«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2006-10-10 | #193, 2006-10-11 | #194, 2006-10-12


ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱԼԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՈՐՈՇՎԻ ՈՒՐԲԱԹ

Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկել-չզրկելու հարցը կորոշվի միայն ուրբաթ օրը կայանալիք արտահերթ նիստում, որի հրավիրման որոշումը կկայացվի այսօր, կառավարության նիստում: Ազգային ժողովն իր որոշումը կայացնելու է փակ գաղտնի քվեարկությամբ, քվեաթերթիկներ նետելով քվեատուփը, որոշման համար անհրաժեշտ 66 ձայնով ապահովվող քվորումով:

Ըստ լրագրողներին հասած տեղեկությունների` այդ հարցի առթիվ նախագահ Քոչարյանը խորհրդակցել է քաղաքական ուժերի հետ, թե հատկապես ինչ է քննարկվել այդ խորհրդակցության ժամանակ`անորոշ մնաց:

ԱԺ եւ ընդդիմադիր ու իշխանական խմբակցությունների պատգամավորները դեռեւս կողմնորոշված չեն իրենց դիրքորոշումներում` քանի որ լիարժեք տեղեկատվության չեն տիրապետում պատահածի վերաբերյալ: Նրանցից շատերը մամուլի վարկածներին են ծանոթ միայն եւ միանշանակ չեն ընդունում պաշտոնական վարկածները: ՀՀԿ խմբակցության անդամները եւս ( Հ. Հակոբյանը վերջերս հանրապետական էր դարձել, թեեւ «Ժողպատգամավոր» խմբի անդամ է) չեն կողմնորոշվել. «Այդպիսի դեպքերում շահարկումներ շատ են լինում, բոլոր հարցերի պատասխանները հնարավոր կլինի ունենալ, երբ հետաքննությունն ավարտվի եւ գործը մտնի դատարան», լրագրողներին ասաց ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը: «Արդարությունից» Ստեփան Զաքարյանն էլ այսպիսի տեսակետ հայտնեց, «Ո՞վ իմանա` գուցե Հակոբ Հակոբյանը ինքնապաշտպանության նպատակո՞վ է դիմել ինչ-ինչ միջոցների...»: Ամեն ինչ փաստորեն կախված է լինելու դատախազի հիմնավորումներից եւ ԱԺ պատգամավորների... դիտողականությունից: Ամեն դեպքում նրանք են որոշելու Հակոբ Հակոբյանի կալանման խնդիրը:

Ըստ գործող օրենսդրության, երեկ երեկոյան ժամը 11:40-ից, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, Հակոբ Հակոբյանը պետք է ազատ արձակվեր: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հետկեսօրին լրագրողներին ասել էր, որ Հակոբ Հակոբյանը «մի քանի ժամից կլինի ազատության մեջ եւ անձամբ բացատրություններ կտա»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4