Ազգային ժողովն էլ դեմ չէ նման իրավասություն ունենալուն
Ազգային ժողովի վերջին քառօրյայի օրակարգ չընդգրկված «Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը բարելավվել է եւ երեկ վերջապես դարձավ պահանջվող խորհրդարանական լսումների հիմքՙ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանն ու արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը միասնաբար պնդեցին, որ օրինագիծը նշանակալիորեն բարելավվել է: Փոխնախարարի վստահեցումներից կարելի է կարծել, թե առկա բարելավումներով տարբերակի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրեն ամենայնս պաշտպանված համարել ամեն մի ոտնձգությունից, որը կարող է դրսեւորվել հանուն հանրային գերակա շահի սեփականության օտարման գործընթացում, քանի որ կառավարությունը մտադրություն չունի չարաշահել իր իրավասությունը գերակա շահը որոշելիս, իսկ թե պատահի էլ, ապա անձը, ում գույքի օտարման վերաբերյալ որոշում է կայացվել, իրավունք ունի դիմելու ընդհուպ սահմանադրական դատարան (ՍԴ): Նույն իրավունքը բարելավված տարբերակով վերապահվում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանին, պատգամավորներինՙ 1 հինգերորդ ձայներով, անցումային փուլից հետոՙ նաեւ ՀՀ նախագահին: Թվարկվածն, ըստ Գեւորգ Մալխասյանի, մեծապես սահմանափակում է գերակա շահը որոշելու կառավարության իրավունքի չարաշահման հավանականությունը եւ «մեծ մտավախություն էլ չկա»:
Մտավախության չափից անկախ, Ռաֆիկ Պետրոսյանը կարեւորում է օրենքի հնարավորինս շուտ ընդունումը, քանի որ այդ դեպքում արդեն իսկ դրսեւորված ապօրինություններից տուժածները, ըստ նրա, հնարավորություն կստանան գոնե մասնակիորեն վերականգնելու իրենց իրավունքները, իսկ նոր սկսվելիք գործընթացներն էլ կկարգավորվեն քիչ թե շատ բարելավված օրենքով: Ներկայում խնդրի կարգավորման օրենսդրական դաշտը բաց է, քանի որ ՍԴ համապատասխան սահմանմամբ մինչ հոկտեմբերի 1-ը պետք է նոր օրենք ընդունվեր, ինչը նշանակում է, որ նախկինները գործում էին մինչ նշված ժամկետը: Մինչդեռ. «հարցը ձգձգվեց, նիստը սկսելուց երկու ժամ առաջ պետք է պետաիրավական հարցերով հանձնաժողովը եզրակացություն տար, ինչը չհասցրեցինք, ուստի հոկտեմբերի 23-ին է նախատեսվում մտցնել օրակարգ, որպեսզի առաջին ընթերցում անցնի», պարզաբանեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա գնահատմամբՙ նախագծի ամենից կարեւոր բարելավումը նախկինում դատարանների կայացրած վճիռներին չանդրադառնալու մասին 18-րդ հոդվածի վերացումն է, բայց պակաս կարեւոր չէ նաեւ համարժեք փոխհատուցման դրույթի առկայությունըՙ գույքի շուկայական գնի եւ դրա 15%-ի չափով նաեւ հողի, տվյալ բնակավայրի տարածքում բնակարանի տրամադրմամբ: Գույքի օտարումից հետո սեփականատերը երկու ամիս օգտագործելու իրավունք է ստացել նախկին մեկ ամսվա փոխարեն: Գույքի գնահատումը պետք է կատարվի «Անշարժ գույքի գնահատման» մասին օրենքով, իրացման գոտում գտնվելն ու օտարման նպատակը չպետք է անդրադառնան գնի սահմանման վրա: Իսկ օտարման ենթակա է ցանկացած գույք եւ ոչ միայն պետության ու համայնքի, այլեւ կազմակերպության կողմից: Վերջինը արդարադատության փոխնախարարի բացատրությամբ կոռուպցիոն ռիսկերի եւ ժամկետների կրճատումից զատ նաեւ կնպաստի գույքը հնարավորին բարձր գներով օտարելուն:
Խորհրդարանականներն ընդգծեցին որոշ հարցերում գերակա շահի որոշման իրավասությունը Ազգային ժողովին թողնելու անհրաժեշտությունը, բայց փոխնախարարից ի պատասխան լսեցին. «ԱԺ-ին նման լիազորություն սահմանադրությամբ չի տրված, ոչ էլ այլ մարմնի: Հիմք ենք ընդունել սահմանադրության 85-րդ հոդվածի առաջին մասը, որում ասված է. «կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի: Ըստ էության այս լիազորությունը վերաբերում է կառավարությանը եւ նախագծում նշել ենք, որ գերակա հանրային շահի փաստը որոշելու է կառավարությունը»:
Ամեն դեպքում օրինագիծը դեռեւս քննարկվելու է ԱԺ-ում:
Ն. Պ.