Երեկ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանագրով ՀՀ-ում գրադարանային գործի զարգացման, գրավոր մշակույթի պահպանման եւ տարածման բնագավառներում ունեցած ծառայությունների համար նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեցին Խնկո-Ապոր անվ. ազգային մանկական գրադարանի գլխավոր գրադարանավար Մարի Կոշկակարյանը, Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Գասպար Գրիգորյանը, Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանը, ԱԺ-ի տեղեկատվական վարչության գրադարանային բաժնի վարիչ Ֆաթմա Խաչատրյանը: Նախարարության պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնվեց հանրապետության բոլոր գրադարանների լավագույն 25 աշխատակիցներին: Տիկին Պողոսյանը մեկ անգամ եւս շնորհավորելով գրադարանների աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով, բարձր գնահատեց նրանց աշխատանքը եւ խոստացավ կամաց-կամաց լուծել այդ բնագավառում ծառացած խնդիրները:
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ «Գրադարանների միջազգային ասոցիացիայի» պրեզիդենտ Մասսիմո Ջենտիշի Տեբեսկը Իտալիայից եւ քարտուղար տկն. Ռութ Հելլեն` Մեծ Բրիտանիայից: 2000 թ. Հայաստանը անդամակցելով ասոցիացիային, փորձում է համատեղ ծրագրեր իրականացնել: Պրն Մասսիմոն շնորհավորելով հայ գրադարանավարներին նշեց, որ Իտալիայում չկա նման տոն եւ կարծիք հայտնեց, որ Հայաստանից շատ բան ունեն սովորելու:
Միջոցառման ընթացքում բազմաթիվ շնորհակալական խոսքեր ասացին գրադարանավարները: Իսկ Շիրակի մարզի գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը հանրապետության երաժշտական միակ գրադարանին նվիրեց Ռոբերտ Հիկկուքի երաժշտական հանրագիտարանը (երկու գրքով): Գրադարանավար Գոհար Թովմասյանը (Արմավիրի մարզ) նախարարին առաջարկեց իրենց աշխատանքը նույնպես համարել մանկավարժական, քանի որ հիմնականում աշխատում են դպրոցականների հետ ու նրանց դաստիարակության հարցում իրենց բաժին լուման ունեն: Հանդիպումն ավարտվեց մտքերի փոխանակմամբ եւ առաջիկա ծրագրերի ներկայացմամբ:
Մ. Մ.