«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2006-10-10 | #193, 2006-10-11 | #194, 2006-10-12


«ԱՊՐԻ ԻՄ ՈՐԴԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՔԱՀԱՆԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԱԶԳԻ ԵՎ ԱԼԼԱՀԻ»

2006 թ. փետրվարի 5-ին Տրապիզոնի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցում կիրակնօրյա ժամերգությունից հետո աղոթքի պահին ատրճանակի երկու կրակոցով սպանվել էր քահանան` Անդրեա Սանտորոն: Ձերբակալված մարդասպանը կանգնել էր դատաստանի առջեւ: Հոկտեմբերի 9-ին ավարտվել է դատավարությունը: Դատարանը նախ որոշել է ցմահ բանտարկել մարդասպանին, ապա դատապարտել է 18 տարի 10 ամիս ազատազրկման, նկատի ունենալով, որ նա դեռ 18 տարեկան չկա:

Թուրքական մամուլը խուսափում է նշել մարդասպանի անունը, որ դեռեւս հաճախում էր միջնակարգ դպրոց: Սակայն փոխարենը նշում է, որ դատավճռի հրապարակումից հետո նրա մայրը` Նեջմիեն լրագրողներին ասել է. «Կեցցե իմ որդին, նա կարող է ոչ միայն 18, այլ 20 տարի բանտարկվել, որովհետեւ բանտարկվում է մեր պետության եւ մեր ազգի համար: Նա հանուն Ալլահի է բանտարկվում, հետեւաբար չեմ հանդիմանում նրան»: Մարդասպանի ավագ եղբայր Ալին հավելել է իր մորը. «16 տարեկան երեխային դատապարտում են 18 տարվա բանտարկության: Ողջ-ողջ թաղում են եղբորս: Այս գործը սրանով չի ավարտվելու»:

Արդարությունը պահանջում է ասել, որ թուրքական կենտրոնական թերթերը, մասնավորապես «Հուրիեթը», «Միլիեթը», «Ռադիկալը» եւ իսլամամետ «Ենի շաֆաքը» խստագույնս դատապարտել են մայր կոչված այս տականքին: Համեմատության կարգով նշենք, որ հակալիբանանյան պատերազմի օրերին հրեա մայրերն էլ ռազմաօդային բազա էին տանում իրենց երեխաներին, մակագրելու համար հրթիռների վրա. «Նվեր իսրայելցի երեխաներից լիբանանցի երեխաներին»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4