Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համոզված է, որ Անդրկովկասը աշխարհի ամենառազմականացված տարածաշրջանն է, որը զինվում է ոչ միայն սեփական, այլեւ արտաքին ուժերով (նկատի ունի հիշյալ տարածաշրջանի երկրներում այլ երկրների ռազմաբազաների ներկայությունը): Պրն Շիրխանյանի խոսքով, ռազմականացվածության իմաստով Անդրկովկասը 2,5 անգամ գերազանցում է Մերձավորարեւելյան եւ Բալկանյան տարածաշրջաններին: Այս մասին պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված «Քաղաքական զարգացումները Կովկասում եւ Հայաստանի անվտանգության խնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ լրագրողների հետ զրույցում: Կլոր սեղանին մասնակցում էին փորձագետներ, ՀՀ-ում դեսպանությունների, կուսակցությունների, որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ռազմականացված Անդրկովկասը, որի զինման համար, պրն Շիրխանյանի համոզմամբ, պատրաստվում են տարածաշրջանի բոլոր երկրները, նման է վառոդի տակառի, որը ամեն վայրկյան կարող է պայթել եւ վերածվել ռազմական թատերաբեմի: Այս իրավիճակին զուգահեռ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական ծրագրերի բախման կիզակետ, պաշտպանության նախկին փոխնախարարը կարեւորում է Հայաստանի անվտանգության համակարգի ուղենիշների վերանայումը: Մեր երկրի արտաքին հստակ քաղաքականությունը պրն Շիրխանյանը խորհուրդ է տալիս ուղղել դեպի Եվրազեսի կամ Շանհայի ռազմավարական կազմակերպությունները, հակառակ դեպքում ամեն անգամ դեպի մեկ ուժը թեքվելը, Շիրխանյանի համոզմամբ, Հայաստանի նկատմամբ անվստահություն է առաջացնում:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայ-ադրբեջանական բանակների մարտունակությունը համեմատելու հարցին պատասխանելիս նշեց, որ պատերազմելու պատրաստ են երկու կողմերն էլ, որովհետեւ երկուսի բանակներն էլ մարտունակ են: Պատերազմի հնարավոր վերսկսում փոխնախարարն այնքան էլ հակված չի ակնկալել, քանի որ, նրա կարծիքով, դրան կխոչընդոտեն միջազգային ուժերը, իսկ սկսվելու դեպքում էլ փոխնախարարը համոզված է, որ նախորդի համեմատ շատ կարճ կտեւի: Ինչ վերաբերում է ռուս-վրացական լարվածությանը, Շիրխանյանը կարծում է, որ պատերազմի դեպքում Հայաստանը կորցնում է աշխարհի հետ ամենակայուն հաղորդակցության ճանապարհները, որը շատ ծանր հետեւանքներ կունենա:
Ի դեպ, սահմանների մասին. ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Արամ Հարությունյանը համոզված է, որ մեր երկիրը պետք է նրբորեն եւ շատ զգույշ, բայց զբաղվի սահմանները բացելու հարցով: Նա նշեց, որ շրջափակումից դուրս գալը շատ կարեւոր է մեզ համար` հատկապես այն պարագայում, երբ մեր երկիրը «բացահայտ եւ հետեւողականորեն» դուրս է մնում տարածաշրջանային բազմամիլիարդանոց ծրագրերից: «Իսկ մեկուսացած երկիրը ոչինչ չունի կորցնելու եւ առաջիկա տասնամյակներում նման պետությունն ընդունակ է քաղաքական անկանխատեսելի վարքի», նշեց քաղաքագետը` հավելելով, որ նման պարագայում երկրի իշխանություն կարող են գալ ծայրահեղ կամ կորցնելու ոչինչ չունեցող մարդիկ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ