Հայաստանն այս ոլորտում մրցունակ է նորարարությամբ
«Տնտեսական ուղեծիր» ծրագրի շրջանակներում Մամուլի ազգային ակումբը երեկ հյուրընկալել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» նախագահ Բագրատ Ենգիբարյանին եւ WebOS2006 (Web Open Source) կազմակերպչական կոմիտեի նախագահ Հովհաննես Ավոյանին: Թեման տեղեկատվական տեխնոլոգիաների մեկամսյակի շրջանակներում եւ, ըստ էության, որպես ավարտական ակորդ կազմակերպված առաջին համահայկական 24-ժամյա օնլայն Web Open Source ծրագրավորման մարաթոնն էր, որ կկայանա հոկտեմբերի 14-ին:
Մարաթոնի կազմակերպիչներ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն» ու Open soft Consult ընկերությունները այս միջոցառման իրականացմամբ հետապնդում են հիմնականում երկու նպատակ: Ըստ Հովհաննես Ավոյանի, այս կերպ հնարավոր է աշխարհին ցույց տալ, թե Հայաստանը որքան տաղանդավոր երիտասարդներ ունի եւ ինչպիսի հետաքրքրական աշխատանքներ են կատարվում: Բացի այդ, մարաթոնը հնարավորություն կտա բացահայտելու տաղանդավոր երիտասարդներին եւ նրանց մատչելի դարձնել գործարար ընկերությունների համար:
Ամեն դեպքում, Ավոյանի մատուցմամբ, այս մարաթոնը հավանաբար աշխարհում նմանօրինակը չունեցող միջոցառում է` իր նորարարությամբ: Բաց կոդով ծրագրավորման մրցություններ են անցկացրել հայտնի Google եւ Yahoo համակարգերը տիրապետող ընկերությունները, սակայն դրանցից եւ ոչ մեկը չի եղել օնլայն ռեժիմով: Մարաթոնին մասնակցությունը պահանջում է նորարարական տեխնոլոգիաների լավ իմացություն web տեխնոլոգիաների հիմքով` ինչպես խմբերով, այնպես էլ անհատապես: Հետաքրքրական է, որ աշխարհում առաջատար ՏՏ լրատվամիջոցների ընկերություն Sys-Con Media-ի ինտերնետային կայքէջում տպագրվել է հոդված առաջին հայկական Web Open Source ծրագրավորման մարաթոնի մասին, որը Հայաստանի ՏՏ ոլորտի տաղանդներին աշխարհին ներկայացնելու բացառիկ հնարավորություն է:
Այսօր լրանում է բաց կոդով (Open Source) 24-ժամյա ծրագրավորման մարաթոնին մասնակցելու համար համանուն կայքէջում գրանցվելու ժամկետը: Մրցույթն սկսելուց առաջ մասնակիցներին կտրվեն առաջադրանքներ` ստուգելու մասնակիցների հմտությունները: Մրցույթը կտեւի 24 ժամ, հաղթողները կպարգեւատրվեն, մրցանակային հիմնադրամը կազմում է 1 200 000 դրամ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ, ՏՏ «Մեկ ամիս ապագայում» խորագրով մեկամսյակը բավականաչափ հաջող է անցել, ստորագրվել են նոր պայմանագրեր, ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: Ենգիբարյանը հատկապես ընդգծեց ՏՏ միջազգային կոնֆերանսը եւ ՏՏ միջազգային ցուցահանդեսը:
Պատասխանելով միջազգայնորեն եւ ինտերնետում Հայաստանի ներկայացվածության մասին լրագրողների հարցերին` WebOS2006 (Web Open Source) կազմակերպչական կոմիտեի նախագահ Հովհաննես Ավոյանն ուղղակի ասաց. «Շատ վատ»: Հայկական սայթերն աշխարհի համար տեսանելիության առումով շատ տխուր պատկեր են ներկայացնում: Դրանք մեծապես շատ դանդաղ են, ինչը գործնականում հավասար է չգոյությանը: Ավոյանը մեր իրականության համար հիրավի մի գիտաֆանտաստիկ ցուցանիշ նշեց, որ սովորական է արտերկրում. եթե որեւէ կայքէջ բացելու համար պետք է սպասել 8 վայրկյանից ավելի, ուրեմն արդեն անիմաստ է բացելը: Ամեն դեպքում, այս ամենի պատճառն առաջին հերթին մեր ինտերնետային հեռանկարները տարիներ շարունակ աղավաղած «Արմենտելի» անգործությունն է, այսինքն` անորակ ու դանդաղ ինտերնետ կապը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցունակությանն ու մեր կայքէջերի բովանդակությանը, ապա մեզանում ավելի մեծ արժեք ու տարածում ունի նորարարական մոտեցումներ ցուցաբերելու աշխատաոճը, որն արդեն իսկ երկրորդ սերնդի կայքերում է երեւում: Այսինքն` մեր ինտերնետ կայքէջերի բովանդակությունը ունի որակ, որ սակայն մնում է անմատչելի ինտերնետային կապի ցածրորակության պատճառով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ