոն, ժողարվեստը, գրքերի հետ կապված միջոցառումներՙ սկսած թարգմանությունների փոխանակումներից մինչեւ ցուցահանդեսներ եւ այլն: Այսօր մենք արձանագրում ենք այն հանգամանքը, որ այդ ծրագիրը նախանշված էր, բայց շատ ակտիվ չէր իրականացվում, այս փուլում մենք արձանագրում ենք կոնկրետ քայլեր: Մեր երիտասարդ կինոռեժիսորները կմասնակցեն Կաննին զուգահեռ ընթացող երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոնին, Մարսելում կազմակերպվող գրողների հավաքին, որի արդյունքում կստեղծվի հայ եւ ֆրանսիացի գրողների գործերից կազմված մի ժողովածու, Մարսելի լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցություն եւ այլ համատեղ ծրագրեր»: Տիկին Պողոսյանը ամփոփելով նշեց, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին եղած կապերը ավելի ամրացրեց ու գործընթացը ավելի աշխուժացավ ու իր կարեւոր դերն ունեցավ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ