«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2006-10-10 | #193, 2006-10-11 | #194, 2006-10-12


ԳՈՒՅՆԻ ԹՈՎՉԱՆՔՈՒՄ

«Գաբոնե» պատկերասրահի ներկայիս «բնակիչները» գունագեղ մի ներկայացում են սարքել ակնդրին ի տես: Բնավ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Մատուլյանի նկարչությունը գունային արտակարգ ներդաշնակությունից զատ ուրախության ու անհոգության բացառիկ մի տրամադրություն է պարգեւում: Կտավների շուրջն ասես լույսի հետագծեր ու ծվեններ են պտտվում, օդի մեջ կախարդանքի անտես շրջան գոյացնում: Նկարիչը հրաշալի է տիրապետում գունային նրբերանգներին ու զգում դրանց տրամադրությունները: Դեղինի, դարչնագույնի ու կանաչի տոնայնությունների մեջ ծալ-ծալ հայտնաբերվող գայթակղությունները մոռացության գիրկն են նետում աշխարհն ու նրա հոգսերը: Վերջին երկու տարիների ներկայացված 40 աշխատանքների մեծ մասում իշխում են խաղի տարրերը, մեծ իմաստով` կյանքի թատրոնը: Իր նկարչական մտածողությունը կառուցված է գունապատկերների ու սիմվոլների լեզվով, նշաններ կարելի է տեսնել ամեն նկարի որեւէ անկյունում, որոնցում իմաստային խորհուրդ փնտրել նա խորհուրդ չի տալիս. դրանք հնարված են ու աղբյուր չունեն, անհասցե են` օգտագործված իբրեւ զարդ, օրնամենտ, ինչպես Սուրենյանցի մոտ եթե զարդը էսթետիկ նշանակությամբ է, իր մոտ դրա անհրաժեշտությունն ավելի էական է. «Կոմպոզիցիայի իմաստը զարդն է»: «Դիմակահանդես», «Տոնական օր», «Արեւելյան հեքիաթ», «Չգրված հեքիաթ»` թեթեւ մանկության հուշի թեւին տվող երեւակայական պատկերներ, որոնցում նկարչի ասելով մարդը դեր չունի. չկա ֆորմա, պատմություն, անցյալ, այլ միայն` տրամադրություն` հեքիաթի, միրաժային. «Հեքիաթը փաստացի կարգավիճակ չունի, դու ես հորինում», որ ստեղծագործողի մտքի ազատությունը, երեւակայությունը անսանձելի է դարձնում. գույների թովիչ համակեցությունը կտավներին երաժշտականություն է հաղորդում, նրա ներքին լավատեսությունից սնվում են գունաձեւերն ու պատկերները, որտեղ, այնուամենայնիվ, մարդկային ֆիգուրների ուրվագծերը թաքնվել են ուրախության «խաղի» մեջ: Մնացած թատրոնն անտեսանելի է. «Կյանքն ինքը գնում է դեպի անկում, ինչու արվեստը կրկին հիշեցնի այդ մասին: Չեմ ուզում նկարչությունը հույս տա, ուզում եմ` ուրախացնի: Վայրկյանը տոնի եմ վերածում, որ միջավայր է ստեղծում: Ես միշտ լավատես եմ, դեռ այն խավարի տարիներին: Առհասարակ կյանքը թատրոնի պես է: Երկու հոգի խոսում են, դու եթե ուզում ես, թատրոն կտեսնես, կարող ես մնջախաղ էլ տեսնել կամ էլ` ոչինչ, սովորական առօրյա»:

Իր արվեստը նկարիչը համարում է սիմվոլիկ աբստրակցիա` նրա ստեղծած գունային կոմպոզիցիաները դիտորդին երկխոսության են հրավիրում. «Դիտորդը պետք է դառնա գլխավոր հերոսը: Փարաջանովի ֆիլմերի գլխավոր հերոսը դիտորդն է, դու ես»: Եվ իրոք, սրահի «մենակությունը» փոխհատուցվում է լուսավոր մտաէակների նոր ծանոթություններով..., որին ներդաշնակում կամ լրացնում է լսվող երաժշտությունը, նաեւ` կտավի գույների ներսից. «Բոլոր արվեստներից ամենաշատը երաժշտությունն է կապված տիեզերքի հետ: Արտահայտվելու բարձրագույն սիմվոլը գույնն է, հնչյունը: Սիրում եմ Բրամս, Ռախմանինով, Խաչատրյան, հայ նկարիչներիցՙ Սուրենյանց, Կոջոյան, ժամանակակիցներիցՙ Մարինե Դիլանյան: Նա ոնց որ նկարում, այնպես էլ ապրում է»:

«Գաբոնե» պատկերասրահում աշնանային գույների վալսը պտտում է կյանքի հեքիաթը` հնչյունի ճախրանքով, պահը վերածելով տոնի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4