«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2006-10-11 | #194, 2006-10-12 | #195, 2006-10-13


ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ... ԲԻԶՆԵՍԸ

Եթե Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը (ես չօգտագործեմ Ճոյտ բառը) արդեն մեզ հայտնի աղմուկի մեջ մտներ իսկական պատգամավորին արժանի օրենսդրական մի ժողովրդանպաստ խնդիր լուծելու համար, ես կհասկանայի նրա զայրույթն էլ, անգամ ատրճանակ օգտագործելու ցանկությունն էլ: Բայց ինչի՞ հետ է կապված այդ վեճը` բիզնեսի: Բիզնես, որի իրավունքը չունի պատգամավորը: Բիզնես, որի մասին այդ նույն պատգամավորը, Դուբայի հետ կապված, հպարտությամբ եւ անթաքույց ասում էր. «Այո, ես հաճախ եմ Դուբայ գնալ-գալու, որովհետեւ ես այնտեղ բիզնես ունեմ»: Սա լրագրողներին ասվում էր հանդիմանանքով, թե` ի՞նչ եք խցկվում իմ կյանքի մեջ:

Միտք ունի՞ պարոն Հակոբյանին եւ իր նման շատ շատերին բացատրել, թե այդ մենք չէ, որ խցկվում ենք, այդ երկրի հիմնական օրենքն է ձեզանից պահանջում հարգել իրեն. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ» (Հոդված 65):

ԱԺ ղեկավարությունն իհարկե այդպիսի «մանր բաներով» զբաղվելու ոչ ժամանակ, ոչ էլ հավես ունի, թե չէ ինչպե՞ս հասկանալ, ասենք, «Գրեյթ վելլի» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանյանի պահվածքը, որը երկար, շատ երկար ընդմիջումից հետո, երբ հայտնվում է ԱԺ-ում, լրագրողների «ի՞նչ էիք անում» հարցին, պատասխանում է. «Զբաղված էի կրթությամբ. անցել եւ վերջացրել եմ «հիմնական ստացիոնար կուրսերը»:

Աստված իմ, ուրեմն մենք պատգամավոր ենք ընտրում, որ մեկ ու կես տարի իրեն հեռու պահի իր հիմնական զբաղմունքից եւ զբաղվի իր կրթությամբ: Միջազգային բիզնեսի այդ պատվավոր դոկտորին, որ նախընտրական օրերին իր ընտրողներին տված խոստումները մի կողմ է դրել, հարկատուներիս հաշվին էլ ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, հիմա նոր-նոր պիտի բացատրենք, թե ինչ բան է պատգամավորը եւ թե ինչ պարտավորություններ ունի: Ուշ չէ՞: Միտք ունի՞ հիշեցնել, որ պատգամավոր բառը եբրայերեն նշանակում է հրեշտակ: Եթե հրեշտակը Աստծու պատգամներն է բերել հավատացյալ ժողովրդին, ապա մեր օրերի հրեշտակը (մեղա Աստծու) ժողովրդի խոսքը պիտի տանի ԱԺ եւ կոչված լինի ու կոչված մնա օրենսդրությամբ զբաղվելու` ի պաշտոնե եւ կոչումե: Թե՞ նա եւ իր նմանները «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով» (Հոդված 66) սահմանադրության դրույթն ընկալել են որպես իր բիզնեսով զբաղվելու հորդոր:

Հակոբյան, Արզաքանյան, Կարամելի Ալյուրի ի՞նչ իմանամ էլ ինչ ածականներով ու մականուններով պարուրված անտեր ու դուրս ԱԺ: Արդյոք միտք ունի՞ գրել ու գրել, վրդովվել ու անպատասխան մնալ: Ես երբեւէ չեմ խրախուսել իմ գործընկեր լրագրողների կողմից անվայելուչ բառերի օգտագործումը, երբ կոնկրետ հասցեով մերժելի արարքների մասին են գրում: Բայց հիմա, երբ համատարած հիասթափություն է մեր ԱԺ-ի հանդեպ, երբ տեսնում եմ, որ անգամ պատգամավորներն իրենք դրանց չեն պատասխանում, ուրեմն դեռ այնքան էլ անվայելուչ չեն լրագրողների այդ խոսքերը: Զորօրինակ, «այս տխրահռչակ ԱԺ-ն իրեն դուրս է դրել բանականության ու առողջ տրամաբանության բոլոր սահմաններից շարունակում են հլու կամակատարի պես կոճակ սեղմել` շատ հաճախ չիմանալով անգամ, թե ինչի համար: Իրենց համար դա չէ կարեւորը, այլ այն, որ կարողանան ծաղկեցնել սեփական բիզնեսը, սիրուհիներին շռայլ վարձատրեն, կազինոներում ու գիշերային անառականոցներում մշտապես «ներկա» ստանան»:

Սա տպագրվում է թերթում, եւ պատգամավորներից որեւէ մեկը դրան չի արձագանքում, հակաքայլի չի դիմում, փաստարկներ չի բերում, թե, մեղմ ասած, դա մեզ չի վերաբերում: Ուրեմն ի՞նչ է ստացվում, երբ իրենց բիզնեսին վտանգ է սպառնում, ատրճանակն առած վազում են կանխելու այդ վտանգը, միայն թե բիզնեսը չտուժի: Բայց խուլ ու համր են, երբ նախընտրական օրերի իրենց խոստումներն ես (ներողություն) կոխում աչքերը, երբ սահմանադրությունն ես վկայում, ի վերջո, երբ խուփ ականջները բացելու համար ստիպված անվայելուչ բառեր ես օգտագործում: Բա էլ ո՞ւր մնաց նրանց թասիբը: Թե՞ այդ թասիբը ռազբորկաների շրջանակի մեջ է միայն:

«Չկա նրանից ավելի ուժեղ հաղթող, ով կարողանում է հաղթել ինքն իրեն»: Հիշեք այս հորդորը, պարոնայք պատգամավորներ, եւ երբեմն-երբեմն զբաղվեք այն գործով, որի համար խնդրում, աղաչում կամ էլ կաշառում էիք ձեր ընտրողներին: Եթե կաշառքում ծախսած գումարն արդեն հետ եք բերել, գոնե այս վերջին տարում ձեզ մարդավայել պահեք` առաջիկայում 2007 թվականն է: Էլի եք, չէ՞, վիզ ծռելու, Էլի եք, չէ՞, կեղծ ու անդուր ժպիտով խոստումներ տալու:

Վերջաբանի փոխարեն: Ես ուզում էի լավ բան գրել պատգամավորների մասին, բայց վերջիններիս պահվածքն ինձ ստիպեց Չարենց կարդալ.

«Ես ուզեցի երգել գովքը Աստծու,/Երգել փառքը պայծառ սիրո ու հացի./Սիրտս լցվեց բայց չգիտեմ, թե ինչու-/Գորշ օրերի տաղտկությունը երգեցի»:

Սպասենք 2007-ի ԱԺ ընտրություններին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4