«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՌԻՆԳՈՒՄ ԽԵԼՔՆ Է ՀԱՂԹՈՒՄ»

«Ոչ մի իրադրության մեջ ինքնավերահսկումը չի կորցնում», ասում է ռինգի բժիշկ Վալտեր Վագները:

«Հեշտ չի հանձնվի, նա բացառիկ ուժեղ է», պնդում է մարզիչ Ուլլի Վեգները:

«Հերոս է», «ո՞վ է Արթուր Աբրահամն» իմ հարցին սպառիչ պատասխանում է փողոցում ինձ ընդառաջ եկած առաջին անցորդը:

«Որտեղի՞ց այդքան ուժ», չորեքշաբթիՙ հոկտեմբերի 4-ի երեկոյան հարցնում եմ Բեռլինի օդանավակայանում թռիչքի սպասող Արթուր Աբրահամին: Աշխարհի չեմպիոնի փոխարեն ինձ Ուլլի Վեգներն է պատասխանում. «Բնության պարգեւ է»:

Երկու շաբաթ է արդեն Գերմանիայում ու նրա սահմաններից դուրս փորձում են հասկանալՙ ո՞վ է երեւանյան Չարբախից Բեռլինի Շառլոտենբուրգում, Ենգիբարյան բռնցքամարտի դպրոցից մեծ ռինգում հայտնված այս 26-ամյա մարզիկը, նա, ով ծնոտի կրկնակի կոտրվածքով, արնաքամ, ռինգից վիրահատարան է գնումՙ հաղթանակած ու բռնցքամարտի համաշխարհային պատմության մեջ սեպտեմբերի 23-ին նոր էջ գրում:

Արթուր Աբրահամի հետ հեռախոսային մեր բլից հարցազրույցըՙ ստորեւ:

- Նախՙ ինչպե՞ս անցավ վիրահատությունը: Հիմա ինչպե՞ս եք: Տիտանե թիթեղներն ու 22 պտուտակագամերը Ձեր բերանում դեռ ինչքա՞ն են մնալու:

- Լավ եմ, հոգեպես ավելի եմ ուժեղացել: Վիրահատությունից մի քանի ժամ հետո ման եմ եկել: 4-5 ամսից թիթեղները կհանեն:

- Գերմանական մամուլն այնպիսի տպավորություն է ստեղծել, թե առողջության մասին չեք մտահոգվում:

- Առաջին տեղում առողջությունս է: Մինչեւ կոտրվածքը չլավանա, ռինգ դուրս չեմ գա: Աշխարհում միայն ես չէ, 35 բռնցքամարտիկ կոտրել է ծնոտը: Բայց ոչ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել:

Դրա համար էլ գերմանացիները գրեցին. «Ալին մնաց Աբրահամի ստվերում»:

Եթե գրել են, ուրեմն ճիշտ է: 20 անգամ էլ աշխարհի չեմպիոն լինեի, միգուցե պատմության մեջ չմնայի, բայց հիմա...

- Պատմության մեջ մնալու գինը շատ թանկ չեղա՞վ:

- Իսկ կա՞ մեկը, որ հեշտ է մտել պատմություն:

- Գերմանական հեռուստատեսությանը տված Ձեր վերջին հարցազրույցում ասացիք. «Թույլ մարդը չի կարող բռնցքամարտիկ լինել: Զգացի, որ կարող եմ հաղթել, պիտի հաղթեմՙ պատվի հարց է»: Ի՞նչն օգնեց Արթուր Աբրահամին չեմպիոնի գոտին չկորցնելՙ բարձր պրոֆեսիոնալի՞զմը, պատվախնդրությո՞ւնը, երկրպագուների աղոթքնե՞րը, ճակատագի՞րը..

- Խելքը: Ուղեղը պիտի այնպես աշխատի, որ մարզիկին ոգեշնչի, թե ինքը ուժեղ է: Ռինգում մի բան գիտեմՙ ես կհաղթեմ բոլորին:

- Այդ օրը Ձեզ ցավի հետ մենակ չէի՞ք զգում: Խուճապային տրամադրություն չկա՞ր: Ինչպե՞ս վերահսկեցիք իրադրությունը:

- Խուճապ իհարկե կարՙ արյուն ես կորցնում ու շատ ջուր խմում, 6 լ արյունից եթե 2-ը կորցնում ես, օրգանիզմդ թուլանում է: Իսկ ռինգում միշտ մենակ ես: Բայց դժվար իրավիճակում պիտի ցույց տաս ուժդ, ցույց տաս, որ տղամարդ ես:

- Ձեր երկրպագու հեռուստադիտողներից մեկը կարծիք հայտնեց, թե երկու բռնցքամարտիկների համար էլ այդ խաղը մեծ դաս էրՙ Միրանդան հասկացավ, որ անպարտելի չէ, իսկ Աբրահամն էլ տեսավ, որ բոլորն իր նման ինտելիգենտ չեն խաղում: Ո՞րն է այդ խաղից ստացած դասը Ձեզ համար:

- Ամեն մի խաղից մի դաս քաղում ես, փորձդ է ավելանում: Նորից համոզվեցիՙ ռինգում հաղթում է նա, ով խելացի է:

- Ինչպիսի՞ բռնցքամարտիկ է Միրանդան:

- Փնթի: Ամեն միջոցի կդիմի, միայն թե հաղթի:

- Իսկ Ձեզ համար հաղթելն ամենակարեւորը չէ՞:

- Ինտելիգենտ խաղն է ամենակարեւորը, հենց դա էլ օգնեց, որ հաղթեմ:

- Ձեր մասին գերմանացի մասնագետներն ասում են, թե ռինգում նախ լավ վերլուծում եք մրցակցի խաղաոճը: Սպասո՞ւմ էիք, որ Միրանդան նման վայրագ խաղ ցույց կտար:

- Նրանից ամեն բան էլ սպասում էի: Ոչ այդ աստիճանիՙ իհարկե:

- Ասում եքՙ հետո փոխեցիք տակտիկան: Ի՞նչ է դա նշանակում:

- Սկզբում որոշել էի նոկաուտով հաղթել նրան: Վնասվածքից հետո սկսեցի ռինգում ավելի շատ ման գալ, խուսափելով դեմքիս հասցվելիք հնարավոր հարվածներից:

- Նախքան մրցամարտն ասել էիք, թե Միրանդային ստիպված կլինեք 3 անգամ տեսնելՙ կշռվելիս, ռինգում եւ հիվանդանոցում: Բայց հիվանդանոց Ձե՛զ տարան:

- Ճիշտ է, բայց կարեւորն այն է, որ ես հաղթանակած էի հիվանդանոցում:

Իսկ Միրանդային նրա մենեջերները հազիվ կարողացան փախցնելՙ դահլիճը չսիրեց նրան, շատերն էին թքում, շշեր նետում նրա վրա:

- Երբ դիտեցիք խաղի տեսագրությունը, ի՞նչ ցանկություն առաջացավ:

- Նորից ռինգում լինելու ու մրցելու Միրանդայի հետ:

- Մինչեւ Միրանդայի դեմ մարտն էլ Հայաստանում, կարծում եմ, ազգային հերոսի «կարգավիճակում» էիք: Երկրորդ շաբաթն է արդեն հերոս բառը Ձեր անվանը կից է թե՛ գերմանական, թե՛ ամերիկյան մամուլում:

- Վատ բան չի, թող գրեն:

- Նախորդ մրցելույթներից մեկը նվիրեցիք Ղարաբաղում զոհված տղաների հիշատակին, այս անգամ Արարատն էիք նկարում: Ձեր քաղաքականության դեմ թուրքերը չե՞ն բողոքում:

- Մի անգամ էլ ապրիլի 24-ն եմ հիշատակել: Մինչեւ հիմա ոչ մի բողոք չեմ լսել:

- Միրանդայի դեմ հաղթանակն ու՞մ էր նվիրված:

- Մայրիկիս 50-ամյակին: Նրան ասել էի, որ իր նվերը ռինգում կստանա:

- Շատ «ծանր» նվեր չէ՞ր:

- Մայրս Գերմանիայում էր, մրցամարտին մեր հարազատների հետ հետեւում էր հեռուստացույցով: 4-րդ ռաունդից լաց է եղել, նրան չեն թույլ տվել, որ դիտի խաղը:

- Ձեր եղբայր Ալեքսանդրը հեռուստաեթերից ասացՙ այդ պահին ի՛մ արյունն էր հոսում:

- Ճիշտ է ասում, եղբոր սիրտն ուրիշ է: Երբ ինքն է ռինգում, ի՛մ ձեռքերն են դողում:

- Երկրպագուների ձայները օգնո՞ւմ, թե՞ խանգարում են Ձեզ:

- Նրանց ձայները չեմ լսում: Երբ ռինգ եմ դուրս գալիս, երկու ձայն եմ միայն լսումՙ մարզչիս ու եղբորս: Իսկ նրանք ինձ շատ են օգնում:

- Լրագրողները Ձեր մարզչին շատ մեղադրեցին:

- Հրաշալի մարզիչ ունեմ: Ռինգում ինձ 100 անգամ հարցրեցինՙ պատասխանս մեկն էրՙ ուզում եմ շարունակել: Մարզիչս էլ նույն կարծիքին էրՙ նա ամենալավն է ինձ ճանաչում: Հայկական դաստիարակություն էՙ կյանքում պարտություն չեմ սիրում:

- Վերջերս Դուք ԳԴՀ քաղաքացիություն ստացաք: ՀՀ քաղաքացի լինելով Դուք աշխարհի չեմպիոն դարձաք: Ինչո՞ւ փոխեցիք Ձեր քաղաքացիությունը:

- Գերմանիան ինձ դարձրեց աշխարհի չեմպիոն: Լավ մարզիչ, լավ մենեջեր այստեղ ունեցա:

- Եթե Հայաստանում մնայիք, աշխարհի չեմպիոն չէի՞ք լինի:

- Ոչ:

- Ինչո՞ւ: Լավ մարզիչներ չկա՞ն:

- Ուժեղ մարզիչներ կանՙ Դերենիկ Ոսկանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Մեհրաբյանը, Անտոնյանը, բայց պայմաններն այն չեն:

- Ձեր անձնական իրերի աճուրդից ստացված գումարները փոխանցում եք Գերմանիայում քաղցկեղով տառապող երեխաներին: Հայաստանում ծրագրեր չունե՞ք:

- Ուզում եմ Հայաստանում էլ բռնցքամարտի դպրոց հիմնել, տաղանդավոր երեխաներ շատ կան:

- Ձեր մարզիչը, գերմանացի մեկնաբանները միշտ են շեշտում, որ Դուք կարող եք Գերմանիայի պատմության լավագույն բռնցքամարտիկը լինել:

- Ուզում եմ դառնալ, պիտի դառնամ: Ով փողոցում տեսնում ու ճանաչում է ինձ, գլուխ է խոնարհում, գերմանացին արյան մեջ խաղը չէր շարունակի: Մենք (նկատի ունի հայերին-Ան. Հ.) շատ դժվար օրեր ենք տեսել, մեր ապրած կյանքը մեզ սովորեցրել է դիմանալ:

- Բռնցքամարտի մեկնաբանները Ձեր մրցակիցների մասին ասում են, թե խիզախ են, բայց Աբրահամի որակական աստիճանը չունեն: Կարելի՞ է հասկանալ, թե ռինգում թույլերի հետ եք մրցում:

- Բոլորի որակական աստիճանը բարձր է, բայց, ինչպես ասացի, ռինգում խելքն է հաղթում:

- Հայաստանի դժվար կյանքից հետո աշխարհի չեմպիոնը հիմա շքեղությո՞ւն է վայելում:

- Ոչ, նույն մարդն եմ մնացել:

- Ինչպե՞ս, ինչո՞ւ ընտրեցիք բռնցքամարտը:

- Հեռուստացույցով շատ էի դիտում: Տեսնում էի ինչպես են դառնում աշխարհի չեմպիոն, ինձ դա ոգեւորեց: Որոշեցի դառնալ ու դարձա: Իսկ կյանքում մինչեւ նպատակիս չհասնեմ, չեմ հանգստանա:

- Դուք աշխարհի չեմպիոն եք արդեն: Ինչի՞ եք ձգտում հիմա:

- Աշխարհի չեմպիոնի 4 գոտիներից մեկն ունեմ, ուզում եմ չորսին էլ տիրանալ:

- Ինչո՞ւ Ավետիք Աբրահամյանը դարձավ Արթուր Աբրահամ:

- Որ գերմանացիներն անունս հեշտ հիշեն: Մտերիմներիս համար Ավետիք եմ, ինձ «չճանաչողների» համարՙ Արթուր Աբրահամ:

-Ձեզ հաճախ այսպես են ներկայացնումՙ ծագում է Հայաստանից, բայց վաղուց նրա հայրենիքը Բեռլինն է:

- Բեռլինում ապրում եմ, իսկ Հայաստանը իմ միակ հայրենիքն է:

- Ո՞վ է Ձեր սիրած բռնցքամարտիկը:

- Երիտասարդ Թայսոնը:

- Ո՞րն է սիրելիՙ թզուկի գլխարկը, թե՞ թագը:

- Երեւի թագը:

- Նախորդ օրը գերմանական BR-ի եթերից ասացիք, թե ուզում եք 3 տղա ունենալ: Ո՞վ է, ինչպիսի՞ն է կամ պիտի լինի աշխարհի չեմպիոնի հարսնացուն:

- Հարսնացու դեռ չունեմ: Բայց կուզենամ այնպիսին լինի, որ բոլորը հարգեն: Հայ ընտանիքի աղջիկ լինի, որ երեխաներս հայ լինեն: Այո, երեք տղա եմ ուզում ունենալ: Մեկը քաղաքագետ թող դառնա, մյուսը սպորտն ընտրի, երրորդն ազատ էՙ ինչ ուզում է, թող դառնա:

- Ձեզ բժիշկները հեղուկ սննդանյութ են նշանակել: Իսկ ընդհանրապես ի՞նչ եք սիրում ուտել, խմել, չեմպիոնին ի՞նչն է ուժ տալիս:

- Հիվանդանոցում 35 տեսակի ապուր կար: Բանջարեղենով ու կարտոֆիլով ապուրն ամենաշատը դուր եկավ: Իսկ ընդհանրապես ամենաշատը սթեյք ու սպագետի եմ ուտում: Բայց իհարկե, բոլորը գիտենՙ մրցելույթից հետո իմ սիրած ճաշատեսակըՙ տապակած կարտոֆիլն անպայման պիտի ուտեմ: Եղբայրս էլ, ես էլ ոչ ծխում, ոչ խմում ենք: Գարեջուր ու սուրճ էլ չենք խմում:

- Գերմանիայում տարբեր ընկերություններ եք գովազդում: Հայաստանում, նկատել եմ, Յունիբանկը: Ինչո՞ւ:

- Եթե չվստահեմ, չեմ գովազդի: Ճանաչում եմՙ լուրջ բանկ է:

- Ի՞նչ կուզենայիք հաղորդել Հայաստանում եւ սփյուռքում ապրող մեր ընթերցողներին, Ձեր հայրենակիցներին, երկրպագուներին, ովքեր մտահոգ են Ձեր ապագայով:

- Բոլորին մաղթում եմ առողջություն: Իսկ ես գոնե մի տոկոսով կաշխատեմ ուրախացնել հայրենակիցներիս, երկրպագուներիս:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4