Ծնունդով վանեցի անվանի գրող Գուրգեն Մահարու գործերը թանկ ու հարազատ են ընթերցողներին եւ նրա երկրպագուներին: Իսկ նրա «Այրված այգեստաններ» վեպը տպագրվել է 1966 թվականին ու մեծ վեճերի առիթ տվել: Գրքում պատկերված է Վանի ու Այգեստանի դեպքերը, ջարդ ու գաղթ, դրանց հետեւանքները:
Երեկ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը բացելով միջոցառումը, որը նվիրված էր Գ. Մահարու «Այրված այգեստաններ» գրքի 40-ամյակին, բարձր գնահատեց գրողի թողած ժառանգությունը եւ կարեւորեց այն, որ դարակազմիկ վեպը իր ուրույն տեղն ունի մեր արձակում եւ գրողը իր պատգամը թողեց մեր ժողովրդին վտանգի պահին միասնության ու համախմբվածության կոչելով: Գրքերը հաճախ կրկնում են մարդկանց ճակատագրերը, ինչպես Մահարին Գուլակներ գնաց, այնպես էլ «Այրված այգեստաններ» գիրքը ենթարկվեց միջնադարյան ինկվիզիցիայի ու այրվեց 60-ականներին: Երկար տարիներ բանասիրության դոկտոր Ալմաստ Զաքարյանը խնամքով պահել էր հրաշքով փրկված կիսաայրված գրքից մեկ օրինակ, որն էլ սիրով նվիրեց տիկին Անտոնինա Մահարուն որպես սուրբ մասունք ապագայում Գուրգեն Մահարու թանգարանի համար: Գրողի անցած ուղու ու ստեղծագործությունների մասին խոսեցին ՀԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, Վասպուրական հայրենակցական միության պատվավոր նախագահ, ամենատարեց վանեցի Վարազդատ Հարությունյանը եւ ուրիշներ:
Ժամանակները փոխվում են, սակայն արժեքավոր գործերը վաղ թե ուշ գնահատվում են ու դառնում սեղանի գիրք, փաստավավերագրական նյութ, ինչպիսին է Գուրգեն Մահարու «Այրված այգեստանները»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ