Երեկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը լրագրողներին հրավիրել էր ճեպազրույցի, իր իսկ բնորոշմամբ, մի մտահոգիչ հարցի առիթով: Իսկ մտահոգության առիթը երրորդ ժամկետով նախագահի պաշտոնում իր առաջադրվելու վերաբերյալ շրջանառվող լուրերն էին, որոնք հիմնականում կապվում են ապագա սահմանադրության հետ:
Դրանք անվանելով ուղղակի հերյուրանքներՙ նախագահը կարեւորեց երկու սկզբունքային հանգամանքներ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ պետության վարկանիշը եւ սահմանադրության հիմնարար նշանակությունը մեր երկրի կյանքում:
- Որպես քաղաքական գործիչ եւ քաղաքացի, ինձ համար չկա ավելի կարեւոր նպատակ, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ իրավական պետության կառուցումը: Նախագահի պաշտոնում իմ գործունեության բոլոր տարիներին, իսկ մինչ այդ էլ որպես արտաքին գործերի նախարար, ձգտել եմ ու շարունակում եմ ձգտել իմ ուժերի, հնարավորությունների, գիտելիքների ու փորձի չափով արագացնել այդ գործընթացները: Դուք ականատեսն եք, թե ինչքան դժվար է մեզ համար ժողովրդավարության հաստատումը, ինչ բարդությունների ենք մենք առնչվել քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհին: Ի՞նչ թաքցնեմ, ինձ գոհացնում է այն իրողությունը, որ երկրի համար ճակատագրական մարտահրավերներին մենք դիմակայել ենք մեր ժողովրդի շնորհիվ, որն աջակցել է նախագահի քաղաքական կուրսին: Ես չեմ նահանջել այդ ուղեգծից եւ այժմ էլ համարում եմ, որ այն այլընտրանք չուներ,- հայտարարեց նախագահը:
Ա. Ղուկասյանը հիշեցրեց, որ նախընտրական ծրագրերում խոստացել էր անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ԼՂՀ Հիմնական օրենքի մշակմանն ու ընդունմանը եւ ինքը պարտավորված է զգում մինչեւ իր լիազորությունների ավարտը կատարել ժողովրդին տված խոստումը:
Ափսոսանք հայտնելով, որ իր դիրքորոշումը եւ գործողություններն այս ուղղությամբ առանձին անձանց կողմից միտումնավոր խեղաթյուրվում են, նախագահը վստահեցրեց, որ երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրություն չի ունեցել ու հիմա էլ չունի:
- Եթե նույնիսկ ապագա սահմանադրությունը ինձ նման իրավունք ընձեռի, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, որ ես կօգտվեմ այդ հնարավորությունից: Ինձ համար բարոյական նորմերը նույնքան կարեւոր են, որքան իրավական նորմերը: Ե՛վ որպես մարդ, եւ՛ որպես նախագահ, ես արել եմ ինձնից կախված ամեն բան, որ մեր հասարակության ժողովրդավարացման գործընթացը դառնա անշրջելի: Դա միշտ չէ, որ անվտանգ է եղել: Եվ, ուրեմն, ո՞րն էր իմաստը ամեն ինչ նժարի վրա դնելու պատրաստակամության, եթե այսօր հարցականի տակ պիտի դրվեն այն արժեքները, որոնց հավատարիմ է մեր ժողովուրդը, ստվեր գցվի ԼՂՀ վարկանիշի վրա,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նախագահը նաեւ շեշտեց, որ եթե ինքը կամենար այսուհետեւ էլ զբաղեցնել նախագահական պաշտոնը, ապա տեսականորեն կարող էր ավելի հեշտ ու կարճ ճանապարհ ընտրել` խորհրդարանում համապատասխան օրենքի փոփոխության միջոցով: Ըստ Ա. Ղուկասյանիՙ նման գաղափարով իրեն բազմիցս դիմել են նախորդ եւ ներկա գումարումների Աժ շատ պատգամավորներ, բայց ինքը միշտ դեմ է արտահայտվել, քանի որ այդպիսի մոտեցումը լիովին հակասում է իր սկզբունքներին:
Նա համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը հերթական անգամ աշխարհին ցույց է տալու ժողովրդավարության բարձր մակարդակ եւ օգտագործելու է իշխանության քաղաքակիրթ հերթագայման իրեն տրված հնարավորությունը, ինչը միշտ չէ, որ հաջողվում է իրականացնել հետխորհրդային տարածքի նույնիսկ ճանաչված շատ պետությունների: Այս առթիվ նա իր գլխավոր խնդիրը համարեց ազատ եւ արդար նախագահական ընտրությունների ապահովումը գալիք տարում:
Արկադի Ղուկասյանը վերջում հույս հայտնեց, որ իր այս հայտարարությունը վերջ կդնի ամեն տեսակ մտավարժանքներին, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային վարկանիշը եւ ապակողմնորոշել հանրային կարծիքը` ԼՂՀ սահմանադրության ընդունման իրական նպատակների վերաբերյալ:
ԼՂՀ նախագահի նմանօրինակ հայտարարությունն այնքան անսպասելի էր ԶԼՄ ներկայացուցիչների համար, որ թեմայի շրջանակում նրանց հարցերին պատասխանելուՙ նախագահի պատրաստակամությանը ոչ մի հարց չհետեւեց, ի բացառյալ այն հարցի, թե ինչով է զբաղվելու Արկադի Ղուկասյանն իր լիազորությունների ավարտից հետո: Ա. Ղուկասյանը խոստացավ տվյալ թեմայով առանձին ասուլիս կազմակերպել առաջիկայում: Ակնկալվում է, որ հարցադրումներ սպասվող մամուլի ասուլիսում շատ կլինեն, առանձնապեսՙ կապված հաջորդ նախագահի թեկնածության ու դրանից ածանցվող այլ հարցերի հետ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ