«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


«ՍԻՐԵԼԻ ԴԱՏԱՎՈՐ-ԴԱՏԱԽԱԶՆԵՐ, ՀԱՐԳԵՔ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության նախագահ Քերին Ջ. Մեթիսը եռօրյա այցելությամբ պատվել է Հայաստանը: Նրա այցելության նպատակն է ստուգել իրենց կազմակերպության աջակցության իրական արդյունքները: Հայաստանի փաստաբանների միությանն արված աջակցության մասին «Ազգին» պատմում է փաստաբան Մելանյա Առուստամյանը: «Նրանք շտեմարաններ են կազմել` ստեղծելով նաեւ դրանց համապատասխան համակարգչային ծրագրերը: Ապա դրանց հիման վրա փաստաբանների քննություն են իրականացրել: Այդ քննությունների շնորհիվ համալրվել է փաստաբանների թիվը երկու հարյուրով: Այս երեւույթը հատկապես կարեւոր է նրանով, որ փաստաբանների պալատը հին կառույց է` դարն ապրած փաստաբաններով: Նրանք օգնեցին, որ փաստաբանական կառույցը երիտասարդանա ու ամրանա որակյալ փաստաբաններով», ասաց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մ. Առուստամյանը: Հետաքրքրական է, որ փաստաբանների քննությունը մեր զրուցակիցը որակեց բարդ, բայց թափանցիկ, որ իրավական պրակտիկայում եզակի երեւույթ է:

Քերին Ջ. Մեթիսի հանդիպումը հայ իրավաբանական շրջանակների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ երեկ «Գոլդեն փալաս» հյուրանոցի դահլիճներից մեկում: Ներկաները խիստ տպավորվել էին ճաշկերույթի ընթացքում Քերին Ջ. Մեթիսի հնչեցրած ելույթից, որի ժամանակ նա համեմատեց իրավաբանական համակարգի մի շարք բաժինների` դատախազության, դատարանների եւ փաստաբանների աշխատանքային պայմանները: Փաստորեն դատախազությունն ու դատարաններն ունեն շքեղ շենքեր, բայց փաստաբանները տեղակայված են ոչ իրենց սեփականությունը հանդիսացող շենքի առաջին հարկում: Նա դատավորներին եւ դատախազներին կոչ արեց օգնել եւ հարգել փաստաբանությունը, քանզի այս կառույցը մարդու, քաղաքացու իրավունքները, շահերը պաշտպանող հիմնական ինստիտուտն է:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4