«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2006-10-07 | #192, 2006-10-10 | #193, 2006-10-11


ՀԻՄԱ ԷԼ ԱԴՐԲԵՋԱ՞ՆՆ Է «ՎՐԱՑԻ ԳՈՂ ԲՌՆՈՒՄ»

Ռուսաստանում վերջերս վրացական հանցավոր եւ թերեւս ոչ հանցավոր խմբավորումների ձերբակալություններից հետո Բաքվում բնակվող որոշ վրացիներ «Դեյ.ազ» գործակալությանը տեղեկացրել են, որ խստացված ստուգումներ են իրականացվում նաեւ Ադրբեջանում բնակվող վրացիների նկատմամբ, ընդ որումՙ հասարակական տրանսպորտում, մետրոյում, ժամանակավոր գրանցման վայրերում եւ աշխատատեղերում: Նույն գործակալության հավաստմամբ, Ադրբեջանի ներքին գործերի որոշ աղբյուրներ հավաստել են, որ իսկապես ստուգումներ իրականացվում են, բայց դրանք ժամանակավոր բնույթ են կրումՙ այն հիմնավորմամբ, թե Ռուսաստանից «քշվող» վրացի «հեղինակությունները» կարող են հայտնվել Ադրբեջանում:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում քննարկվում է Ռուսաստանի վերաբերմունքը Վրաստանի հանդեպ այն մոտեցմամբ, թե դրանք «ցուցադրական ելույթներ են» Ադրբեջանի եւ Հայաստանի համար: Ավելին, Ռուսաստանի հակավրացական տրամադրություններն ու գործողությունները մեկնաբանվում են որպես Ռուսաստանի ներքին բարդ իրավիճակից ուշադրությունը շեղելու փորձեր:

Ամեն դեպքում, ըստ ադրբեջանցիների, հարկ է դասեր քաղել Ռուսաստանիՙ Վրաստանի հանդեպ վարած քաղաքականությունից, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն այնպիսի աջակցություն չեն ստանում, ինչպիսին ունի Վրաստանը: Հետաքրքրական է, որ այս համատեքստում վրացատյացություն որակվող ռուսական քաղաքականությունն, ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, այնքան էլ հավանականություն չունի դառնալ հայատյացություն, մինչդեռ ադրբեջանցիների հանդեպ բացասական վերաբերմունքը կարող է մեծանալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4