«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2006-10-10 | #193, 2006-10-11 | #194, 2006-10-12


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԹԵՈԴԻԿԻ «ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ» ՇԱՐՔԻ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի առաջին օրերին, Հալեպի «Կիլիկիա» հրատարակչատնից լույս տեսավ անխոնջ բանասեր Թեոդիկի` 1907-1929 թվականներին լույս ընծայած «Ամէնուն տարեցոյցը» տարեգրքի Բ. հատորի վերահրատարակությունը (Ա հատորը վերահրատարակվել էր այս տարվա հունիսին): Բնագիրը կրում է 1908 թվականի նշումը:

Տեղին է նշել, որ 19 հատորանոց այս շարքը վերահրատարակվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի նախաձեռնությամբ, հիմնարկության հիմնադրման 50-ամյակի առթիվ, որպես մի մասը հիմնարկության հայկական մատենաշարի:

Ա-5 չափսի ԺԶ+ 398 էջ ծավալով Բ հատորի վերահրատարակությունն սկսում է շարքի վերահրատարակման խմբագրի, հալեպահայ երիտասարդ մտավորական Լեւոն Շառոյանի «Երկու խօսք»-ով, ուր տեղեկություններ են տրվում վերահրատարակության մասին: Հաջորդում են Ա հատորի վերահրատարակման առթիվ Ռոպեր Հատտեճյանի («Մարմարա», Պոլիս), Շահանդուխտի («Ազդակ», Բեյրութ) եւ Պեպո Սիմոնյանի («Արարատ», Բեյրութ) արձագանքները:

Բ տարեգրքի ծավալը 376 էջ է: Շարքի մյուս հատորների նման, Բ հատորը եւս հրատարակության է տրվել «Պոլիս տպուած բնօրինակին լուսանկարչական վերարտադրութեամբ, կատարելապէս պահպանելով տպագրական հարազատութիւնը» (Լ. Շառոյանի «Երկու-խօսք»-ից): Նախորդ հատորի նման, հավելվածի կարգավիճակով լույս են տեսել տարեգրքում հիշատակված անձնանունների եւ տեղանունների ցանկեր, որոնք բծախնդրությամբ կազմել է վերահրատարակության խմբագիրը:

«Ամէնուն տարեցոյցը»-ի արժեւորումը հիանալիորեն կատարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` Ա հատորի վերահրատարակության սկզբում տպագրված իր «Օրհնութեան խօսք»-ում. «Ամէնուն տարեցոյցը» պարզ հանրագիտարան մը չէ, այլ 1907-1929 երկարող շրջանի մեր կեանքի ամբողջական հայելին է` իր մութ ու լոյս երեսներով», որը «երբեք չէ կորսնցուցած իր թարմութիւնն ու այժմեականութիւնը»:

Ջերմորեն ողջունելով «Ամէնուն տարեցոյցը» կոթողային շարքի վերահրատարակությունը, հույս ենք հայտնում, որ շարքի հատորները բավարար քանակությամբ կտրամադրվեն աշխարհի ու հատկապես ՀՀ-ի հայագիտական կենտրոններին եւ գրադարաններին` դրանով նպաստելով այս պատմաբանասիրական գանձը եւ ուսումնասիրողներին ու ընթերցասեր լայն հասարակությանը հասանելի դարձնելու նպատակին:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4