«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2006-10-10 | #193, 2006-10-11 | #194, 2006-10-12


ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Այսօր կառավարության ընդունելությունների տանը բացվում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 27-րդ համաժողովը, որին մասնակցում են 46 երկրների ներկայացուցիչներ: Երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Եվրոխորհրդի իրավական հարցերով գլխավոր տնօրեն Գի դե Վիլը համատեղ ասուլիս էին հրավիրելՙ համաժողովի մանրամասներ եւ ակնկալիքներ ներկայացնելու:

«Տուժողներՙ կարգավիճակը, իրավունքները եւ օժանդակությունը» թեմայով 2-օրյա համաժողովի նպատակն է տուժողներին աջակցելու եւ ադմինիստրատիվ գործընթացներից եւ բյուրոկրատիայից պաշտպանելու նոր ճանապարհներ գտնել: Համաժողովն անդամ երկրներում առկա իրավիճակի, փորձի եւ թերությունների վերանայման հնարավորություն կտա: Դավիթ Հարությունյանի խոսքերովՙ համաժողովից Հայաստանի ակնկալիքները հիմնականում կապված են փորձի փոխանակման հետ: «Պետք չէ կրկնել ուրիշների սխալները», համոզված է նախարարը:

Եվրոխորհրդի իրավական հարցերով գլխավոր տնօրեն Գի Դե Վիլը տեղեկացրեց, որ համաժողովում կկենտրոնանան ընտանեկան բռնության զոհերի խնդրի վրա, կփորձեն նրանց դրամական աջակցության մեխանիզմներ մշակել: Մեր երկրում ընտանեկան բռնության կոնկրետ թվեր պրն Վիլը չգիտե, սակայն համոզված է, որ կանխարգելումն անհրաժեշտ է:

Դավիթ Հարությունյանի դիտարկմամբՙ Բելգիան, Գերմանիան, Ավստրիան իսկապես առաջընթաց երկրներ են տուժողների իրավունքների պաշտպանության եւ փոխհատուցման մեխանիզմների մշակման առումով, եւ նրանց փորձը հույժ կարեւոր է մեզ համար: Ինչ վերաբերում է ընտանեկան բռնություններին, «եթե 21-րդ դարում կարելի է հասկանալ տարբեր հանցագործություններ, որոնց նպատակը ֆինանսական եկամուտ ստանալն էՙ կողոպուտ, ավազակություն եւ այլն, ապա ընտանեկան բռնությունն այսօրվա հասարակության համար անհարիր է: Այստեղ տուժողներն էլ առավել անպաշտպան են, քանի որ նաեւ ընտանիք է քանդվում», ասաց Դ. Հարությունյանը: Մեր երկրին հետաքրքրում է եվրոպական երկրներում միջնորդական հաշտարարության գործընթացի փորձը: Այդ երեւույթը որպես կանոն կանխում է նաեւ հետագա հանցագործությունը:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4