«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2006-10-10 | #193, 2006-10-11 | #194, 2006-10-12


«ՇԵՐԱՄ» ՀԱՄՈՒՅԹՆ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ Է ԳՈՐԾՈՒՄ

Ավելին լինելու համար օգնություն է հարկավոր, որ դեռ չկա

Էջմիածնում ռեժիսորական բաժինն ավարտած Ռշտունի Մնացականյանն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է Արտաշատի Համո Խարազյանի անվան թատրոնում: «Սկսնակ դերասան էի, Արարատ քաղաքի կուլտուրայի տանն էլ գեղմասվար էի աշխատում, ռեժիսոր, եւ զուգահեռ նոր էի ընդունվել Հայհամերգում որպես հաղորդավար: Բանակից հետո զգացի, որ Հայաստանում տիրող բյուրոկրատական այդ վիճակին չեմ հարմարվում, ու լսած լինելով, որ Ռուսաստանում կարելի է արդարություն գտնել, մեծ եղբայրներս էլ այստեղ էին ապրում, 1981 թ.-ին եկա Կրասնոդար հյուր»:

Ռշտունու պատմությունն այնուհետեւ զարգացել է քիչ թե շատ կանխատեսելի սցենարով: «Ինձ այստեղ ավելի շատ դուր եկավ, տարբերություն կար Հայաստանի հետ, կարող էի գոնե իմ ստեղծագործական ճանապարհը շարունակել եւ ինչ-որ արդյունքի հասնել: Այստեղ խարիսխներ գցեցի: 1983 թ.-ից սկսեցի աշխատել Կրասնոդարի մշակույթի բնագավառում, սկզբում շրջանի կուլտուրայի տանն էի, հետո տեղափոխվեցի քաղաք` թղթի կոմբինատի մշակույթի տուն»:

Այդ ժամանակ էլ այնպես ստացվեց, որ ճիշտ ժամանակն էր խումբ ստեղծելու: «Առաջին քայլերը սկսեցի այդտեղից: Հավաքեցի հայերի, ադրբեջանցի լեզգիների, այլ կովկասցիների եւ ազգագրական խումբ կազմեցի: Մեր երգացանկում ունեինք տարբեր ազգերի երգեր, նույնիսկ պարեր էինք դրել: Հետագայում ավելի շատ հայ երաժիշտների հետ ծանոթացա եւ 1985 թ.-ին կազմեցի զուտ հայերից կազմված խումբ եւ անունը դրեցի «Շերամ»: Այդ ժամանակ աշխատում էի Գորկու անվան զբոսայգում գեղմասվար, եւ խումբը հիմնականում այնտեղ էր ելույթ ունենում: Այդպես սկսվեց մեր հիմնական ստեղծագործական ճանապարհը»:

Հասկանալի է, որ Հայաստանից հեռու եւ այն էլ 80-ականների վերջերին իր գործունեությունը ծավալող «Շերամ» խումբը բազում խնդիրներ ուներ: Եվ երբ 1989 թ.-ին ստեղծվեց հայկական համայնքը, Ռշտունի Մնացականյանն ուրախացավ, որ այդուհետեւ կներկայանան որպես համայնքի ներկայացուցիչներ, որպես համայնքի ինքնագործ խումբ: «Բայց համայնքի երկրորդ նախագահը` Մելքումյանցը, որ տեղացի հայ էր, հայերեն բոլորովին չէր հասկանում, հայ արվեստից հեռու էր: Նա ուղղակի գործունյա մարդ էր: Ես համերգներին աշխատում էի ռաբիսից հեռու մնալ, մի քանի «երաժիշտների» դա դուր չէր գալիս, խնդիրներ առաջացան»: Փորձելով մշակութային գործունեությունը ցածրաճաշակությունից պաշտպանել, սակայն այլ ելք չտեսնելով, Ռշտունին ինքն է հեռանում խմբից:

«Մի քանի տարի զբաղվեցի իմ ընտանեկան ու կենսական հարցերով, հետո երբ Մելքումյանցը արդեն գործ չուներ համայնքի հետ, ընտրվել էր Ռազմիկ Գեւորգյանը, որ ուղղակի հայերեն էր մտածում, ինձ հետ բերեց եւ մինչեւ օրս շարունակում եմ մնալ այստեղ»: Եվ չնայած հայկական երգ ու պարի հանդեպ վերաբերմունքը փոխվեց, բայց խնդիրները մնացին:

«Գործիքային անսամբլում լավ դուդուկահարներ, ակորդեոն, դհոլ նվագող եղբայրներ ունենք, որոնք աշխատել են «Շիրակի մեղեդիներում»: Նրանք բեմի երաժիշտներ են, որոնք սակայն կյանքի բերումով հիմնականում աշխատում են ռեստորաններում, հարսանիքներ ու սգո ծիսակատարությունների ժամանակ են նվագում, բայց տաղանդավոր են ու ճաշակով: «Բացարձակապես չեղած տեղից ենք ինչ-որ բան անում: Պարի մասնագետ էլ չունեինք ու չունենք, ես իմ հիշելով մի քանի պար դրեցի: Ես նաեւ ինքնուս երաժիշտ եմ, երգացանկում ժողովրդական ու գուսանական երգեր մտցրեցինք: «Շերամը» շատ խնդիրներ ունի, նախՙ ղեկավար չունենք, մեզ լավ պարի մասնագետ է պետք, պետք են գործիքներ: Վերջերս երգչուհի Գայանե Ներսիսյանին խնդրելով ենք մի ուդ ձեռք բերել, ես եմ նվագում, պրոֆեսիոնալ չեմ, բայց անսամբլում ժողովրդական կոլորիտ տալիս է»:

Չնայած այս ամենին Կրասնոդարում փորձում են մշակութային ինչ-որ կյանք ունենալ, բեմ բարձրանալ ու պարել, քիչ թե շատ հաղորդակից դառնալ հայ մշակույթին: «Մեկ տարի առաջ ներկայացում դրեցինք` Գեւորգյանի «Կտակը»: Նույնիսկ տեղի հեռուստատեսությունն ու թերթերը գրեցին: Բայց պատկերացրեք, մի փոքրիկ սենյակում են անցկացվել բոլոր փորձերը: Միայն վերջնական փորձն ենք երեք ժամով իրականացրել ավելի լավ պայմաններում: Ամեն դեպքում լավ ստացվեց, արձագանքը իսկապես դրական էր»:

«Վերջերս ինձ ընտրեցին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի կուլտուրայի բաժնի ղեկավար, բայց ցավոք սրտի, ոչ մի հարմարություն, հնարավորություն չունենք: Ես ուզում եմ Կրասնոդարում ստեղծել մշակութային կենտրոն, որ կարողանանք օգնել երկրամասի գյուղերին, քանի որ նրանք ընդհանրապես ոչ մի հնարավորություն չունեն: Ինձ կուլտուրայի ղեկավարի պաշտոնում ընտրեցին հենց դրա համար, որ կարողանանք օգնել, բայց երբ ինչ-որ պահանջ եմ ներկայացնում, դժվարություններ են առաջանում», Ռշտունի Մնացականյանը թեեւ չի սիրում դժգոհել, բայց իրավիճակն իսկապես զարգացմանը չի նպաստում: «Այստեղ` երկրամասի ազգային մշակույթների կենտրոնում 25-30 ազգային համայնքների համույթներ են, մենք ունենք երկու փոքրիկ սենյակ ու վեց ժամ շաբաթը պարապելու հնարավորություն, թեեւ ամենաակտիվը հայ համայնքն է»:

Ամեն դեպքում, խնդիրները չեն հուսահատեցնում: Ռշտունին ու նրա համախոհները սեփական ձեռքերով շորեր են կարում, պարային հագուստներ պատրաստում, բեմական ձեւավորումներ անում, գործիքներ հայթայթում: Այդպես էլ փորձում են հայ մշակույթ, հայ պար ու երգ պահապնել, երիտասարդներին որոշ հայկական ավանդույթների տեղյակ պահել ու սովորեցնել:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4